Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Զինվորական ծառայության անվտանգության ապահովման տեսանկյունից կանդրադառնանք պահակային ծառայության կազմակերպմանը՝ ներկայացնելով ընդամենը մի քանի դիտարկում, որոնցով առաջնորդվելու դեպքում կնվազեն պահակային ծառայության ԶԾԱ ռիսկերը:

 

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՀոդված 91. «Պահակային ծառայության կատարումը համարվում է մարտական առաջադրանք և անձնակազմից պահանջում է ճշտորեն պահպանել ԿուՊԾ Կանոնագրքի բոլոր դրույթները, ցուցաբերել բարձր զգոնություն, աննկուն վճռականություն և նախաձեռնություն: Պահակային ծառայության պահանջները խախտողները ենթարկվում են կարգապահական կամ քրեական պատաuխանատվության»  ստորաբաժանումում (03.12.1996թ. թիվ 98 ՀՀ օրենք):

ՀՀ օրենքն ամրագրում է, որ պահակային ծառայությունը զորամասում (ստորաբաժանումում) մշտապես իրականացվող միջոցառումների ամբողջություն է, որը նպատակաուղղված է մարտական դրոշների, սպառազինության, ռազմական տեխնիկայի, զինվորական այլ գույքի (ունեցվածքի) պահեստների և ռազմական ու պետական այլ օբյեկտների պահպանությանն ու պաշտպանությանը, ինչպես նաև կարգապահական զորամասում գտնվող զինծառայողների պահպանությանը: Պահակային ծառայությունը զորքերի կենցաղում և գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում և դիտվում որպես մարտական խնդրի կատարում խաղաղ ժամանակ ու նպաստում զորքերի մարտական բարձր պատրաստականության պահպանմանը: Պահակային ծառայության ղեկավարումն իրականացնում են. կայազորում՝ կայազորի պետը, իսկ զորամասում` զորամասի հրամանատարը:

Այժմ պահակախմբի ընտրության և նախապատրաստման առանձնահատկությունների մասին:

Այն զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարները, որոնցից նշանակվում են պահակախմբերը, պատասխանատու են պահակայինների ընտրության և նրանց` ծառայությանը նախապատրաստման համար:

Պահակախմբերում ծառայության համար զինծառայողների ընտրությունն ու նախապատրաստումն առհասարակ սկսվում է նրանց` զորամասի ցուցակներում ընդգրկվելուց և բավարարման բոլոր տեսակների համար հաշվառվելուց հետո:

Զորամասի (ստորաբաժանման) համալրման համար, ինչպես նաև այլ զորամասերից եկած անձնակազմը բազմակողմանիորեն ուսումնասիրվում է հրամանատարների, շտաբների, բուժաշխատողների, հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի կողմից՝ նպատակ ունենալով բացահայտելու այն անձանց, որոնց արգելված է ընդգրկվել պահակային ծառայության մեջ, ինչպես նաև նկատի առնելով տարածքային զինկոմիսարիատների ներկայացրած փաստաթղթերում և ՀԾՔ-ում (հաշվածառայողական քարտերում), ոստիկանության բաժիններից և տարածքային մարմիններից ստացած տեղեկությունները:

Ուսուցման առարկաների թեմաների յուրացումից հետո զինծառայողներից ընդունվում են ստուգարքներ` գնահատման ցուցակներում գրանցելով գնահատականները, և անձնակազմի պահակային ծառայություն իրականացնելու իրավունք տալու համար անցկացվում է հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են. զորամասի շտաբի պետը (նախագահ), զորամասի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալը, բժշկական ծառայության պետը, շտաբի պետի տեղակալը, ֆիզիկական պատրաստության և սպորտի պետը, ստորաբաժանումների հրամանատարները: Ստորաբաժանման հրամանատարը հանձնաժողովի անդամներին ներկայացնում է զինծառայողներին ու նրանց վերաբերող փաստաթղթերը (պահակային ծառայություն իրականացնելու իրավունք ստացած զինծառայողների ցուցակը, գնահատման ցուցակները, ծառայողական բնութագրերը, ՀԾՔ-ում եղած տվյալները և այլն), զեկուցում է բնութագրերի հիման վրա կատարված եզրակացությունները:

Հանձնաժողովը յուրաքանչյուր զինծառայողի թույլտվության վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում` ցուցակում պարտադիր նշելով «Թույլատրվում է (չի թույլատրվում) պահակային ծառայություն իրականացնելու»: Նշվում են նաև ամսաթիվը և հանձնաժողովի անդամների ստորագրությունները` ցուցակի վերջում:

Հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հիման վրա կազմվում է ակտ, զինծառայողի՝ պահակախմբում ծառայելու իրավունքի վերաբերյալ: Զորամասի հրամանատարն ակտը հաստատելուց հետո արձակում է զորամասի շարային մասի հրաման` անձնակազմին պահակային ծառայության թույլատրելու մասին: Այդ հրամանի քաղվածքներն ուղարկվում են ստորաբաժանումների հրամանատարներին, զորամասի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալին և զորամասի բուժկետ:

ՀՀ վերոնշյալ օրենքը հստակ ամրագրում է, որ պահակախմբում ծառայության նախապատրաստումն անցկացվում է 3 փուլով:

Նախապատրաստման առաջին փուլ. պահակախմբերի անձնակազմի ընտրությունն ու բաշխումը պահակակետերի և հերթափոխների միջև պահակակետերի ցուցակի համաձայն` կատարում են անձամբ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարները` շտաբի պետի, հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների, վաշտերի հրամանատարների և ավագների, ինչպես նաև գումարտակի սերժանտական կազմի անմիջական մասնակցությամբ` նկատի առնելով զինծառայողների ծառայության տարին, փորձը, գործնական, բարոյական և ֆիզիկական հատկանիշները, ինչպես նաև պահպանվող օբյեկտի կարևորությունն ու տեղաբաշխումը (դիրքը):

Նախապատրաստման երկրորդ փուլում` (վերակարգին անցնելու նախորդ օրը) ինքնապատրաստության ժամերին (օրվա կանոնակարգով նշված) պահակային ծառայության անձնակազմի և հերթապահ ստորաբաժանման հրամանատարի հետ պահակախմբի տեսական պատրաստության դասարանում ստորաբաժանման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվում է ՀՀ ԶՈՒ Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթների, պահակակետերի ցուցակի, անվտանգության համապատասխան հրահանգների ու պահանջների ուսումնասիրման պարապմունք` պահպանվող օբյեկտների ռելիեֆային էլեկտրաֆիկացված մանրակերտի վրա, ճշտելով պահակակետերի ժամապահների հատուկ պարտականություններն ու գործողությունների տարբերակները, ինչպես նաև պահեստային խմբերի և հերթապահ ստորաբաժանման փոխգործողությունների կազմակերպման հարցերը` պահպանվող օբյեկտների վրա հնարավոր հարձակումը հետ մղելիս:

Պահակապետն անձամբ կազմում է պահպանվող օբյեկտների, հերթափոխի կամ պահակատան վրա հնարավոր հարձակման հետմղման և հրդեհի դեպքում պահակախմբի մարտական հաշվարկը` պահակապետի հրահանգին, զորամասի պահպանության ու պաշտպանության պլանի քաղվածքին համապատասխան: Պահակապետի օգնականը և պահակադիրները, յուրացնելով իրենց պարտականությունները, օգնում են պահակայիններին կողմնորոշվելու այս կամ այն օբյեկտի պահպանության առավել բարդ հարցերում, հարձակման, հրդեհի, աղետների և այլ դեպքերում պահակայինների և ժամապահների գործողություններին վերաբերող հարցերում:

Շարունակելի

 

Գ. ՄԽԻԹԱՐՅԱՆ

բաժնի պետ

գնդապետ