Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՅԴ ՕՐԸ ՄԵՆՔ ՀՈՂԸ ՊԱՀԵՑԻՆՔ
ԱՅԴ ՕՐԸ ՄԵՆՔ ՀՈՂԸ ՊԱՀԵՑԻՆՔ

ԱՅԴ ՕՐԸ ՄԵՆՔ ՀՈՂԸ ՊԱՀԵՑԻՆՔԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, դիրքի ավագ, սերժանտ Գեւորգ Ավետյանը օրերս խրախուսվել է հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման հետախուզադիվերսիոն ներթափանցումը կասեցնելիս ցուցաբերած բարձր մարտական պատրաստության համար:

Զորանոցի միջանցքի խորքից հայտնվում է զինվորը: Ես ներկայանում եմ, շնորհավորում նրան: Սակայն Գեւորգը առանց ոգեւորության միայն գլխով է անում: Մտածում եմ` հավանաբար հոգնած է, նոր է վերադարձել դիրքից: Սկսում եմ հարցուփորձ անել զինվորին ծառայության մասին և գրառումներ կատարել: Մեկ տարուց ավելի է՝ ծառայում է, յոթ ամիս էլ դիրք է բարձրանում: Չգիտի` քանի հարյուր ժամ է հերթապահել: Չի՛ հաշվել: Նախկինում երբեք այդ հենակետ չէր բարձրացել, ոչ էլ առիթ էր ունեցել հակառակորդի ուղղությամբ կրակելու:

 

-Դեպքը պատահեց ժամը երեքին` դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը,- պատմում է զինվորը` առանց իմ հարցին սպասելու:- Հենակետի ավագը դիտարկում կատարելիս երեք կարմիր կետ նկատեց, այսինքն` մարդ, կամ, որ ավելի ճիշտ է, հակառակորդի երեք հատուկջոկատային: Նա շնչակտուր ներս ընկավ գետնատնակ եւ  գրեթե բղավելով ասաց. «Պատրաստվեք, եկել են»:

-Սպասո՞ւմ էիք,- հարցնում եմ լռությունը խախտելու համար:

-Դիրքապահներս միշտ սպասում ենք հակառակորդին, երեւի հենց այդ պատճառով էլ երբեք հանգիստ քնել չի հաջողվում,- շարունակում է զինվորը:- Տեղեկություն ունեինք, թե հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկելու, բայց անկարելի էր հավատալ, որ հենց մեր դիրքն են թիրախավորելու: Կտրուկ զգաստացա: Արագ հանդերձավորվեցի: Այնքան արագ, որ հավանաբար գերազանցեցի սահմանված չափորոշիչը: Վերցրի ավտոմատս ու առաջ պոկվեցի: Զբաղեցնելով նախանշված տեղը` առաջին հերթին, իհարկե, հեռադիտակով ուսումնասիրեցի անտառը, որ ձգվում է մեր խրամատի երկայնքով: Հակառակորդը դիրքավորվել էր 150 մետր հեռավորության վրա: Նրանք մեր նշանառության տակ էին` այդ մասին անգամ չկասկածելով: Ո՞վ կհավատար մի քանի ժամ  առաջ:  Չնայած հատուկջոկատայինների հետ մարտի բռնվելու առումով բոլորս էլ  անփորձ էինք, բայց ամենեւին չշփոթվեցինք: Մեր պատրաստականությունը հիմա է, որ պետք է դրսեւորվեր: Խոստովանեմ` սկզբում խղճահարություն զգացի  հակառակորդի նկատմամբ: Բայց հետո իմ ներսի զինվորը հաղթեց: Եվ կրակեցինք:

Տղաներին այդպիսին երբեք չէի տեսել: Յուրաքանչյուրն ուզում էր կողքինին  պաշտպանել, ուզում էր ընկերոջը ետ պահել` կրակը վերցնելով իր վրա: Մեկն էլ այդ թեժ պահին շուռ եկավ դեպի ինձ, թե` «Դու ձեր տան միակ երեխան ես, էն կողմ գնա, ես կկանգնեմ…»: Ասես մի քանի րոպեների ընթացքում մի քանի տարով մեծացանք:

Հանկարծ կրակոցներ լսեցինք դարանակալած մեր հետախուզական ստորաբաժանման ուղղությունից, որ նշանակում էր` թշնամին գործում է երկու խմբով: Մեր դիմաց դիրքավորված ստորաբաժանումը ակտիվ կրակ էր վարում` ապահովելով մյուս խմբի ներթափանցումը մեր թիկունք: Ե՛վ կռիվ էինք տալիս, ե՛ւ քննարկում` ինչպես օգնել հակառակորդին դեմ հանդիման դուրս եկած մեր զինակիցներին:  Անհնար էր: Դիրքը լքելու իրավունք չունեինք: Ոչ էլ կարող էինք կրակով աջակցել. մութ էր: Տեղս չէի գտնում, սիրտս պայթում էր: Դարանում էր նաեւ իմ մանկության ընկերը` Ռուբեն Ալեքսանյանը:

Վերջապես կրակոցները դադարեցին: Հատուկջոկատայինները նահանջեցին: Մենք թշնամուն կորուստներ պատճառելով ետ շպրտեցինք ելման դիրքեր: Մենք հաղթեցինք, բայց ուրախանալու ուժ չկար: Անհանգիստ էինք մեր ընկերների համար:

Լուսադեմին անսովոր խաղաղությունը խաթարեց տապիկի (հեռախոսային ապարատ, որը աշխատում է լարային կապով) զանգը… Ռուբենը եւ Աղասին ծավալված մերձամարտի ընթացքում արիաբար զոհվել էին…

Ռուբենը միշտ ասում էր. «Պիտի լավ կրակել իմանանք, հողը զենքով են պահում»:

Նա վիրավոր վիճակում կրակել էր բոլոր փամփուշտները:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ