Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄՓետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 12-ից 21-ը անցկացված «Պատանի հայրենասերներ» միջազգային 14-րդ հավաքի թիմային հաշվարկով գլխավոր մրցանակակիրներին` ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին: Կրթօջախի սաներն արդեն երրորդ անգամն են լավագույնը ճանաչվում միջազգային այս մրցույթ-հավաքում:

Ողջունելով վարժարանի ղեկավարությանն ու շնորհավորելով մոնթեականներին փայլուն հաղթանակի կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ մրցույթին մասնակցող 42 հավաքականների շարքում լավագույնի կոչմանն արժանանալը վկայում է կրթահամալիրում առկա ուսուցման բարձր որակի եւ ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետության մասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ կարեւորել եւ արժեւորել է վարժարանի ղեկավար կազմի եւ ուսուցչական կոլեկտիվի դերակատարությունը հաղթանակի կռման գործում, նշել է, որ մրցանակային առաջին տեղը արդյունք է նաեւ նրանց կողմից ցուցաբերած հետեւողական եւ բարեխիղճ աշխատանքի:

Մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով ազգային բանակի եւ մասնավորապես ՀՀ ՊՆ ենթակայությամբ գործող կրթական հաստատության վարկանիշի բարձրացման գործում ներդրած ավանդի համար՝ Սեյրան Օհանյանը մոնթեականներին խրախուսել է արժեքավոր նվերներով:

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Ազգային բանակ


03/03/2016