Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1. ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԱԽԼԱԹ ԳԱՎԱՌԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



«Տղա՛ք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի՛ մնացեք»:

ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ

 

ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԱԽԼԱԹ ԳԱՎԱՌԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՄեծ Հայքի Տուրուբերան  աշխարհի Ախլաթ (Խլաթ), պատմական Բզնունիք գավառը գտնվում է Վանա լճի հյուսիսարևմտյան ափին: Ախլաթին հյուսիսային, արևելյան ու արևմտյան կողմերում սահմանակից են Բուլանխ, Ալջավազ, Տարոն գավառները: Այդ  ժամանակ գավառը, որը մաս էր կազմում Բիթլիսի նահանգի (վիլայեթ), համաձայն Կ. Սասունու, բաղկացած էր 35 հայկական գյուղերից:

Թեև Ախլաթ գավառում հայությունը կազմում էր բնակչության մեծամասնությունը, բայց այդ օրերին, երբ  Սուլթան Աբդուլ Համիդը սկսել էր իրականացնել Հայկական հարցը հայությանը բնաջնջելու միջոցով իր որդեգրած ծրագիրը,  արդեն որևէ գաղտնիք լինել չէր կարող, որ Սասունի կոտորածները և դաժան փորձությունը սպասվելու էին նաև Արևմտահայաստանի մյուս շրջաններին և մասնավորապես Ախլաթ գավառին:

Անհրաժեշտ էր հնարավորինս նախապատրաստվել և ձեռնամուխ լինել ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելուն: Իր ժողովրդի փորձության ժամին  օտարությունից վերադառնելով իր հայրենի Ախլաթ, Սերոբն ու նրա զինակիցները շրջում էին գյուղերում և ամենուրեք տարածում ազատության պայքարի գաղափարներ: Ախլաթի շրջանում ժողովրդին կոչելով ինքնապաշտպանության՝ Սերոբն ասում էր. «… տղա՛ք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի՛ մնացեք»:

Կարճ ժամանակահատվածում Սերոբն իր զինակիցների համագործակցությամբ կարողանում է Ախլաթի մի շարք գյուղերում հիմնել մարտական խմբեր: Եվ որպեսզի նոր-նոր ձևավորված մարտական խմբերն ի զորու լինեին արդյունավետ գործելու, անհրաժեշտ էին ոչ միայն նախապատրաստական աշխատանքներ, այլև  զենք: Երկրում զենք հայթայթելը չափազանց դժվար էր: Սերոբը զենք բերելու նպատակով մի փոքրիկ խմբով ուղևորվում է Կովկաս: Նա հաստատվում է Կարսի նահանգում և Դաշնակցության  կոմիտեի աջակցությամբ բացառապես ախլաթցի 27 քաջակորով երիտասարդներից կազմված մարտական խմբով պատրաստվում է անցնել ռուս-թուրքակական սահմանը:

1895 թ. օգոստոսի վերջերին մարտական խմբերը, տասնյակների բաժանված, խստորեն պահպանելով քողարկման բոլոր կանոնները, Սերոբի առաջնորդությամբ գիշերով ճանապարհ են բռնում դեպի Երկիր: Որքան էլ նրանք գործեին զգուշորեն, թաքցնեին իրենց հակառակորդի տեսադաշտից, այնուամենայնիվ, թուրք իշխանություններն ինչ-ինչ աղբյուրից տեղեկանում են մարտախմբերի գոյության մասին և հետևելով նրանց տեղաշարժերին՝ դարանակալում և փորձում են անակնկալ հարձակումով ոչնչացնել Երկիր ուղևորվող մարտիկներին: Բարեբախտաբար՝ խմբի անդամները ժամանակին նկատում են իրենց հետևողներին և այդ մասին անմիջապես տեղեկացնում Սերոբին, որն այդ պահից սկսած արդեն ստանձնում է մարտական խմբերի ընդհանուր հրամանատարությունը:

Թեպետ Ախլաթ գավառում զենքը խաչաձևելով քուրդ ավարառուների հետ՝ Սերոբը ձեռք էր բերել մարտական որոշակի փորձառություն, սակայն Չրխանա լեռան մերձակայքում տեղի ունեցած կռիվը նրա կյանքում առաջին մարտական գործողությունն էր, երբ նրան վիճակվում է առաջնորդել տասնյակ զինվորներից բաղկացած մարտական խմբերին ու հանդես գալ որպես հրամանատար: Այդ կռվի մանրամասները ներկայացնող հուշագրության ուսումնասիրությունը հստակորեն մատնանշում է, որ նրա գլխավորությամբ տեղի ունեցած առաջին իսկ մարտում  Սերոբը դրսևորել է ռազմագիտական ակնառու կարողություն ու վճռականություն: Շնորհիվ մարտում կիրառած ճիշտ մարտավարության, նրան հաջողվում է հաղթահարել հակառակորդի հարուցած արգելքներն ու առանց կորուստների մարտական խմբերը դուրս բերել անվտանգ գոտի:

1895 թ. դաժան օրերին, երբ ողջ հայության գլխին ծառացել էր համիդյան ջարդարար սուրը, Սերոբը 27 մարտիկներից բաղկացած մարտական խմբով հասնում է Ախլաթ և կարճ ժամանակ անց հայտնվում մարտերի հնոցում:

Օրվա կարևորագույն խնդիրը գավառի ինքնապաշտպանությունը կազմակերպելն էր: Սերոբի խումբը փաստորեն այն միակ մարտունակ ուժն էր, որը հիմք պետք է ծառայեր ողջ գավառի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Քաջ գիտակցելով, որ միայն իր խմբով անկարող կլինի ապահովելու գավառի ինքնապաշտպանությունը, Սերոբը հայրենի շրջանը կոտորածից փրկելու, ժողովրդին ոգեկոչելու, մարտական ինքնապաշտպանական խմբեր ստեղծելու նպատակով զինակիցներին ուղարկում է թշնամու կողմից սպասվող հարձակման առավել վտանգավոր ուղղությունները, իսկ ինքը 10 ֆիդայիներով մնում է Սողորդում:

Սերոբի զինվորները, որոնք բոլորն էլ ախլաթցիներ էին, քաջածանոթ լինելով գավառին, կարողացան կարճ ժամանակամիջոցում գյուղերում կազմակերպել մարտունակ ինքնապաշտպանական մարտախմբեր: Բիթլիսի  նահանգի թուրքական իշխանությունները, օգտագործելով քրդական ու չերքեզ հրոսակախմբերի ուժը, փորձեցին հայության սպանդն ու թալանը իրականացնել նաև Ախլաթի շրջանում: Սակայն Սերոբն ու քաջազուն ֆիդայիներ Բալաբեխ Կարապետը, Մուշեղը, Առյուծ Ավագը, Զուլումաթը, Առաքելը, Սիմոնը, Նադոն, Ճարտարն ու մյուսները հրաշալիորեն էին նախապատրաստել գավառի ինքնապաշտպանությունը:

Ռուբեն Տեր-Մինասյանի  գնահատմամբ՝ «Այս աշխատանքներու շնորհիվ էր, որ  Ախլաթի գավառը կրցավ շուտով ծառանալ այն ուժերուն դեմ, որոնց կառաւարությունը կղրկեր Ախլաթը բնաջնջելու համար»:

Հարևան  գավառներում կոտորած, թալան սանձազերծելուց հետո, քուրդ և չերքեզ զինված ամբոխը արշավում է Ախլաթ: Թշնամին ուշադրությունը առավելապես կենտրոնացրել էր Սողորդ գյուղի վրա, որը, շնորհիվ աշխարհագրական ամուր դիրքի, քաջակորով զավակների և հատկապես  Սերոբենց (Խչեի) անվանի գերդաստանի՝ Ախլաթի ինքնապաշտպանության ոգին էր:

Թեպետ թուրքական ջոկատի զինաթափմամբ սողորդցիները դրսևորում են իրենց մարտական բնավորությունը, բայց դա հարձակվողների վրա որևէ ազդեցություն չի գործում: Չսպասելով հայերի կողմից դիմադրության և հայի ունեցվածքը թալանելու հաճույքից խենթացած, նրանք իրենց հետ բերել էին մեծ թվով ձիեր, էշեր ու սայլեր, որպեսզի բարձեին գյուղացու արյուն-քրտինքով վաստակած ապրուստի միջոցները: Սերոբը մշակում է թշնամուն ոչնչացնելու հետաքրքիր ու համարձակ պլան: Գյուղացիների կազմած մարտական խումբը դիրքեր է գրավում գերեզմանոցի մոտակայքում, իսկ ինքը ֆիդայիներով դարանակալում է գյուղից գետով բաժանվող ձորում, որպեսզի վճռական պահին թիկունքից հարվածի թշնամուն: Քրդերը, հայերի նախապատրաստությունից անտեղյակ, համարձակորեն անցնելով ձորն ու գերեզմանոցը, մոտենում են սողորդցիների դիրքերին: Սկսվում է մարտը. 600 զինված քրդերի ու չերքեզների գերակշռությունն ակնհայտ էր:

Գյուղացիների ինքնապաշտպանական խումբը փոքր-ինչ դիմադրելուց հետո սկսում է նահանջել, և այդ վճռական պահին թշնամուն թիկունքից հարվածում է Սերոբի խումբը:

«Ու Սերոբ,- նշում է Կարո Սասունին,- կնտրե վճռական անձնազոհությունը:  Իր հետ եղող տասը մարտիկներով կատաղի հարձակումը կգործե թշնամու վրա, դիակներ կընկնեն և խուճապ կառաջանա» 6:

Նման ճակատագրական պահին միայն մարտական արտակարգ հզոր կամքով ու վճռականությամբ օժտված մարդը կկարողանար հանդգնել մի բուռ մարտիկներով հարձակվել հարյուրավոր զինված թշնամիների վրա: Սերոբի խմբի հարվածը ճիշտ ժամանակին էր: Ոգևորված ֆիդայիների հուժկու գրոհից՝ գյուղացիները համարձակորեն նետվում են թշնամու վրա: Անակնկալի եկած քրդերը, մարտադաշտում թողնելով տասնյակ սպանվածների և 40 գերիների, խուճապահար փախչում են:

Հետաքրքիր է. երբ  գավառի  գայմագամի միջնորդությամբ գերվածները ազատ են արձակվում, նրանք չհավատալով, որ հայերը ընդունակ են նման հանդգնության, գավառապետին ասում են. «Էֆենտիմ, այս կեավուրները չէին որ մէզի յաղթեցին, այլ Մոսկովին կեավուրները բռնեցին մեր ետևէն և երկնքէն կրակ կը թափէին մեզ վրայ, մեր գնդակները անոնց չէին հասներ, իսկ անոնցները մեզմէն մարդ չէ թողուցին, վար գլորեցին»:

Համանման պատկեր էր տիրում գավառի ամբողջ տարածքում:

Սերոբը իր քաջազուն հայդուկներով մրրիկի արագությամբ օգնության էր հասնում աղետալի վիճակում հայտնվող գյուղացիներին, և ամեն տեղ նրա ներկայությունից մարտական շունչ ու վճռականություն ձեռք բերած հայությունը արժանի հակահարված էր հասցնում թշնամուն: Ամենուրեք ֆիդայիների գլխավորած ինքնապաշտպանական խմբերի դիմադրությունից ջախջախված քուրդ և թուրք ամբոխը նահանջում էր:

Սերոբը ընդամենը 27 քաջակորով ֆիդայիներով կարողանում է փայլուն կազմակերպել Ախլաթի հայության գոյապայքարը, որը հարուցել էր ոչ միայն քրդերի ու թուրքերի, այլև՝ նահանգի իշխանությունների զարմանքն ու հարգանքը. «Կառավարութիւնը կզարմանար այդ արտասովոր երևույթի վրա, քրդերը սովալլուկ գայլերու նման իրենց փորը կըճմռեին և իրենց կորցրած ավարները կողբային, իսկ հայերը կ՛օրհնեին Սերոբի անունը և նրա համբավին թևերը տված, հրաշագործ սրբի պես կպաշտեին նրան»:

Թուրքերը, ի դեմս ֆիդայիների, սկսում են կասկածել, որ գործ ունեն առավել կատարելագործված զենքերով զինված մարտական հատուկ խմբերի հետ: Ախլաթի ինքնապաշտպանական կռիվները Սերոբի ֆիդայական կյանքում մարտական առաջին լուրջ գործողություններն էին, բայց այն, ինչ դրսևորեց քաջարի սողորդցին, ընդունակ էր միայն բնատուր կազմակերպչական մեծ կարողություններով օժտված, ճակատագրական պահին համարձակ վճիռներ կայացնելու ընդունակ անձնազոհ տաղանդավոր ռազմիկը:

1895 թ. Սերոբի խմբի առաջնորդությամբ Ախլաթի հայության մղած պայքարը մեկ անգամ ևս հավաստեց, որ ջարդերի արհավիրքները կարելի է կանխել միմիայն կայուն ինքնապաշտպանության կազմակերպմամբ: Համիդյան արյունոտ ժամանակաշրջանում, երբ թուրքական ջարդարարների վայրագություններին զոհ գնացին ավելի քան 500.000 հայեր, Տարոն աշխարհի Ախլաթ գավառը Արևմտահայաստանի այն եզակի շրջանն էր, որը զերծ մնաց կոտորածներից: Ի՞նչ կլիներ Ախլաթի հայության վիճակը, եթե ժամանակին ֆիդայիների գլուխն անցած այնտեղ չգար Սերոբը: Եւ միանգամայն ճշմարիտ է «Դրօշակ»-ի հոդվածագիրը՝ պնդելով. «Այդ աղետալի թվականին, Հայաստանի արյունի ու կրակի տարին, Ախլաթի 27 գեղերը Սերոբի խմբի շնորհիվ անվնաս մնացին»:

Ախլաթի գոյամարտում Սերոբը ձեռք բերեց արտակարգ մեծ ժողովրդականություն: Ժողովուրդը նրա մասին հյուսել է բազում լեգենդներ. «… Գյուղի հարսներն ու աղջիկները հիացած կպատմեին, որ «Աղբյուր մի ձեռքով մեկ անգամէն 7 քրդի գլուխ է կտրել»:

Հայի ծարավ սիրտը զովացնող «Աղբյուր», ահա ժողովրդի կողմից նրա սխրանքների ճշմարիտ գնահատականը:

 

(Շարունակելի)

 

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


03/03/2016