Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԼՈՒՍԱԲԱՑ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐՈՒՄ»
«ԼՈՒՍԱԲԱՑ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐՈՒՄ»

Օրերս «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ գրող, դասախոս, ՀՀ ժուռնալիստների միության անդամ Ռոզա Քարամյանի հեղինակած «Թող լուսաբաց լինի մեր հոգիներում» («Да будет в душах наших рассвет») գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հեղինակը յուրովի  է ներկայացրել իր հերոսին: Իրական փաստագրական տվյալների եւ տարբեր պատմությունների, լեգենդների համադրման միջոցով ստեղծել է գեղարվեստական ուրույն կերպար: Կերպար, որն իր ամբողջ էությամբ սեր է առ հայրենիք, պատասխանատվություն է, հիշողություն, աշխատասիրություն, կարգապահություն եւ խիղճ:

Ռոզա Քարամյանը խոստովանում է, որ չափազանց դժվար է եղել մեկ գրքի սահմաններում ամբողջական ներկայացնել Սեյրան Օհանյանին: Զրուցել է նախարարին ճանաչող զինվորականների, քաղաքացիական անձանց հետ, հետաքրքիր փաստեր իմացել նրա զինվորական ուղու, անձնական շփումների, մարդկային որակների մասին: Չի փորձել սահմանափակվել միայն իրադարձություններով, այլ առավել մեծ ուշադրություն է դարձրել նախարարի՝ որպես զորահրամանատար ու նաեւ սովորական մի մարդ, հոգեվիճակին, վարվելակերպին: Այս համատեքստում է հեղինակը պատմում կյանքը հայրենիքին ծառայելուն նվիրաբերած մարդու մասին պատմությունը:

Ինչքանով է հաջողվել, թող որոշի ընթերցողը: Իսկ գրքի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Ռոզա Քարամյանը մի քանի գրքի, բանաստեղծական ժողովածուների հեղինակ է: Նրա գրվածքները, մասնավորապես՝ «Ոչինչ այդքան հեշտ չէ», «Զինվոր, ասպետ մարդ» գրքերը եւ այլն, նվիրված են ազատամարտիկներին, պատերազմին:

Ա. ԱՂԵԿՅԱՆ