Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔԻ ԵՎ ԵՐԳԻ ԱՆՄԱՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ



ԶԵՆՔԻ ԵՎ ԵՐԳԻ ԱՆՄԱՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸՆրա երկրային կյանքն ընդհատվեց 2014թ. օգոստոսի 4-ին, թշնամու հետ սահմանային ընդհարումներից մեկի ժամանակ: Արամի մարտական ընկերները` Սեւակը, Արարատը, Վահագնը` Թալինի պայմանագրայինները, իրենց ընկերոջ ծննդյան օրը նորից դիրքերում են, իսկ Վերին Բազմաբերդ գյուղում` հերոսի ծննդավայրում, իր հուշարձանի, այնուհետեւ Արամի ներկայիս բնակավայր` Պարտիզակի փառքի հուշարձանի մոտ հավաքվել են հարազատները` Մանուշ քույրը, Արսեն եղբայրը, զավակները` Վիկտորյան, Շողերը, որդին` Ռազմիկը, ազատամարտի ընկերները` «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրա Միքայելյանը, փոխնախագահ Արագած (Բոնդո) Մկրտչյանը, Հակոբը, աշուղ Ռազմար Սասունցին, Սամվելը, Վաղինակը, Վահագնը, Ավետիսը…

Սիրով ներկայացնում ենք բանաստեղծ-հրապարակախոս Վարդգես Խանոյանի խոսքը:

 

Սիրելի՛ Ռուբո՝ մեր Արամ, մեր Գրիգորյան Արամ, դու, իրոք, Հայկ Նահապետի ժառանգորդներից ես: Երևի հայրդ՝  վարպետ Մկրտիչը, կռահել է, որ աշխարհ գալով դու պիտի հերոսանաս, լինես ժողովրդիդ ազատության համար մարտնչող զինվոր, ուստի անունդ կնքել է Արամ՝ մեր հայկյան թագավորի անվամբ, Արամ թագավորի, որը հարևան թշնամի Նյոքար Մադեսին բռնել է ու խաչել Հայոց բերդի ճակատին, որ օտար ոսոխները տեսնեն ու դաս առնեն, չհամարձակվեն ոտք դնել Հայոց հողին:

Հիրավի, դու լինելով Հայոց հերոսական Սասունի նախնիների շառավիղ, ապացուցել ես, որ ժողովուրդը չի սխալվել՝ արարելով  «Սասնա ծռեր» էպոսը, իր բնավորության երանգները խտացնելով Սասունցի Դավթի կերպարում:

Ես համոզված եմ, որ քո լուսաշող հոգին միացած Արցախյան ազգային-ազատագրական գոյամարտում նահատակված յոթ հազար հայ քաջորդիների հոգիներին, վերևից հսկում է այն սահմանները, որ պաշտպանել եք դուք, որ լսում եք նաև աշխարհասփյուռ  մեր ժողովրդի երախտագիտության ու հպարտության ձայնը: Ահա, թե ինչու գիրքդ կարդալուց հետո որոշեցի դիմել քեզ, զրուցել հայրաբար, հայտնել իմ կարծիքը քո սրտաբուխ երգերի մասին:

Արա՛մ ջան, աշխարհի բոլոր մեծ արվեստագետները գրել են, որ բանաստեղծ ծնվում են, ոչ թե դառնում: Դու ծնվել ես բանաստեղծական հոգով, այդ են վկայում  քո գրած  հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք աչքի են ընկնում գաղափարական հագեցվածությամբ ու պատկերավորությամբ: Հենց էն գլխից քեզ համար հավասար հասկացություններ են հայրենիքն ու մայրը: Այդ մղումով ես գրել «Սրտիս խոսքը մորս շիրմին» բանաստեղծությունը, որտեղ ընդգծում ես.

Ա՜խ, ինչ ասեմ, անուշ մայրիկ,

Դու շատ քաղցր ես ինձ համար,

Քեզնից հետո հայրենիքն է

Իմ սրտի մեջ բոցավառ:

Քո այս խոստովանությունը վերացական չէ: Դու դարձել ես բանաստեղծ-զինվոր կամ զինվոր-բանաստեղծ: Դու մարտնչել ես մի ձեռքիդ զենք, մյուսում՝ գրիչ:

Եվ գնացիր կռվելու ազերի թուրքերի դեմ, որոնք ձգտում էին հայաթափ անել Հայոց տասներորդ նահանգը՝ Արցախ աշխարհը և ապա ներխուժել Հայաստան: Դու կոփված լինելով ԽՍՀՄ բանակի շարքերում, քո քաջարի ընկերների հետ մեկնեցիր մարտի՝ մասնակցելով բոլոր ճակատամարտերին Արաքսից մինչև Օմար: Կռվեցիր թուրքերի կողմից գրաված մեր պատմական շրջաններում՝ Քելբաջարում՝ մեր հին Քարվաճառում, Լաչինում՝ մեր հին Քաշաթաղում և այլ տարածքներում: Այդ վճռականությամբ դու դիմեցիր քո սիրած էակին՝ հյուսելով այս պատգամը.

Ես գնում եմ նորից հետ գալու համար,

Գալու քեզ համար, քո սիրո համար,

Դու եղիր միայն իմ սրտին պատվար,

Գնում եմ նորից, գնում Քելբաջար:

Դու՝ արծվասիրտ զինվորդ, հպարտությամբ  ես գրում, որ քո փոքրիկ գյուղի բոլոր երիտասարդները մասնակցեցին նոր պատերազմին և ցավով նշում, որ նրանցից երեսուներկուսն իրենց գլուխները դրեցին մեր ժողովրդի ազատության զոհասեղանին՝ «Չվերադարձան»: Միաժամանակ ընդգծեցիր, որ Արցախում ընթացող պատերազմը փրկարար կռիվ է, որովհետև Արցախը Հայաստանի դուռն ու դարպասն է: Ազերի թուրք զինվորին անվանելով վիշապ՝ դու ինքդ լինելով ազատամարտիկ, քո երգով կոչ ես անում ընկերներիդ՝ նոր ֆիդայիներին, կռվել Արցախի հողի համար, դառնալ «Արցախահողի երդվյալ զինվորներ»:

Արամ ջան, շարունակելով մեր տաղանդավոր բանաստեղծ Գևորգ Էմինի ավանդույթը, դու ևս փառաբանում ես Սասուն աշխարհի պարը: Եվ լավն այն է, որ չես կրկնել նրան, ասել ես քո խոսքը քո հարազատ Բազմաբերդ գյուղի մասին: Դիմելով քո ընկերներին՝ կոչ ես անում.

Պարեք Սասնա պարը նորից,

Դյուցազնական պարը պարեք,

Պարեք, Բազմաբերդի տղերք,

Պարեք պարը մեր պապերի:

Քո հայրենասիրությունը, Արա՛մ ջան, պատմական հորիզոններ է ընդգրկում: Մեր ժողովրդի հանդեպ եռացող քո սերը առնչված է Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, Աշոտ Երկաթի, Գևորգ Մարզպետունու, Գարեգին Նժդեհի սխրանքներին: Դու հպարտանում ես նաև Սայաթ-Նովայի անզուգական երգերի, գեղանկարիչ Այվազովսկու և մյուս հսկաների արվեստով, ու վստահորեն ընդգծում ես, որ նրանց փառքը հավերժ կփայլի մեր ժողովրդի գալիք ճամփաներում:

Արա՛մ ջան, հայտնի է, որ Արցախյան պատերազմին մասնակցելուց հետո, հազար ինը հարյուր իննսունվեց թվականից դարձել ես պայմանագրային զինծառայող ու պատվախնդիր մարտիկ, զենքի հետ ու զենքի պես հնչել է քո երգը: Երգում էիր ամենուր, և քո երգը, Արամ ջան, ընդհատվեց երկու հազար տասնչորս թվականի օգոստոսի չորսին Քարվաճառում, թշնամու հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ: Տանը քեզ սպասում էին սիրելի կինդ և երեք մանկահասակ զավակներդ:

Հարազատներիդ և ամբողջ ժողովրդի սերն էր քո սրտում: Նույնչափ ժողովուրդը սիրեց քեզ: Դու հաստատեցիր այն ճշմարտությունը, որ ժողովուրդը ծնում է հերոս որդիներ, իսկ որդիները վերածնում են իրենց ժողովրդին՝ ապահովելով նրա հավերժությունը:

Արա՛մ ջան, դու դարձար 45 տարեկան եւ այսպես շարունակվելու է քո հավերժության ճանապարհը… Խոսքս ուզում եմ ավարտել քեզ նվիրված այս բանաստեղծությամբ.

Բանաստեղծ էիր ու քաջ զինվորյալ,

Մի ձեռքիդ գրիչ, մյուսում թուրն էր,

Նենգ թշնամու դեմ քաջաբար ելար,

Կրծքիդ տակ ցասման անմարում հուրն էր:

Սերունդները քեզ կհիշեն հավերժ,

Կհառնես գալիք մեր հերկերի մեջ,

Կապրես հավիտյան և նոր շարքերում

Եվ հայրենաշունչ քո երգերի մեջ:

 

ՎԱՐԴԳԵՍ  ԽԱՆՈՅԱՆ

Ջերմուկ

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Ճակատագրեր


03/03/2016