Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒԿ ԹՂԹԱԿԻՑԸ



ՀԱՏՈՒԿ ԹՂԹԱԿԻՑԸՓետրվարի 26-ին ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում նշվեց Արցախյան ազատամարտի նվիրյալ, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ասպիրանտ Նորայր Մարությանի ծննդյան 50-ամյակը:

«Վանքի ուղղությամբ թշնամին մեծ ուժեր է կուտակում և փորձում առաջ անցնել ու ճեղքել պաշտպանությունը: Մեծ դժվարությամբ հաջողվում է կանգնեցնել թշնամուն» (1993 թ. հունվարի 17, Առաջաձոր). սրանք վերջին մտքերն էին, որոնք տեղ գտան Նորայր Մարությանի օրագրում. անցել է 23 տարի, ինչ նա մեզ հետ չէ: Թշնամու դավադիր կրակոցը խլեց մտավորական մարտիկի կյանքը: Ի տարբերություն մյուսների՝ Նորայրը մարտի դաշտում երկու առաքելություն էր կատարում. և՛ մասնակցում էր մարտերին, և՛ դրանց մասին գրում «Ազատամարտ» շաբաթաթերթում: Նա այդ թերթի հատուկ թղթակիցն էր Արցախում:

Հարազատները, բարեկամներն ու ընկերները, որոնք հրավիրված էին նրա 50-ամյակին նվիրված միջոցառմանը, խոսեցին ոչ միայն Նորայրի հայրենասիրության, մտածողության, գիտական մտքի, այլև լրագրողական փայլուն գործունեության մասին:

Լռակյաց, համեստ, բազմակողմանի զարգացած… Այսպիսին են Նորայր Մարությանին հիշում մարտական ընկերները: Պատմում են, որ նա միշտ առաջին շարքերում էր: Անձնվեր հայորդին պատերազմի դաշտում միայն տեղեկություն չէր հավաքում.  նա նաև զենքը ձեռքին պայքարում էր: Ծնողներն անհանգստանում էին, հորդորում, որ կռվելու փոխարեն լրագրությամբ զբաղվի: Պատասխանը հետևյալն էր. «Ես ինձ չեմ ների, որ մեր գյուղը ազատագրվի, ու ես առաջինը չմտնեմ մեր գյուղ»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ավանդույթ է դարձել նրա անունն ու հիշատակը մշտապես վառ պահելը: Տարեսկզբին, երբ տոնվում է Նորայր Մարությանի ծննդյան հերթական տարեդարձը, ուսանողներն ու ԵՊՀ «Վարդանանք» ակումբի անդամները մեծ ոգևորությամբ մասնակցում են կարևոր ու հայրենանվեր այդ գործին. երգում են, ասմունքում նրա բանաստեղծություններից ու խոսում, թե ինչով է նա առանձնացել մարտի դաշտում: Ոգևորությունն ու հուզմունքը կրկնապատկվում են, երբ ուսանողներն իրենց դասն անցկացնում են հենց նրա անունը կրող լսարանում:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը համոզված է՝ Նորայր Մարությանը ֆակուլտետում կլինի այնքան ժամանակ, քանի կանգուն է հայոց Մայր բուհը. «Նորայր Մարությանի մասին միշտ պետք է խոսել ներկա ժամանակով: Եվ իսկապես, Նորայրի և մյուս տղաների ապրած կյանքը հայրենասիրության դաս ու ապրելու բանաձև է: Թեև Նորայրը ֆիզիկապես մեր կողքին չէ, այդուհանդերձ մեզ թողել է իրենով, իր ապրած կյանքով, իր գրչի ու ստեղծագործ մտքի վաստակով հպարտ լինելու իրավունք»:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Էլյա Զաքարյանը, որ դասավանդել է Նորայրին «Ընդհանուր հոգեբանություն» և «Մանկավարժական հոգեբանություն» առարկաները, հուզմունքն աչքերում ասում է. «Նորայրը երբեք չէր բացակայում իմ դասերից, ավելին՝ նա խնդրեց, որ հայ բանասիրության կուրսում էլ մասնակցի: Հաճելի էր, որ խելացի, հարցասեր ուսանողին հետաքրքրում էր իմ առարկան: Նորայրն ակտիվ էր, անընդհատ հարցադրումներ էր անում, ուզում էր շատ բան իմանալ՝ հատկապես ազգային հոգեբանությունից»:

Հիշեցնենք, որ ամեն տարի Նորայր Մարությանի անվան «Ժուռնալիստները՝ ազատամարտիկի հիշատակին» հիմնադրամը հայտարարում է մրցանակաբաշխություն: Այս տարի այն կամփոփվի մայիսին: Համալսարանականները գրելու են ռազմահայրենասիրական ակնարկներ, ռեպորտաժներ և այլն: Լավագույնները կարժանանան դրամական պարգևների:

 

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


03/03/2016