Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐԱԿԱՆ ԽՈՍՔ



«Օրհնված լինեն մայրերն այս աշխարհում, ու թող մայրերն արթնացնեն իրենց զավակներին եւ ճամփեն նրանց մեծագործությունների, խիզախումների, ազնվությունների, բարությունների, կառուցումների»։

ՌԱՖԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆ

ՄԱՅՐԱԿԱՆ ԽՈՍՔԱսում են՝ աշխարհում երկու սրբություն կա՝ մայրը եւ հայրենիքը։

Մայրերն էլ ասում են, որ աշխարհում երկու սրբություն կա՝ զավակն ու հայրենիքը։ Ու իրենց զավակներին ուղարկում են պաշտպանելու մայր հայրենիքի խաղաղությունը, ճանապարհում են մայրական օրհնանքով, քեֆ-ուրախությամբ։ Մի քիչ հուզվում են, մի քիչ արտասվում, մի քիչ հպարտանում՝ զինվոր է զավակս։ Եվ զինվորների մայրերը հիմա նոր ժամանակաչափ ունեն՝ նամակից նամակ, զանգից զանգ։ Զինվոր զավակից ստացած նամակի ամեն տողի, բառի մեջ անգամ նոր իմաստ են փնտրում ու մի քիչ էլ զարմանում. «Էս ե՞րբ էսքան մեծացավ ու հասունացավ»։ Մայրերը պատմում են իրենց որդիներից, պատմում են սիրով, գորովանքով։

♦♦♦

Անդրանիկ որդիս՝ Աղասի Հովհաննիսյանը, աշխույժ, կենսուրախ տղա է։ Դպրոցում լավ էր սովորում։ Որոշել է ծրագրավորող դառնալ։ Արցախյան պատերազմի մասին շատ է լսել. ազատամարտիկ Վալերի հորեղբայրն է պատմել։ Պատմել է պատերազմի ողջ դաժանությունից, կռված տղերքի հերոսություններից։ Ու տղայիս պատգամի պես պատվիրել՝ արժանավայել, բարեխիղճ ծառայել։ Հիմա զինվոր տղաս պաշտպանում է հորեղբոր, մեր մյուս ազատամարտիկների կյանքի ու արյան գնով նվաճված խաղաղությունը։ Աղասիս նամակներ շուտ¬շուտ է գրում, տրտունջ, բողոք չկա։ Շուտով սերժանտ է դառնալու։

…Պաշտպանության նախարարությունը սահմանամերձ տարածքներում ծառայող զինվորների ծնողների համար պարբերաբար այցելություններ է կազմակերպում զորամասեր։ Մենք էլ գնացինք։ Բանակի մասին թերուդեմ կարծիքներ շատ էի լսել, բայց, երբ գնացի, իմ աչքով տեսա, սիրտս խաղաղվեց։ Սնունդը լավ է, հագուստը՝ նորմալ։ Ծառայավայրի բնությունն էլ՝ շքեղ ու շռայլ։ Տա՛ Աստված, որ մյուս տղաս էլ նույն պայմաններում ծառայի։ Աղասիս էլ թող բարով-խերով ծառայի, վերադառնա ու շարունակի ուսումը։ Երբ փոքր տղաս մեկնի ծառայության, արդեն հանգիստ սրտով, առանց տագնապների կճանապարհեմ. ես տեսել եմ մեր բանակը։

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ք. Երեւան

♦♦♦

Որդիս՝ Դավիթ Անտոնյանը, բարի, աշխատասեր, մի քիչ ինքնամփոփ տղա է։ Մինչեւ զորակոչվելը խոհարար էր աշխատում, ամեն կերպ փորձում է ինձ օգնել, թիկունք լինել։ Հիմա ծառայում է բանակում։

Գիտեմ, դժվարությունները կյանքում անխուսափելի են, բայց տղաս երբեք չի բողոքել, տրտնջացել։ Ես՝ որպես զինվորի մայր, ցանկանում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի։ Ուզում եմ՝ մեր որդիները խաղաղ պայմաններում ծառայեն, համերաշխ, հանդուրժող ու ներողամիտ լինեն միմյանց նկատմամբ։

ՍՐԲՈՒՀԻ ԼԱԼԱՅԱՆ

ք. Արմավիր

♦♦♦

Որդիս՝ Արսեն Հարությունյանը, շատ հավասարակշռված, հանգիստ ու զուսպ տղա է։ Մինչեւ բանակ գնալը սովորում էր շինարարական քոլեջում։ Բանակի քեֆին բոլորս խառնվել էինք, հուզվել, իսկ ինքը հանգիստ նստել ու լուռ ժպտում էր։ Ճանապարհելիս շատ էի հուզվել, շատ-շատ։ Ավագ որդիս՝ Արմենն էլ հուսադրում էր. «Մա՛մ ջան, Արսենը կշռադատված տղա է, լավ կծառայի, անհոգ մնա»։ Առաջին անգամ տղաս այդքան երկար ժամանակով պիտի տնից բացակայեր։ Հիմա արդեն սերժանտ է։ Գոհ է ծառայությունից։ Վերջերս այցելեցինք զորամաս։ Ամենուր կարգուկանոն էր։ Զինվորներն իրար հարգանքով էին վերաբերվում, ջերմ, անկեղծ։ Ու ասես ոչ թե ընկեր, այլ եղբայրներ լինեին։ Տղայիս բոլոր ընկերների հետ ծանոթացանք։ Վերադառնալիս ահագին նամակներ էին տվել, որ հանձնենք իրենց հարազատներին։ Ջերմ էր բաժանումը։ Տուն դառնալիս այնպիսի զգացողություն էր, որ կարծես բոլոր զինվորները մեր հարազատներն էին։

ՆՈՒՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ

ք. Երեւան

♦♦♦

Ես զոհված ազատամարտիկի մայր եմ։ Առաջնեկս՝ Արտակ Ավետիսյանը, 15 տարեկան էր, որ կամավորագրվեց, մասնակցեց բազմաթիվ մարտերի։ 20 տարեկան էր տղաս, երբ զոհվեց… Ինքն աշխարհին, աշխարհն իրեն կարոտ գնաց։ Ատում եմ պատերազմը։ Պատերազմն ինձ համար դեռ շարունակվում է, կորստի ցավը չի մեղմվում։ Տղաս զոհվեց այսօրվա խաղաղության համար։ Միջնեկ եւ կրտսեր որդիներս արդեն ծառայել են մեր բանակում: Ուզում եմ մեր բոլոր զինվոր-զավակները միայն ու միայն խաղաղ պայմաններում ծառայեն:

ԱՐԵԳՆԱԶ ԻՍՈՅԱՆ

ք. Երեւան

…Մայրերը պատմում են իրենց զավակներից, խոսքերում այնքան ջերմություն, կարոտ ու սեր կա։ «Օ՜, եթե աշխարհը մոր սրտով գնար,

Մեր ազգի բախտն էլ արյուն չէր լինի…»,- ասում է մայրապաշտ բանաստեղծ Հովհաննես Շիրազը։

Իսկ մեր տղերքը՝ զինվոր տղերքը, բարեխիղճ, հայրենանվեր կծառայեն ու կոփված, առնականացած տուն կվերադառնան։ Կվերադառնան տիրոջ իրավունքով եւ կշենացնեն հայրենի օջախները։

Պատ.՝ Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

մայոր

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Հոգևոր-մշակութային


03/03/2016