Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՒԽՏՅԱԼՆԵՐԸ»



Լույս է տեսել գրող-ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի նոր վեպը

 

«ՈՒԽՏՅԱԼՆԵՐԸ»Ուրֆայի 24-օրյա հերոսական ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի պատմության փառավոր էջերից է։

Հերոսամարտին նվիրված մի շարք գրքեր, բազում հոդվածներ, փաստավավերագրական ֆիլմեր կան՝ գրված ու նկարահանված հայերի և օտարազգիների կողմից: Հերթական գրքի հեղինակը ազատամարտիկ Հովիկ Վարդումյանն է: «Ուխտյալները» վեպի առանցքը Ուրֆայի հերոսամարտի դեպքերն են:

-Պարոն Վարդումյան, նախ՝ թույլ տվեք շնորհավորել Ձեզ գրքի տպագրության առիթով, ապա և խնդրել, որ ինքներդ մի քանի խոսքով ներկայացնեք Ձեր աշխատանքը:

-Վեպի սյուժեի հիմքում ընկած են 1915թ. Ուրֆայի հերոսամարտի դրվագները: Հինավուրց Եդեսիա՝ Ուրֆա քաղաքի 30 հազարանոց հայկական թաղամասը որոշեց պայքարի ելնել թուրք ջարդարարների դեմ եւ մինչեւ վերջ կռվել: Ուրֆա քաղաքն ընկած էր Դեր Զոր տանող ճանապարհի վրա: Անապատ քշվող աքսորականների քարավաններն անցնում էին այդ քաղաքով: Թուրք ասկյարները հոգնատանջ տառապյալներին մի քանի օրով հանգիստ էին տալիս Ուրֆայում, որպեսզի ուժ հավաքեն, ապա քշում էին առաջ: Ուրֆայահայությունը համոզված էր, որ իրենց եւս նույն ճակատագիրն է սպասում եւ փութաջանորեն պատրաստվում էին դիմադրության:

Քաղաքի ղեկավարությունը եւ Պոլսից եկած երկու երիտթուրք ներկայացուցիչները, անտեղյակ հայերի պատրաստվածությանը, մի քանի օրվա գործ էին համարում ուրֆայահայերի ջարդը եւ աքսորը: Սակայն հայոց թաղ ներխուժած քաղաքի ոստիկանության եւ թուրք ու քուրդ կողոպտիչների կոտորածից հետո հասկացան, որ տեղական ուժերով անհնար է դիմակայել եւ օգնություն խնդրեցին: Մի քանի օր հետո Հալեպից ժամանեց Ֆախրի փաշայի 5000-անոց կանոնավոր զորաբանակը: 30 հազար բանակչություն ունեցող թաղամասը մոտ մեկ ամիս հերոսաբար կռվեց թնդանոթներով եւ ժամանակի նորագույն զինատեսակներով զինված բանակի դեմ: Թուրքերին հաջողվեց հայկական թաղամաս մտնել միայն ավերակույտի վերածելուց հետո: Ողջ մնացած մի քանի տասնյակ կռվողները, պատսպարվելով թաքստոցներում եւ փլատակների մեջ, եւս մեկ ամիս վրեժ էին լուծում հերոսաբար զոհված ընկերների համար:

«ՈՒԽՏՅԱԼՆԵՐԸ»Վեպը մի հուշարձան է Ուրֆայի հերոսամարտի կազմակերպիչներ եւ ղեկավարներ Մկրտիչ Յոթնեղբայրյանին, Հարություն Ռասթկելենյանին, նրանց զինակից ընկերներին եւ թաղամասի զոհված ու աքսորված բնակչության հիշատակին:

-Ինչպե՞ս  ծնվեց  վեպ գրելու միտքը:

-Վեպը գրելու գաղափարը ծնվել է դեռեւս 8-9-րդ դասարաններում սովորելու տարիներին: Մեր հարեւանությամբ հայրենադարձ մի ընտանիք էր ապրում: Ամուսինը, որը մասնակցել էր Ուրֆայի հերոսամարտին, միշտ պատմում էր եւ խնդրում ինձ գրի առնել: Այդ միտքն ինձ հանգիստ չէր տալիս, մինչեւ գրեցի եւ խաղաղվեցի:

-Մտածում եմ՝ Ձեր հայրենասիրական վեպը նախ և առաջ մեր երիտասարդությանն է ուղղված…

-Ցավոք, ոչ բոլորն են այսօր հետաքրքրվում իրենց նախնիների պատմությամբ: Հիմա այլ հրապուրանքներ կան: Համոզված եմ, որ շատ քչերն են ծանոթ Ուրֆայի հերոսամարտին: Ընդհանրապես չեն ճանաչում Մկրտիչ Յոթնեղբայրյանին: Ի տարբերություն ֆիդայիների, նա մեծ կազմակերպիչ էր եւ ռազմական հանճարով օժտված մարդ:

-Շնորհակալություն: Համոզված եմ, որ նաև քիչ թիվ չեն կազմում այն երիտասարդները, որոնք ապրում ու հպարտանում են իրենց ժողովրդի փառահեղ պատմությամբ: Ձեր գիրքը լավ նվեր է նրանց:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խորագիր՝ #05 (1125) 17.02.2016 - 23.02.2016, Հոգևոր-մշակութային


26/02/2016