Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ» ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ



«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեկ տարեկան է: Եվ այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է ռազմահայրենասիրական եւ մշակութային բովանդակությամբ ավելի քան 160 միջոցառում Երեւանում եւ հանրապետության տարբեր համայնքներում` ձգտելով «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը հասցնել յուրաքանչյուր հայ ընտանիք: «Հայոց արծիվներ»-ը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին ընդառաջ քսան խոշոր միջոցառումների շարք է սկսել, որոնք անցկացվելու են ազգային բանակի տարբեր զորամասերում:
Ծրագրի շրջանակներում Առաջին հանրապետության տոնին նվիրված հերթական միջոցառումը օրերս անցկացվեց ՀՀ զինված ուժերի 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում: Հրավիրվածներն ու մասնակիցները Հայաստանում գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին: Նախաձեռնության նպատակը հասարակության, այդ թվում զինծառայողների շրջանում ԶԼՄ-ների գործունեության կարեւորությունը արժեւորելն էր, ԶԼՄ-հասարակական կազմակերպություն-ազգային բանակ համագործակցությունն ամրապնդելը: Բացի այդ, լրատվամիջոցները հնարավորություն ստացան մոտիկից ծանոթանալու ինչպես զինվորի առօրյային, այնպես էլ բանակային խնդիրներին:
Հանդիսավոր տողանի ժամանակ կարեւորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը եւ ողջունելով բոլոր հյուրերին` 5-րդ զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցը իր ելույթում, մասնավորապես, նշեց.
-5-րդ բանակային զորամիավորման եւ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության համագործակցությունն ավանդական է եւ ավելի ու ավելի խոր արմատներ է ձգում` նպատակ ունենալով օժանդակելու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Այս հանդիպման գլխավոր առիթը Առաջին հանրապետության օրն է՝ բոլորիս համար նվիրական տոն: Տոն, որ իսկական հայրենասիրության լավագույն ավանդույթներ է ձեւավորել` օրհասական պահին զենք վերցնել եւ մարտնչել հանուն հայրենիքի ազատության անգամ սեփական կյանքի գնով: Այսօր մենք ենք այդ ավանդույթներին տեր կանգնողը, եւ վստահեցնում եմ՝ պատրաստ ենք մեզ առաջադրված խնդիրները կատարելու: Ապացույցը մեր զորամիավորման զորամասերի մարտունակությունն է, զորամասերից մեկին շնորհված զինվորական բարձրագույն պարգեւը` «Մարտական խաչ» շքանշանը:
Դիմելով զինվորներին` «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանն ասաց.
-…Ձեր ծառայության ընթացքում եւ դրանից հետո առաջնորդվեք զորավար Գարեգին Նժդեհի պատգամներով, միշտ եղեք հոգեպես ուժեղ, իմացեք, որ դուք հաղթանակած բանակի զինվորներ եք: Գիտակցեք ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների վտանգը եւ համախմբվեք միասնականության տանիքի տակ, այն է` ազգային բանակ, հայոց նախագահ, Հայաստանի Հանրապետություն, եւ այդժամ կլինեք ուժեղ, հզոր ու միասնական առավել քան երբեւէ: Պատմությունը մեզ դա է ապացուցում:
Այնուհետեւ Խաչիկ Ասրյանը կազմակերպության անունից մի խումբ սպաների ու զինվորների պարգեւներ ու թանկարժեք նվերներ հանձնեց: «Լեռնահայաստանի արծիվ» հուշամեդալով պարգեւատրվեց նաեւ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
Հանդիսավոր արարողությունից հետո մասնակիցները ծանոթացան զինվորի սոցիալ-կենցաղային պայմաններին, ծառայության անցկացման կարգին: Ապա բոլորը ուղեւորվեցին զորամասի հրաձգարան, որտեղ լրագրողներն ու օպերատորները, անկախ սեռից, կրակեցին ինքնաձիգից, կրակային պատրաստության որոշակի հմտություններ ձեռք բերեցին: Միջոցառումը եզրափակվեց դաշտային պայմաններում` վրանի ներսում, զինվորական ուտեստների համտեսմամբ:
Ամփոփելով օրվա տպավորությունները` լրատվամիջոցների ներկայացուցիչները նշեցին, որ նախաձեռնության շնորհիվ իրենք այսուհետ ավելի լավ կպատկերացնեն բանակային ծառայության առօրյան ու լուծելիք խնդիրները: Ինչու չէ, երբեմն նաեւ զինվորի դերում լինել, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան պաշտպանել հայրենիքը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #21 (886) 1.06.2011 – 8.06.2011, Բանակ և հասարակություն


08/06/2011