Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է
ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է

ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ ԷԲանակի օրվա կապակցությամբ հունվարի 30-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի զորամասեր են այցելել «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները՝ գրքերով, քաղցրավենիքով ու մրգերով, առաջին անհրաժեշտության պարագաներով, ինչպես նաև դպրոցականների ու անհատների շնորհավորական նամակներով ու բացիկներով: Նրանք հյուրընկալվել են գնդապետ Սամվել Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որտեղ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանը տոնական միջոցառում էր կազմակերպել:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունն աջակցում է սահմանամերձ գյուղերին ու զորամասերին արդեն երկրորդ տարին: Այս տարի Բանակի տոնի կապակցությամբ անցկացված հավաքի կոչին մեծ թվով անհատներ են արձագանքել, նաև դպրոցականներ: Երևանաբնակ Արտյոմ Ղազարյանի աջակցությամբ գնվել է գերմանական արտադրության շուրջ 560 կոշիկի ջերմակայուն ներդիր: Նվերները հանձնվել են սահմանամերձ երկու զորամասերին՝ հատուկ դիրքապահների համար:

Զորամաս՝ զինվորականներին շնորհավորելու էին եկել նաև Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, այլ հոգևորականներ: Սրբազանի օրհնանքի խոսքերից հետո զորամասի ակումբում տեղի է ունեցել տոնական համերգ: Շնորհավորելով զինվորականներին՝ գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կարևորել է քաղաքացիական հասարակության և բանակի կապի ամրապնդումը, սահմանամերձ բնակավայրերին աջակցող նախաձեռնությունները:

-Մեր սահմանները, մեր բանակն ամուր են նաև նման նախաձեռնությունների շնորհիվ: Որքան շեն է Տավուշի մարզը, այնքան ամուր է նաև մեր սահմանը,- իր ելույթում մասնավորեցրել է Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիական նախաձեռնության անդամներին:

Սահմանամերձ գյուղերի բնակիչներին և զորամասի զինծառայողներին բացառիկ աջակցություն ցուցաբերելու համար «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Սոֆյա Հովսեփյանը և «Հայրենիքի դարպասներ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը պարգևատրվեցին զորամասի պատվոգրերով:

Գնդապետ Սամվել Մինասյանը նույնպես բարձր գնահատեց քաղաքացիական այսպիսի նախաձեռնությունները՝ շեշտելով, որ դրանք նպաստում են զինվորի ոգու է՛լ ավելի ամրապնդմանը, փոխում են  նրա աշխարհայացքը:

ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է-Սա կարևորագույն ներդրում է բանակ-հասարակություն կապի ամրապնդման և կայացման գործում: Զինվորը զգում է՝ մենք համազգային-համաժողովրդական բանակ ենք, որը ամենասիրված զավակն է: Երբ զինվորը տեսնում է, որ դպրոցականները և հասարակական տարբեր կազմակերպությունները աջակից են լինում, Հայրենիքի պաշտպանության գործում է՛լ ավելի խրախուսված, է՛լ ավելի պարտավորված է իրեն զգում, – նշում է հրամանատարը:

Դեռ նոյեմբերին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները այցելել էին գնդապետ Գյոզալյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Նրանց հետ ժամանած «Բարդերի» ակումբի հեղինակ կատարողները համերգով են հանդես եկել: Այս անգամ նախաձեռնության անդամները զորամաս էին բերել ժամանակակից հայ  ստեղծագործողների՝ Վահան Տեր- Ղազարյանի,  Նշան Աբասյանի, Զառա Բաթոյանի, Դավիթ Մշեցու, Դավիթ Ասատրյանի, Գոռ  Ալեքսանյանի, Արթուր Սայանի և Հրաչյա Ամիրյանի գրքերը, ինչպես նաև հայ դասականների բազմաթիվ ստեղծագործություններ:

Ինչպես զրույցում նշում է  «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող Սոֆյա Հովսեփյանը, 2015 թվականի ընթացքում նմանատիպ այլ միջոցառումներ եւս իրականացվել են: Վայոց ձորի մարզի սահմանամերձ համայնքների՝ Նոր Ազնաբերդ և Խնձորուտ գյուղերի դպրոցականներն ու «Պարենք հայերեն» նախաձեռնության անդամներն այցելել են մարզի սահմանապահ զորամասերից մեկը, որտեղ զինվորականների համար  ազգային պարի դասընթաց են անցկացրել:

-Մեր նախաձեռնության հիմնական շեշտը դրված է մշակութային և կրթական աջակցության վրա: Բանակը միայն զինվորականների հոգսը չէ, այլ ամբողջ հասարակության: Զինված ուժերի կայացումը պետք է լինի յուրաքանչյուրիս մտահոգությունն ու պարտականությունը: Բացի այդ, ցանկացած սահմանապահ գյուղի շենացումը  բանակի կայացման ու թիկունքի ամրապնդման գրավականն է,- ասում է Սոֆյա Հովսեփյանը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

ավագ լեյտենանտ