Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈՎ



ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈՎՍահմանապահ գյուղում թարմ թխված գաթայի բույրն աշխարհն էր բռնել: Սահմանամերձ գյուղի տատիկները գաթա էին թխում, գուլպաներ գործում զինվորի համար:

Բարեկամավանցի Անիչկա տատն էլ առանձնացել էր տան մի անկյունում, որ ոչ ոք իրեն չխանգարի, եւ գործն արագ գնա, ու գուլպա էր գործում: Արագ-արագ էր հյուսում, թելը գցում էր շյուղի վրա… ու բռնում մտքերի թելը…

90-ականներին գյուղն անընդմեջ կրակի տակ էր, հարամված հանդեր, ականապատված դաշտեր, քանի՜ խաղաղ բնակիչ զոհվեց: Մշակելուն, ստեղծելուն, արարելուն սովոր ձեռքերը զենք վերցրին… Զենք վերցրին պաշտպանելու հողը, որ նորից կարողանան մշակել, սերմ ցանել: Իրենց հանդ ու անդաստանը պաշտպանող գյուղի մարդկանց կողքին կանգնեցին զինվորները: 18-20 տարեկան տղաներ էին…  Հիմա 20 տարուց ավելի է անցել էդ օրերից, բայց էլի երկիրը չի խաղաղվել, գյուղի վրա էլի կրակում են, չեն թողնում աշխարհը խաղաղվի, մարդ հանգիստ սրտով իր հողը մշակի, իր քրտինքով վաստակած մի կտոր հացն էլ հանգիստ խղճով վայելի: Էլի զինվորը կանգնած է սահմանին, եւ ո՞վ գիտե, գուցե այն տարիներին իրենց գյուղը պաշտպանած 18-20 տարեկան տղերքից մեկի որդին էլ է հիմա այստեղ… Անիչկա տատի մտքի թելն ու ձեռքի թելը իրար հետ են մրցում: Չէ, Անիչկա տատի ձեռքի թելը «հաղթում է», ավելի արագ է գործում. դուրսը ցուրտ է, ձյուն-ձմեռ: Գործում է ու աչքի պոչով էլ հետեւում հարսին ու թոռանը, նրանք էլ գաթա են թխում զինվորի համար: Տատը քթի տակ մի կուշտ ժպտում է. հարսն ու թոռը խորիզը սովորականից ավելի քաղցր են անում…

Թելը էլի գցեց, մի շարք էլ գործի, գուլպան պատրաստ կլինի: Ուրիշ ժամանակ էսքանով գործն ավարտած կհամարեր, գուլպան պատրաստ, բայց, չէ՛, թելը չի կտրում, էլի մի քանի շարք շարունակում է գործել:  Ցուրտ է, ձյուն-ձմեռ, զինվորի համար է…

 

Օրերս սահմանային զորամասերից մեկում ծառայող զինվորներին հաճելի անակնկալ մատուցվեց` տաք գուլպաներ եւ տնական գաթաներ սահմանում ապրող տատիկների կողմից:

Նախաձեռնությունն իրականացվել էր «Հայրենիքի դարպասներ» հասարակական կազմակերպության կողմից՝ «Տատիկից` զինվորին» ծրագրի շրջանակներում Beeline Armenia-ի աջակցությամբ:

Կազմակերպության ղեկավար Արման Հայրապետյանը նշում է, որ այս գաղափարն առաջացավ, երբ ընկերներից մեկը նկատեց, որ սահմանամերձ գյուղերում իրականացվող բոլոր ծրագրերն ուղղված են հիմնականում երեխաներին, իսկ մեծահասակները աչքաթող են արված:

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈՎ-Որոշել էինք, որ նախագծին կմասնակցեն սահմանապահ գյուղերում բնակվող տատիկները (ընտրել էինք Բարեկամավան, Ոսկեվան, Կոթի գյուղերը): Սակայն անսպասելի եւ միաժամանակ հուզիչ ու ոգեւորող էր արձագանքը` մեր ծրագրին միանալու ցանկությամբ հանդես եկան  նաեւ տատիկներ, որոնք սահմանամերձ տարածքներից չէին: Նախագծին միանալու ցանկություն հայտնեցին զինվորների մայրեր, հորաքույրեր եւ մորաքույրեր…

«Անանիա Շիրակացու» անվան կրթահամալիրի երեխաները եւս միացան մեր նախագծին` նրանք էլ զինվորների համար նամակ-բացիկներ էին պատրաստել, քաղցրավենիք:

Գուլպա գործելու համար թել եւ գաթա թխելու համար անհրաժեշտ մթերք տրամադրվեց: Տատիկները ոգեւորվել էին, ոմանք անգամ հրաժարվում էին նախատեսված մթերքից` ասելով, որ հայրենիքը պահող, պաշտպանող զինվորի համար հենց իրենց տան եղածով էլ կթխեն (ի դեպ, հարկ է նշել, որ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ պարագաները եւս գնվել էին սահմանամերձ գյուղերից):

Եվ ահա քաղցր գաթաներով եւ տաք գուլպաներով լի ծանրոցները հասան հայրենիքի պաշտպան մեր տղաներին:

Զինվորները ուրախացել էին, ոգեւորվել: Տատիկների հասցեին ջերմ խոսքերի տեղատարափ էր…

-Նմանատիպ ամեն մի նախաձեռնության ժամանակ եւս մեկ անգամ տեսնում ես ժողովրդի առանձնահատուկ սերն ու ջերմությունը զինվորի նկատմամբ,- ասում է «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի նախագահ Արման Հայրապետյանը եւ շարունակում: -Զինվորն զգում է թիկունքի տաք շունչն ու աջակցությունը, այդ սերն ու նվիրումը նրան ուժ է տալիս, թեւավորում ավելի զգոն եւ աչալուրջ ծառայելու, որովհետեւ զինվորը հստակ գիտակցում է, որ թիկունքում իր ծնողներն են, իր ընկերները, իր համար գուլպա գործող անծանոթ տատիկներն ու իրեն ջերմ-ջերմ նամակներ գրող աշակերտները…, որ թիկունքում օտար մարդ չկա, բոլորն էլ հարազատ են: Ու ամուր թիկունքը բազմապատկում է բանակի ուժը:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

 

Խորագիր՝ #05 (1125) 17.02.2016 - 23.02.2016, Բանակ և հասարակություն


26/02/2016