Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԻՆ ՈՒՂՂԱԹԻՌ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԻՍՊԱՆԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ



Իսպանիայում 8 մարդ է ձերբակալվել` Իրանին մաքսանենգ ճանապարհով 100 մլն դոլարի «Bell-212» մակնիշի ամերիկյան մարտական 9 ուղղաթիռ և դրանց պահեստամասեր վաճառելու կասկածով: Տեխնիկան և պահեստամասերը խուզարկությամբ հայտնաբերվել են Մադրիդի և Բարսելոնի մերձակայքում գտնվող` իսպանացի 5 գործարարների ձեռնարկությունների արհեստանոցներում:
Ձերբակալվածներն ասել են, որ զբաղվում էին սովորական վերանորոգումով, իսկ քննիչների վարկածի համաձայն` նրանք, շրջանցելով ՄԱԿ-ի պատժամիջոցները և Իսպանիայի պաշտպանության նախարարության համապատասխան ցուցումները, մտադիր էին ուղղաթիռները վաճառել Իրանին, իսկ պահեստամասերը` Վենեսուելային: Գործարարներին ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց հետ կապի մեջ մտած Իրանի 3 քաղաքացի է ժամանել Իսպանիա:
«Bell-212» ուղղաթիռն ունակ է տեղափոխելու 2.2 տոննա զինամթերք, 15 ուղևոր, արագությունն է 230կմ/ժ, առանց վերալիցքավորվելու կարող է թռչել 600կմ:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


31/05/2011