Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ



Գնդապետ ՏԻԳՐԱՆ ՓԱՐՎԱՆՅԱՆ

Բանակը միակ ասպարեզն է, որտեղ անձնակազմի աշխատանքը համարվում է ծառայություն, եւ այդ բառի մեջ մեծ խորհուրդ կա, այն շատ բնութագրական է։ Այսինքն՝ ի սկզբանե զինվորականի մեջ մարմնավորվում են ազգի ամենաբարձր առաքինությունները՝ սեփական ժողովրդին ու հայրենիքին անմնացորդ նվիրվելու ցանկությունը, անանձնական կյանքով ապրելու պատրաստակամությունը եւ ազգի բարոյական կատարելատիպը դառնալու մղումը։ Զինվորականի մասնագիտություն ընտրող յուրաքանչյուր հայորդի եւ բանակ զորակոչվող յուրաքանչյուր պատանի պետք է հարց տա իրեն՝ ֆիզիկապես եւ հոգեբանորեն պատրա՞ստ է ծառայելու հայրենիքին ու ժողովրդին։

Բանակը միայն նվիրյալների տեղն է։ Ամանորի առիթով ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել մեր ազգային բանակի կազմավորման, կայացման եւ հզորացման գործում։ Թող 2016 թվականը խաղաղ եւ անկորուստ տարի լինի, ուրախություն ու երջանկություն բերի մեր ժողովրդին։ Թող Նոր տարին նոր նվաճումների ու ձեռքբերումների տարի լինի։ Մեր բանակին՝ հզորություն, մեր զինվորին՝ խաղաղ ու անփորձանք ծառայություն։ Թող հայ զինվորը մեր հաղթանակներն ու հաջողությունները ժառանգած տիրոջ իրավունքով ամուր եւ հաստատուն քայլի մեր հայոց հողի վրա։

Գեներալ-մայոր ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆ

Ամանորը հայ ժողովրդի համար սիրելի եւ սպասված տոն է, եւ ամեն անգամ մենք նոր հույսերով ու սպասումներով ենք դիմավորում Նոր տարին։ Զինվորի համար ամենակարեւորը խաղաղությունն ու ծառայողական հաջողությունն է։
Անցնող տարում տարբեր զորավարժությունների ժամանակ մեր զորամասերից շատերը ապացուցեցին, որ օժտված են բարձր մարտունակությամբ եւ պատրաստ են կատարել բոլոր հնարավոր առաջադրանքները։ Նրանք աչքի ընկան նաեւ ծառայողական կարգապահության բարձրացման գործում։ Համոզված եմ, որ հաջողությունները կզարգացնենք նաեւ նոր ուսումնական տարում, որովհետեւ լուրջ ներդրումներ ենք կատարում թե՛ ուսումնական կենտրոնների հնարավորությունների կատարելագործման եւ թե՛ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։ Ես մեծապես կարեւորում եմ զորքերում միջանձնային հարաբերությունների կատարելագործումը, օրինապահության վիճակը, զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակությունն ու գաղափարական շեշտադրումները։ Եվ այսուհետ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու այս խնդիրներին։
Ամանորի, Սուրբ Ծնունդի առթիվ մեր բանակի բոլոր զինծառայողներին ցանկանում եմ առողջություն, հաջողություններ անձնական կյանքում, ընտանիքում եւ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։

Գեներալ-մայոր ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Զինվորական ստորաբաժանումն ընտանիքի նման է. պիտի իր դիմագիծն ունենա, իր ավանդույթները։

Զորամասում պետք է լինի բարոյական մթնոլորտ, սա շատ կարեւոր է, պետք է փոխհարաբերությունները հիմնված լինեն բարեկրթության ու հարգանքի վրա։

Զինվորը թանկ է ինձ համար, սիրում եմ շրջել դիրքերում, ընկերոջ պես նստել զինվորի կողքին, քեֆ-հալ հարցնել, զրուցել, տեսնել՝ ի՞նչ են մտածում, ի՞նչ հոգսուցավ ունեն, ի՞նչ են ուզում էս կյանքից։ Ֆիզիկական որակները՝ չէ, բայց մտավոր ունակությունների եւ բարոյական դաստիարակության մակարդակը տարեցտարի բարելավվում է, ես գոհ եմ մեր տղաներից, հայրենասեր են, քաջ են, բոլորն էլ գիտեն, որ ինչ գնով էլ լինի, պիտի սահմանն անառիկ պահեն, ու պահում են։

Զինվորին լավ պահելը, ուժեղ, կուշտ, բարեկեցիկ զորք ունենալը ազգային պատվախնդրության հարց է։ Մեր հողը զինվորն է պահելու, ուրեմն մենք էլ պիտի զինվորին պահենք, ոչինչ չխնայենք նրա համար։
Սրտանց շնորհավորում եմ հայ զինվորի Նոր տարին. թող Աստված նրա կուռը դալար պահի։

Գեներալ-մայոր ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ

Քանի դեռ Արցախի հարցի շուրջ մենք մեր հարեւանների հետ ընդհանուր հայտարարի չենք եկել, լարվածությունը սահմաններում պահպանվելու է. նոր տարում էլ մեր գլխավոր խնդիրը ինչպես զորամասերում, այնպես էլ առաջնագծում ծառայողական կարգապահության ամրապնդումն է լինելու։ Մեր բանակը պետք է հետեւողականորեն բազմապատկի իր ուժը, մարտունակությունը, անընդհատ ձգտի նոր նվաճումների ու հաղթանակների, կատարելագործի բոլոր ստորաբաժանումների աշխատանքն ու բարձրացնի ծառայողական ցուցանիշները, քանի որ մեր աշխարհաքաղաքական իրավիճակը, պատմական ու ներկա խնդիրները պահանջում են քայլել ժամանակի ռիթմին համահունչ ու դիմակայել ժամանակի բոլոր փորձություններին ու մարտահրավերներին։ Բանակի ուժը առաջին հերթին զինվորի ոգու ու արիության մեջ է։ Մեր բանակին պետք են ազգային ինքնագիտակցությամբ տոգորված, գաղափարապես հասուն, ազգային իդեալներին հավատարիմ զինվորներ։

Ես միշտ ասել եւ այժմ էլ կրկնում եմ. իմ ամենալավ բարեկամը ամենալավ զինվորն է։ Ուստի, Նոր տարում իմ բոլոր զինվորներին, սպաներին ու ենթասպաներին ցանկանում եմ առողջություն եւ անփորձանք ծառայություն։ Նրանց զենքերը թող կրակ արձակեն միայն ու միայն փորձադաշտերում եւ ուսումնական կենտրոններում։

Գեներալ-մայոր ԿԱՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մեր ժողովուրդը տղամարդ տղերքի պակաս չունի, եւ վճռական պահերին նրանք բոլորն էլ մեկ մարդու նման ոտքի են ելնում՝ իրենց տունուտեղը, հայրենիքը պաշտպանելու։ Պատրաստակամ, հայրենիքին մինչեւ վերջ նվիրված բազմաթիվ զինվորների ու սպաների եմ հանդիպել։ Պատահական չէ, որ թշնամուն մարդուժով ու զենք-զինամթերքով մի քանի անգամ զիջելով, մենք հաղթանակի հասանք։ Դրանում, անշուշտ, կարեւոր էր մեր տղաների մարտական ոգին, սեփական հողն ու տունը պաշտպանելու նրանց անկոտրում կամքը։

Յուրաքանչյուր պատանի, երիտասարդ պիտի հասկանա, որ արժանապատիվ կեցվածքով ապրելու միակ ճիշտ ճանապարհը հզոր եւ անպարտելի բանակ ունենալն է, իսկ դրա գրավականը՝ գրագետ, ռազմական գիտելիքներին տիրապետող, կարգապահ ու պարտաճանաչ զինվորն է։

Ուստի եւ ի սրտե շնորհավորում եմ մեր զինվորների Ամանորը, մաղթում նրանց հոգու կորով, երջանկություն եւ քաջառողջություն։ Հայրենանվեր երթ ձեզ, մեր բանակի քաջ զինվոր տղերք։ Թող բոլոր տարիները խաղաղ բացվեն հայոց հողում, ու դուք էլ միշտ լինեք բոլոր ժամանակների մեր խաղաղ օրերի տերն ու պաշտպանը։

Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Ազգային բանակ


29/12/2015