Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԴԻՄԱՑԿՈՒՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ



«Անցած տարիների համեմատ նորակոչիկների ֆիզպատրաստվածության մակարդակի դրական միտումներ են նկատվում, սակայն առավել զարգացած է ուժային վարժությունների կատարողականությունը, քան դիմացկունությունը»,- ամփոփելով 2015 թվականի ֆիզպատրաստության արդյունքներն ու ներկայացնելով անձնակազմի վիճակը՝ հայտնում է գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասի ֆիզպատրաստության պետ, մայոր Թովմաս Մանուկյանը:

Ֆիզպատրաստվածությունը զորամասում իրականացվում է ըստ համապատասպան հրամանների՝ համաձայն հսկողական գրաֆիկի: Յուրաքանչյուր ամիս անցկացվում են ստուգարքներ, իսկ եռամսյակային արդյունքները ներկայացվում են ֆիզպատրաստության բաժին: Գույքային հագեցվածությունը, մարզահրապարակի և ֆուտբոլի դաշտի առկայությունը թույլ են տալիս անցկացնել ներզորամասային մրցումներ 12 սպորտաձևերից: Այստեղ ծառայում են նաև պրոֆեսիոնալ մարզիկներ, օրինակ՝ թեթև աթլետիկայից Հայաստանի չեմպիոն Արմեն Սիմոնյանը: Այնուամենայնիվ, ըստ Թովմաս Մանուկյանի, նորակոչիկների դիմացկունությունը բավարար չէ, և աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

-Նորակոչիկներն ավելի լավ ձգվում են, առավել զարգացած է ուժային վարժությունների կատարողականությունը: Գերազանց հանձնելով 100 մետր վազքի ստուգարքը, վատ արդյունքներ են ցույց տալիս երկար հեռավորության վազքից՝ լինի երեք, թե մեկ կիլոմետր տարածություն: Երեք ամսվա ընթացքում աշխատելով հսկողական գրաֆիկով՝ մենք ունենում ենք դրական տեղաշարժ: Ամեն մի դիվիզիոն ունի իր սպորտային անկյունը, որտեղ զինծառայողը ևս կարող է աշխատել իր վրա: Ընդհանրապես, զինվորներից շատերը շահագրգրված են ստանալու «Լավագույն մարզիկ» կրծքանշանը և փորձում են լավագույն արդյունքներով հանձնել համապատասխան քննություները: Այստեղ շատ կարևոր գործոն է նաև առողջ մրցակցությունը՝ զորամասի լավագույն ստորաբաժանում ճանաչվելու համար,- ասում է մայոր Թ. Մանուկյանը և գոհունակությամբ նշում, որ այս տարի բանակային զորամիավորման կազմում անցկացված մրցումների ժամանակ զորամասը զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը:

Նրա գնահատմամբ՝ արդեն անցել են այն ժամանակները, երբ բանակ զորակոչված երիտասարդի ֆիզպատրաստվածության ցածր որակի համար կարելի էր դպրոցին մեղադրել: Սպայի խոսքով՝ նոր սերունդը գալիս է բանակ համապատասխան տեսական ու գործնական գիտելիքներով զինված: Այլ հարց է առողջական ընդհանուր վիճակն ու ընդհանուր պատրաստվածությունը, որը խիստ անհատական է և հիմնականում կաղում է սպորտով չզբաղվելու, սակավ կոփվածության պատճառով:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Ազգային բանակ


24/12/2015