Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴՀԱՏՎԱԾ ԹՌԻՉՔ



ՄԱՅՈՐ ՍԵՐԳԵՅ ՍԱՀԱԿՅԱՆ

Ծնվել է Երեւանում: Ավարտել է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտը: 2014 թվականի նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված Մի-24 ուղղաթիռի հրամանատար:

2014 թվականի նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Արիությանե մեդալով:

ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՍԱՐԳԻՍ ՆԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է Երեւանում: Ոսկե մեդալով ավարտել է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը: 2014 թվականի նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի ժամանակ խոցված Մի-24 ուղղաթիռի օդաչու:
2014 թվականի նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Արիությանե մեդալով:

ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱԶԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ

Ծնվել է Չարենցավանում: Ավարտել է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը: 2014 թվականի նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի ժամանակ խոցված Մի-24 ուղղաթիռի օդաչու-օպերատոր:

2014 թվականի նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգեւատրվել է «Արիությանե մեդալով:

ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ…

Ձեր լռությունը զնգում
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք…

Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք,
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք…

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք,
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք…

Թվում է, թե կամենաք
Մի օր երկինք կթռնեք,
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք…

Ձեր պնդության պատճառով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք…

Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված ընդունեք,
Դուք ձեր կամքին հակառակ
Ինձ բացակա չդնեք…

Ո՛չ խոստումներ, ո՛չ երդում
Չսպասեք ու չքննեք,
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք…

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Խորագիր՝ #49 (1118) 17.12.2015 - 23.12.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/12/2015