Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ



Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության «ՏՈՒ-154» ինքնաթիռի նախկին հրամանատար Կիրով Հովհաննեսի Քուշքյանը, որ չնայած վատ առողջությանը և մեծ տարիքին, հասել էր թանգարան, որպեսզի հոր լուսանկարները և կենսագրությունը հանձնի թանգարանին:

«Իմացե՛ք, տղամարդը պետք է ուժեղ լինի, աշխատող, համառ: Մի գործ որ սկսում եք, հասցրեք մինչև վերջ, ազնիվ ու բարի եղեք, սա է կյանքի իմաստը»,- այսպես է խրատել իր որդիներին Սարդարապատի ճակատամարտի մասնակից Հովհաննես Քուշքյանը: Ուներ վեց զավակ, որոնք ամեն օր իրիկնահացի սեղանի շուրջ շարված՝ սպասում էին հորը: Հովհաննեսը երեկոյան աշխատանքից վերադառնում էր՝ «Բարի իրիկուն» մաղթելով նստում էր սեղանի վերնամասում: Որդիները նայում էին միմյանց և մեղմ ժպտում: Ամեն անգամ հայրն այդ բառերով էր տուն մտնում, ու ամեն անգամ որդիները նկատում էին, որ նա լվացված, մաքուր էր տուն մտել. «Մարդը մաքուր պետք է մտնի իր օջախը, դաշտից ոչ մի բուռ հող հետը չպետք է բերի, հողը պետք է մնա այգում, որ բերքը առատ լինի ու համով»: Որդիները այս խոսքերը բազում անգամ էին լսել ու գիտեին նաև շարունակությունը, որ իրիկնահացի սեղանը պետք է շաղախվի նրա հուշերով: Հայրը նրանց պատմել է Առաջին համաշխարհային պատերազմի, Էրզրումի, Սարիղամիշի կռիվների, Սասունի հայերի խիզախությունների մասին: Հաճախ հիշել է նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանին:

Հովհաննես Քուշքյանը ծնվել է 1894 թ. Ալեքսանդրապոլի նահանգի Փանիկ գյուղում (Զվարճաձոր, մինչև 1924 թ. Քյավթառլու, վերանվանվել է ի պատիվ Ա. Փանյանի: Գյուղը Արթիկի շրջկենտրոնից 6 կմ հյուսիս է): Հովհաննեսի հայրը եղել է քահանա, որի մոտ էլ 3 տարի կրթվել է որդին: Մայրը՝ Կատարինեն, եղել է տնային տնտեսուհի: Քերոբի և Կատարինեի հինգ երեխաներից (2 աղջիկ և 3 տղա) ամենափոքրն էր: Հովհաննեսին վիճակված չէր անցկացնել անհոգ պատանեկություն: Մահանում են նրա ծնողները: 1913 թ. 19 տարեկանում համագյուղացիների հետ մեկնել է Դոնբաս՝ ածխի հանքերում աշխատելու:

1914 թ. սկսվել է Առաջին աշխարհամարտը, և նրան հենց այնտեղից էլ տարել են բանակ: Որոշ ժամանակ անց կարճատև արձակուրդով տուն է գալիս՝ մորը տեսակցելու, և կրկին վերադառնում մարտադաշտ: 1915թ. վիրավորվել է ոտքից: Ապաքինվելուց հետո նորից վերադարձել է մարտադաշտ: Հովհաննեսը մարտնչել է նաև Կովկասյան ճակատում, կռվել է Էրզրումում` Հովհաննես Բաղրամյանի հետ: Քուշքյանը մասնակցել է նաև Սարդարապատի ճակատամարտին, որտեղ վիրավորվել է: Ճակատամարտից հետո վերադարձել է Փանիկ:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատանքի է անցել «Կարմիր միլիցիայի» շարքերում և աշխատել մինչև 1932թ.:

1934թ. նրան նշանակել են Փանիկ գյուղի կոլխոզի նախագահ: Պարգևատրվել է «Կարմիր դրոշի» շքանշանով: Շատերի նման նրան նույնպես անհիմն ձերբակալել են: 1933թ. ԽՍՀՄ ԿԳԿ նախագահ Կալինինի հրամանով վեց ամսից ազատ են արձակել: 1940թ. գյուղում իրեն հատկացված հողատարածքում հիմնել է այգի՝ «Օնոյի այգի» անունով և մինչև կյանքի վերջը մնացել է գյուղում՝ զբաղվել հողագործությամբ:

Մահացել է 1953թ. մայիսի 29-ին:

Արևիկ ՄԵԼԻՔՅԱՆ

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Պատմության էջերից


10/12/2015