Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ



Ընկերության ձեւավորումը բանակում

Զինվորների միջև ընկերական փոխհարաբերությունների ձևավորմանը նպաստում է իշխող բարոյահոգեբանական վիճակը: Եթե նորակոչիկը մտնում է զորամաս և այնտեղ չի գտնում ընկերոջ, որն իրեն կօգնի հարմարվելու միջավայրին ու կարգուկանոնին, այլ փոխարենը բախվում է «իր դիրքը դնելու», «իր խոսքը անցկացնելու», «իրեն լիդեր հռչակելու» հովերով տարված ծառայակցի, ապա սթրեսային գործոնների ակտիվացումը այս պարագայում անխուսափելի է: Զինվորներից յուրաքանչյուրը պետք է սիրով, հոգածությամբ ու սրտացավությամբ վերաբերվի իր ծառայակցին` հաշվի առնելով անձի բնավորության ու դաստիարակության առանձնահատկությունները։ Բանակում շատ անգամ զինվորների միջև կոնֆլիկտների առանցք է դառնում հենց այս հանգամանքը, երբ փոխադարձաբար հակադրվում են հետաքրքրությունները, բնավորությունները, վարքագծային նորմերը։ Սթրեսների և կոնֆլիկտների հաղթահարման մեթոդները տարբեր են, բայց պետք է հաշվի առնել, որ բանակում յուրաքանչյուրը ծառայում է հանուն մեկ գերնպատակի։ Բանակը սեփական դիրքորոշումների հաստատման հարթակ չէ։ Զինվորների մեջ «հայրենիքի պաշտպանի» գիտակցումն ավելի բարձր պետք է լինի, քան անձնական շահագրգռությունը։ Սեփական «ես»-ի պաշտպանը պետք է վերաճի «հայրենիքի պաշտպանի»։ Ձևավորել ու զարգացնել զինվորական ընկերակցության, միասնության ոգին, ինչի պարագայում ընկերոջը վիրավորելն ու նսեմացնելը, հայհոյելն ու ծաղրելը կդառնա ստորաքարշ մարդու վարքագիծ:

Հոգեբանի դերի կարեւորությունը զինված ուժերում

Զորքերում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի գնահատման, նյարդահոգեբանական լարվածության մակարդակի նվազեցման, ինչպես նաև նկատելի բացասական երևույթների կանխարգելմանն է ուղղված հոգեբանի առկայությունը։ Հոգեբանը զինվորական է, որ կանոնադրական և ծառայողական պարտականություններից բխող գործառույթների իրականացումից բացի, զինվորի ավագ ընկերն է:

Զորամասի հոգեբան, կապիտան Հ. Բեջանյանը նշում է, որ. «Զինվորի համար պետք է դառնալ ու լինել ընկեր։ Ընկեր, որին կվստահեն ու կհավատան, միաժամանակ կհարգեն ու կզգաստանան։ Եթե ձեռք բերես նրա վստահությունը, նա քեզ ամեն ինչ կպատմի` լինի անձնական, ընտանեկան, թե ծառայողական դժվարություն»։

Հոգեբանական զրույցները պետք է տարբերվեն առօրեական զրույցներից, դրանք պետք է միտված լինեն անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ճիշտ գնահատմանը։

Զորամասում նյարդահոգեկան կայունությունը գնահատող մեթոդիկայի միջոցով պարզվել է, որ համահավաք վաշտից թվով 52 զինծառայողներից «բարձր», «լավ», «բավարար» և «անբավարար» ցուցանիշներով նյարդահոգեկան կայունությունը համապատասխանաբար գնահատվել է` բարձր` 0, լավ` 5, բավարար` 23, և անբավարար` 24 հոգի։ Հարցաշարերում թիրախային խումբը նորակոչիկներն են` ծառայության առաջին ամսում: Զորամասի կամ զորամիավորման հոգեբանի խնդիրն է անհատական կամ խմբային աշխատանքների միջոցով արձանագրված անբավարար ցուցանիշները նվազագույնի հասցնել ծառայությանը հաջորդող 2-3 ամիսների ընթացքում։ Հոգեբանը անհատապես է աշխատում յուրաքանչյուր զինվորի հետ` ուշադրության կենտրոնում պահելով տևականորեն մեկուսացող, բարձր հուզականությամբ աչքի ընկնող զինծառայողներին։

Բացի անհատական աշխատանքից, սպա-հոգեբան, կապիտան Հ. Բեջանյանը սոցիալ-հոգեբանական վերլուծության է ենթարկում նաև խմբի համատեղ գործունեությունը` խմբի կազմը, ղեկավարման առանձնահատկությունները, խմբի անդամների համատեղելիությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը, գործունեության ընթացքում առաջացող խնդիրները, զինվորական կարգուկանոնի պահպանումը, միջանձնային հարաբերությունները, կոնֆլիկտների բովանդակությունը, բնույթը և այլն։ Հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում խմբի ներսում առանձին անհատների, լիդերների և վարքի շեղումներով զինծառայողների պահվածքը և փոխհարաբերությունները։

ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության բարոյահոգեբանական բաժնի զորքերի հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ, մայոր Ս. Բարոյանի խոսքերով, այսօր խորապես ուսումնասիրվում են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների նյարդահոգեկան լարվածություն առաջացնող գործոնները, հոգեկան լարվածության խմբերը, առաջարկվում են լուծման ուղիներ։

Սահմանապահ զորամասերում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ տարվող աշխատանքներում առավել քան կարևորվում է զինծառայողի հոգեկան և ֆիզիոլոգիական վիճակը, քանի որ, հոգեկան ու ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ու լարվածությամբ պայմանավորված, կարող են առաջանալ պասիվություն, թուլություն ու հոգնածություն, ուշադրության աստիճանական նվազում։ Մարտական հերթապահության մեկնող զինծառայողների հետ են նաև անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով սպան կամ հոգեբանը, որոնք անմիջականորեն պատասխանատվություն են կրում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ճիշտ գնահատման համար։ Նյարդահոգեկան լարվածություն առաջացնող գործոնների ուսումնասիրմանը զուգահեռ շարունակական մեծածավալ աշխատանքներ են իրականացվում։

Գայանե ԾԱՏՈՒՐՅԱՆ

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Ազգային բանակ


03/12/2015