Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՕՐԻՆԱԿ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ



♦ 17-րդ դարի վերջին քառորդում Թուրքիայի լծից Հունգարիայի եւ նրա մայրաքաղաք Բուդայի ազատագրման գործում կարեւոր դեր են խաղացել նաեւ տեղի հայերը: 1688 թվականի հուլիսին Բուդան ազատագրելու նպատակով ավստրիական զորքը պաշարեց քաղաքը: Թուրքական զորքը կատաղի պաշտպանվում էր: Քաղաքի բնակիչներից Գաբրիել Շապինգարահիսարցին` Գաբոշ Էորմեն, որ հայերեն ծածկագրով կարեւոր ռազմական տեղեկություններ էր հաղորդում Վիեննայի ռազմական խորհրդի նախագահ Հերմանին, դիմում է անօրինակ խիզախության: Շեղելով թուրք պահակների ուշադրությունը` հուլիսի 22-ին պայթեցնում է քաղաքի 8 հազար ցենտներ վառոդ պարունակող աշտարակը: Պայթյունից խոշոր ճեղքվածք է առաջանում քաղաքի բերդապարիսպին, սպանվում է շուրջ 1500 ասկյար: Խիզախ հայորդու գործողությունից հետո ավստրիացիները մտնում եւ ամբողջովին ազատագրում են Բուդան:
♦ Հունգարիայի մայրաքաղաքի ազատագրման գործում կարեւոր դեր է խաղացել նաեւ հայ եկեղեցական գործիչ Ներսես վարդապետ Երեւանցին, որը Գաբրիել Շապինգարահիսարցու նամակները թարգմանում էր գերմաներեն եւ հանձնում ռազմական խորհրդին: Հակաթուրքական այդ գործողության համար Ավստրիայի կայսրը հայ վարդապետին նշանակում է պալատի մատուռապետ եւ Սուրբ Ստեփանոս տաճարի կանոնիկոս:

♦ 18-րդ դարի վերջին քառորդում տեղի ունեցած ավստրո-թուրքական պատերազմները համընկել էին 1672-1680-ականներին Մոլդովայի կազմից դուրս եկած եւ Տրանսիլվանիայում ապաստան փնտրող մեծ թվով հայերի գաղթին: 1697 թվականին, երբ օսմանյան զորքերը հարձակվեցին Տրանսիլվանիայի Բիստրիցա քաղաքի վրա, հայերը եւս քաջաբար դիմադրություն էին ցույց տալիս թուրքական զորքին: Քաղաքն ընկնում է թուրքերի ձեռքը: Հայերի մի մասը զոհվում է կռվում, մի մասն էլ` գերեվարվում: Դարձյալ 1697 թվականին, երբ թուրքերն արշավում են Ռադնայի կիրճի ուղղությամբ, Բիստրիցայի հայերն իրենց հոգեւոր առաջնորդ Օքսենտ վարդապետ Վզարյանի գլխավորությամբ գլխովին ջարդում են թուրքերին:

♦ Հունգարիան թուրքական լծից ազատագրելու գործում անուրանալի ծառայություններ է մատուցել պարսկահայ ընտանիքում ծնված, հայազգի դիվանագետ Պետրոս Ավետիքը: Ժամանակի հարգված եւ մեծ կշիռ ունեցող հայազգի դիվանագետը ավարտել է Հռոմի Ուրբանայան վարժարանը, տիրապետել եվրոպական եւ արեւելյան բազմաթիվ լեզուների: Պետրոս Ավետիքը դիվանագիտական գործունեությունն սկսել է 1660-ական թվականներին, երբ Եվրոպայում ձգտում էին ստեղծել հակաթուրքական համադաշնություն: Հայ երեւելի դիվանագետը Հռոմի պապի հանձնարարությամբ մեկնում է պարսից շահ Սուլիման երկրորդի մոտ` վերջինիս համոզելու, որ միանա հակաթուրքական դաշինքին: Այդ գաղափարն ընդունելություն է գտնում պարսից շահի կողմից, որը նույնիսկ հայ դիվանագետին առաջարկում է իր ներկայացուցիչը լինել Եվրոպայում: Այնուհետեւ Հակոբ Ավետիքը հակաթուրքական ծրագրերով շրջում է եվրոպական երկրներով, այցելում Ռուսաստան, ժամանում Վրաստան եւ Հայաստան` հակաթուրքական դաշնության մեջ հայերին եւ վրացիներին եւս ներգրավելու նպատակով:

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #46 (1115) 26.11.2015 - 2.12.2015, Պատմության էջերից


26/11/2015