Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱՍՏԵՐԸ ՉԵՆ ԼՌՈՒՄ



Հայաստանի Ազգային արխիվը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արժեքավոր գրքերի հրատարակությունը սկսել է դեռեւս նախորդ տարիներից՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» եռահատորյակը՝ անգլերեն, թուրքերեն եւ ռուսերեն թարգմանություններով, Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը (որի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են): Այս ամենի շարունակությունը լինելու է Սիսի կաթողիկոսարանի, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի եկեղեցական կալվածքների վերաբերյալ իրավական փաստաթղթերի հրատարակությունը:

Ներկայացնում ենք Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի հետ Հասմիկ Պողոսյանի զրույցը:

-Պարոն Վիրաբյան, կխնդրեի՝ մի քիչ մանրամասն անդրադառնալ Արևմտյան Հայաստանի եկեղեցապատկան կալվածքների խնդրին, մասնավորապես՝ իրավական փաստաթղթերին:

-Փաստաթղթերը վերաբերում են ոչ միայն Սիսի կաթողիկոսարանի, այլև Հայոց եկեղեցու ունեցած կալվածքներին՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մյուս տարածքներում: Փաստաթղթերը մեզ հնարավորություն չեն տալիս ճշտելու՝ տվյալ եկեղեցին, վանքը ո՞ր նվիրապետական աթոռին է պատկանել՝ Սիսի՞ն, Պոլսո Հայոց պատրիարքությա՞նը, Աղթամարի կաթողիկոսությա՞նը, Երուսաղեմի Հայոց պատրիարքությա՞նը , Սուրբ Էջմիածնի՞ն: Բայց կարևոր է մի բան. փաստաթղթերը հիմնականում օսմաներեն են (բնականաբար, դա թուրքերենը չէ): Կան նաև պարսկերեն փաստաթղթեր՝ ֆերմաններ, որոնք համարժեք են պետության կողմից տրված սեփականության վկայականի կարգավիճակ ունեցող փաստաթղթերին և իրավական առումով մեծ կարևորություն են ներկայացնում: Բարեբախտաբար, այդ օսմաներեն և պարսկերեն ֆերմանների հետ մեզ են հասել նաև դրանց հայերեն թարգմանությունները, որոնք, հավանաբար, կատարվել են 19-րդ դարում և ձեռագիր են: Իսկ թե ո՞վ է կատարել այդ թարգմանությունները, այսօր դժվար է բացահայտել:

-Ասացիք, որ փաստաթղթերը մեծ մասամբ գրված են օսմաներենով: Եվ, չնայած հայերեն թարգմանությունների առկայությանը, այդուհանդերձ, ի՞նչ դժվարությունների եք հանդիպում հատորյակի կազմման աշխատանքների ընթացքում:

-Մեր խնդիրը հաճախ տեղանունների ճշգրտմանն է վերաբերում: Դրա համար մենք որպես խորհրդատու ընտրել ենք սիրիահայ Միհրան Մինասյանին, որը տիրապետում է օսմաներենին: Այդ հարցերում նա օգնում է մեզ, համեմատում է օսմաներեն բնագրերը հայերեն թարգմանության հետ:

-Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր կան աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ֆրանսիա, Լիբանան, Արգենտինա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա: Հնարավո՞ր է Հայոց եկեղեցու կալվածքներին վերաբերող նման փաստաթղթեր գտնել նաև այդ պետությունների արխիվներում:

-Իհարկե՛: Հենց նույն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Անթիլիասի ներկայիս արխիվներում ևս կան կալվածագրեր՝ օսմաներեն և արաբերեն լեզուներով: Այդպիսիք կան նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության արխիվներում: Բայց դրանք հարկավոր է համակարգել և խմբավորել՝ հետագայում ըստ անհրաժեշտության օգտագործելու համար:

-Պարո՛ն Վիրաբյան, իսկ վերոհիշյալ հատորյակը օտար լեզուներով հրատարակելու ծրագիր կա՞:

-Մենք առայժմ լույս ենք ընծայելու փաստաթղթերի օսմաներեն և պարսկերեն (բնագրերի լեզվով) լուսապատճենները, որոնցից յուրաքանչյուրն ուղեկցվելու է հայերեն թարգմանություններով: Հետագայում, եթե անհրաժեշտություն լինի, կհրատարակենք նաև օտար լեզուներով:

-Դեռևս ամիսներ առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը պահանջատիրական հայց ներկայացրեց Թուրքիայի ՍԴ-ին՝ Սիսի պատմական նստավայրը վերադարձնելու գործով: Եվ գրքի նախապատրաստման ու հրատարակման աշխատանքները համընկան այս գործընթացի հետ: Ի՞նչ արձագանքներ կան Թուրքիայից:

-Դեռևս արձագանք չկա: Ես մամուլի ասուլիսի ժամանակ եմ հայտնել, որ նախատեսվում է նման աշխատանք իրականացնել: Երբ գիրքը լույս տեսնի, այդ ժամանակ Թուրքիայից արձագանքներ կհնչեն:

-Թուրք ժխտողականները թե՛ հասարակական շրջանակներում և թե՛ պետական օղակներում բազմիցս հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկել Միջազգային դատարանում: Այսպիսի գրքերի, փաստաթղթերի հրատարակությունները կարո՞ղ են մեր երկրի համար վճռորոշ լինել՝ նման մարտահրավերներին դիմադրելու գործում:

-Թուրքական կողմը միշտ ասում է, որ Հայաստանի արխիվներում չկան փաստաթղթեր, որոնք կապացուցեն Հայոց ցեղասպանության իրողությունը: Բայց մեր հրատարակություններում կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ոչ միայն նկարագրում են ջարդերն ու կոտորածները, այլև բացահայտում են թուրքական իշխանությունների կողմից ծրագրավորված ցեղասպան քաղաքականությունը, բնաջնջման մեթոդներն ու ձևերը, դրա իրականացման աշխարհագրությունը, ճանապարհները: Մեր արխիվում պահվող վավերագրերը ոչ միայն փաստում են հայ ազգաբնակչության ֆիզիկական բնաջնջումը, այլև մշակութային ցեղասպանությունը՝ այն ամենի ոչնչացումը, որոնք կարող են վկայել, որ այդ տարածքներն ի սկզբանե եղել են հայկական էթնոսի ծագման, զարգացման և կենսագործունեության վայրը: Այսինքն՝ ոչնչացնել այն ամենը, ինչը կապ ունի հայկական իրականության հետ՝ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ և այլն: Սա էր թուրքերի որդեգրած ծրագիրը: Այսօր Հայոց ցեղասպանության ժխտումը նույն հանցանքի շարունակությունն է: Ինչ խոսք, այսպիսի գրքերի հրատարակությունը հակահարված է թուրքական ժխտողականությանը: Եվ մենք պետք է հետևողականորեն շարունակենք մեր աշխատանքները՝ Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված գործում: Ցեղասպանության 100-րդ տարելիցը մեր պայքարի վերջին հանգրվանը չէ, այլ միայն՝ մեկնարկը…

Խորագիր՝ #45 (1114) 19.11.2015 - 25.11.2015, Հոգևոր-մշակութային


19/11/2015