Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԱՍԻ ԴԻՄԱԳԻԾԸ ԻՄ ԴԻՄԱԳԻԾՆ Է



Երբ հրթիռահրետանային զորամասը նոր էր կազմավորվել, և Ալբերտ Բաղդասարյանը նշանակվել էր հրամանատար, մենք առիթ ունեցանք զրուցելու: Նա ասաց, որ տարբեր զորամասերից իր մոտ են հավաքվել մի քանի հարյուր զինվոր` բոլորն էլ բարդ բնավորությամբ: Երբ հարցրի, թե ինչու են բոլորը բարդ բնավորությամբ, հրամանատարի պատասխանը համոզիչ էր. «Ինչո՞ւ պետք է հրամանատարները հենց լավագույն զինվորներին ինձ տային, պարզ չէ՞, որ ուղարկել են նրանց, որոնց հետ դժվարությամբ են լեզու գտնում: Ես ուշի ուշով հետևել եմ տեղեկագրերին. գնդապետ Ալբերտ Բաղդասարյանի ղեկավարած զորամասում ծանր միջադեպեր չեն արձանագրվել այս տարիների ընթացքում: Նա աշխատել է բարդ կոնտինգենտի հետ` այդ ընթացքում զուգահեռաբար ձևավորելով սպայական կոլեկտիվ: Այսօր զորամասը լավագույններից մեկն է և՛ մարտական պատրաստության, և՛ միջանձնային փոխհարաբերությունների առումով: Ուստի, որոշեցի հենց զորամասի հրամանատար, գնդապետ Ալբերտ Բաղդասարյանի հետ քննարկել զինվորական ղեկավար-ենթակա փոխհարաբերությունների խնդիրը:

-Երբ առանձին հրթիռահրետանային զորամասը կազմավորվեց, ես զորքի հետ աշխատելու մեծ փորձ ունեի, ընդ որում` և՛ պատերազմական, և՛ խաղաղ ժամանակների: Այդուհանդերձ, ստիպված էի բազմաթիվ դժվարություններ հաղթահարել, որովհետև մարդու հետ աշխատանքը միշտ պահանջում է անհատական-ստեղծագործական մոտեցում՝ իրավիճակային և հեռահար որոշումներ:

-Դուք ինչի՞ց սկսեցիք: Ի՞նչն էր ամենակարևորը Ձեր աշխատանքում՝ որպես հրամանատար, որին վիճակված է աշխատել, ինչպես Դուք եք ասում, բարդ բնավորությամբ զինվորների հետ:

-Ամենակարևորը իրազեկված լինելն է, ինչը նորակազմ կոլեկտիվում հնարավոր էր միայն օրը 24 ժամ աշխատելու և աչալուրջ հսկողության միջոցով: Կարճ ժամանակ անց ես իմ բոլոր զինվորներին ճանաչում էի անուն – ազգանունով, գիտեի բոլորի կենսագրությունը, հակումները, անհատապես զրուցել էի բոլորի հետ: Նրանց մեծ մասն ընդգծված բնավորությամբ տղաներ էին, անհնազանդ, կամակոր, կռվարար, իշխող: Եթե որևէ տարաձայնություն կամ կոնֆլիկտ վրիպեր աչքիցս, ժամերի ընթացքում կարող էր վերածվել առճակատման` իր բոլոր ծանր, անդառնալի հետևանքներով: Զինվորական ղեկավարը պետք է իմանա՝ ինչ է կատարվում իր ղեկավարած կառույցի բոլոր անկյուններում:

-Ղեկավարները հաճախ ժամանակ չունեն գլուխը ծանրաբեռնելու ենթակաների խնդիրներով: Եվ գլխացավանքից ազատվելու ամենաընդունված ձևը նրանց սաստելն է` երկուսին էլ պատժելու հեռանկարով, կամ ասելը` գնացեք իրար հետ լեզու գտեք, իրար ձեռք սեղմեք հաշտվեք:

-Սա նշանակում է ականը հողով ծածկել: Եթե կա կոնֆլիկտ երկուսի միջև, կարող են մեղավոր լինել երկուսն էլ, և կարող է մեղավոր լինել կողմերից մեկը: Հրամանատարի խնդիրն է մինչև վերջ պարզել կոնֆլիկտի էությունը, ունենալ հստակ դիրքորոշում և ի ցույց դնել, պատժել մեղավորներին: Չէ՞ որ կոլեկտիվը միշտ սպասում է հրամանատարի ազնիվ ու սկզբունքային գնահատականին, այլապես կոլեկտիվի անդամներն իրենք են սկսում եզրահանգումներ անել և դիրքորոշում արտահայտել: Նման դեպքում կոլեկտիվը ինքն է «գտնում» մեղավորին, նետում անկյուն: Ինչը կարող է բերել հոգեբանական ծանր հետևանքների: Մինչդեռ ղեկավարի և կոլեկտիվի խնդիրն է իր անդամի սխալ արարքին արդար ու խիստ գնահատական տալով` անել ամեն ինչ, որ մարդը ոչ թե ավելի չարանա, այլ հասկանա իր սխալը, ուղղվի£

-18 տարեկանից հետո էլ ի՞նչ ուղղվել: Մարդը, ըստ իս, գենետիկորեն ժառանգում է և՛ չարությունը, և՛ բարությունը, և՛ ստորությունը, և՛ արժանապատվությունը:

-Ես Ձեր տեսության առաջին թշնամին եմ: Բոլոր մարդկանց մեջ կա լավը լինելու մղում: Մարդուն պիտի օգնել, որ լավը լինի: Պիտի հասկանալ, թե որ արատն է մարդու վարքը խեղաթյուրող, մարդուն չարիքի մղող առանցքային պատճառը` կայանալու ցանկությունը, նախանձը, անիրագործելի հավակնություննե՞րը, ինքնապաշտպանվելու բնա՞զդը, ինչ-որ բան կորցնելու վա՞խը. պետք է գտնել այն գլխավոր արատը, որը տիրականորեն ուղղորդում է մարդու վարքը, ստիպում անել մերժելի արարքներ: Պատահել է` մեկ անկեղծ, սրտամոտ ու խելամիտ զրույցը զինվորի հետ էապես փոխել է նրա պահվածքը£

-Հրամանատարը պետք է առավելագույնս արդար լինի: Եթե ենթական նկատում է տարբերակված մոտեցում ղեկավարի կողմից, ապա դրանով ավարտվում են մարդկային հարաբերությունները ղեկավարի և ենթակայի միջև. նրանք օտարանում են:

-Այստեղ 100 տոկոսով համաձայն եմ: Զինվորական կոլեկտիվում ամեն ոք պիտի ստանա այն, ինչին արժանի է: Առաջին հերթին արձակուրդ պիտի տրվի բարեխիղճ զինվորներին, առաջխաղացում պիտի ունենան խելացի, զարգացած և աշխատասեր սպաները:

-Իսկ սուբյեկտիվ գործո՞նը, միջնորդավորված զանգե՞րը, մանավանդ՝ Ձեր զորամասի դեպքում:

-Այո՛, գայթակղիչ է: Բայց իմ տղաների մեծ մասը ծնողազուրկ են, անապահով ընտանիքների երեխաներ: Ի վերջո, հրամանատարը պետք է ընտրություն անի համազգեստի պատվի և մնացած հանգամանքների միջև:

-Հրամանատարը պիտի կորցնելու բան ունենա, որ ընտրություն անի, պիտի զրկանքներով, զոհողություններով կերտած անուն ունենա, որ սարսափի իր անվան վրա բիծ թողնելու հեռանկարից:

-Մեր նախարարը մի լավ խոսք ունի, ասում է` ուրիշին դաստիարակելու փոխարեն ինքդ քեզ դաստիարակիր` մյուսները քո օրինակով կդաստիարակվեն:

Ես չեմ կարող ուրիշ չափանիշ հուշել իմ զինվորներին ու ենթականերին ինձնից բացի: Երբ նորակոչիկը մտնում է զորամաս, առաջինը ես եմ զրուցում նրա հետ, առաջինը ինձ է տեսնում: Թող վերամբարձ չհնչի, բայց ես եմ զորամասի կենտրոնը, առանցքը: Զորամասի դիմագիծը իմ դիմագիծն է: Իմ հրամանատարներից մեկին հիշեցի` փոխգնդապետ Չեբոտարյովին: Երբ դուրս էր գալիս զորքի առաջ, ես երանության մեջ էի ընկնում, գեղագիտական հաճույք էի ստանում: Բարձրահասակ էր, թիկնեղ, բծախնդիր, կոկիկ, արդուկված: Միշտ գլուխը բարձր:

-Գլխի բարձրությունը հոգու վեհությունից է գալիս: Սեփական արժանապատվության գիտակցումից, բարձր ինքնագնահատականից, հեշտ չէ գլուխը բարձր պահելը:

-Իհարկե, երբ կանգնում ես զորքի առաջ, ասես հոգիդ մերկ լինի, ու պիտի չամաչես այդ մերկությունից: Չեբոտարյովը հոգիդ, ոսկորներդ սողոսկող կրծքային, թավ ձայն ուներ: Լավ հռետոր էր: Երբ զորքի առաջ խոսում էր հայրենիքից, բառացիորեն հերոսանում էիր: Նրա 5 րոպեանոց ելույթը հեղաշրջում էր անում: Եթե հրաման տային, աշխարհը կնվաճեինք, այնքան ուժ ու համարձակություն էինք ստանում: Ես երազում էի նրա նման մի օր կանգնել զորքի առաջ:

Հիմա, երբ ամեն օր առավոտյան մոտենում եմ շարված զորքին, նույն զգացողությունն եմ ունենում` հպարտության, պատասխանատվության, հզորության: Իմ զորքը շարվում է Մասիսի ֆոնին: Երբեմն հրամայում եմ զորքին դեմքով շրջվել դեպի Մասիսը ու նայել: Ու… զգալ: Ու հասկանալ, թե ինչ ցավ ու ինչ ամոթ է քո հողն ուրիշին տալը, ու ինչ կարևոր է զինվորը հայրենիքի համար: Ես ռազմահայրենասիրություն արթնացնելու ավելի հզոր միջոց չգիտեմ:

-Պարոն Բաղդասարյան, ո՞րն է այն սահմանը, որտեղ հրամանատարը հեռու չէ զինվորից, բայց նաև այնքան մոտ չէ, որ խախտվի աստիճանահարգությունը, որ հրամանատարը իջնի իր բարձունքից, հասարականա:

-Գիտեք, անհիմն մտահոգություն է, ըստ իս: Ես մտնում եմ ծխարան, զինվորների հետ միասին ծխում ենք ու զրուցում, բայց դա երբեք պատճառ չի դարձել, որ որևէ զինվոր խախտի աստիճանահարգության կանոնները կամ չլսի ինձ:

-Դուք պատիվ տալի՞ս եք շարքային զինվորին: Խոսքս զինվորական ողջույնի մասին է։

-Գիտեք, մարդու բարևին չպատասխանելը տարրական բարեկրթության պակասի հետևանք է: Պատիվ տալն էլ մեր` զինվորականների բարևն է. ինչպե՞ս կարող եմ չպատասխանել իմ զինվորների բարևին: Իսկ բարձրաստիճան լինելը պարտավորեցնում է ավելի կիրթ ու օրինակելի պահվածք ունենալ: Պատիվ տուր, որ պատիվ ստանաս` պապական խոսք է:

-Պատահե՞լ է, որ զինվորին պատշաճ վարք պարտադրելու բոլոր միջոցները ապարդյուն անցնեն:

-Չէ, բայց մի դեպք հիշեցի: Հայրը, որը գնդապետի կոչումով զինվորական էր, մոտեցավ, որ ծեծի որդուն, ես թույլ չտվեցի: Ասացի` քանի դեռ զինվորը զորամասում է, ես եմ նրա հայրը: Շատ վատ արարք էր արել: Ես ընդհանրապես դեմ եմ զինվորին վիրավորելուն: Երբեք չպետք է նսեմացնես մարդու արժանապատվությունը, որովհետև ոտնահարված մարդուն բարձրացնելը դժվար է: Իսկ դաստիարակել նշանակում է բարձրացնել մարդուն, այնպես անել, որ ինքն իրենով հպարտանա, ինքն իրեն սիրի: Ինքն իրեն չսիրող մարդը չարիք է: Եթե մարդը չի կարողացել գտնել իր առավելություններ-առաքինությունները, պիտի օգնես նրան: Ընդհանրապես, մարդուն պիտի դիտողություն անես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ու դիտողությունդ էլ պիտի լինի առավելագույն չափով, առանց մարդուն իջեցնելու: Որպեսզի խոսքդ կշիռ, արժեք ու ազդեցություն ունենա: Եթե ամեն քայլափոխին գոռգոռաս, բանի տեղ դնող չի լինի: Իմ վարորդ հայրը հայացքով էր սաստում մեզ, այն էլ` հազվադեպ, կյանքում ձայնը բարձրացրած չկար: Գիտեք, չեմ ուզում սենտիմենտալ բաներ ասել, բայց ես իմ զինվորներով եմ ապրում: Առավոտյան ժամը 7:30-ից մինչև ուշ երեկո` ժամը 9-10-ը, երբեմն` ավելի ուշ, զորամասում եմ:

-Ինչո՞ւ, եթե զորամասում չլինեք, ի՞նչ կլինի:

-Ոչինչ էլ չի լինի, բայց ես պիտի անձամբ համոզվեմ, որ ամեն ինչ իր տեղում է: Ես սովորել եմ ամեն ինչ տեսնել զինվորիս աչքերում: Մի հայացքը բավական է, որ ես նկատեմ: Իմ զինվորները արցունքներով են հեռանում զորամասից: Նրանք ամբողջ կյանքում մնում են իմ զինվորը` իմ տղան, որոնց համար պատասխանատու եմ, որոնց հոգսը իմ հոգսն է, որոնք ամեն պահի կարող են գալ ինձ մոտ վստահ, որ կօգնեմ, ինչով կարող եմ: Եվ գալիս են:

Հիմա մի զինվոր ունեմ` մեր Սաքոն, վերջույթները լավ չեն սնուցվում, սրտի հետ կապված խնդիրներ ունի: Ծնողազուրկ երեխա է, մայրն էլ առողջ չէ: Հնարավոր է` զորացրվի: Ի՞նչ է, զորացրվելուց հետո նա էլ իմը չէ՞, պիտի մոռանա՞մ նրան, չպե՞տք է մտահոգվեմ նրա առողջական վիճակով, չպիտի՞ օգնեմ:

-Ձեր ենթականե՞րն էլ են Ձեզ նման մտածում:

-Չեն կարող այլ կերպ մտածել: Չի կարող ենթակայի աշխատանքը տարբերվել հրամանատարի աշխատանքից բացասական իմաստով:

-Դրական իմաստով` կարո՞ղ է:

-Այո՛: Հնարավոր է, որ ապաշնորհ հրամանատարի ենթական լինի բարեխիղճ զինվորական և լավ ղեկավարի իր ստորաբաժանումը, անկախ հրամանատարի որակից:

-Երեկ զանգեցի Ձեզ, ասացին, որ զինվորի մոր հետ եք զրուցում, չեք կարող պատասխանել զանգին: Խնդի՞ր կար:

-Չէ, զինվորի մայրը եկել էր շնորհակալություն հայտնելու, քանի որ որդին շատ գոհ է ծառայությունից ու իմ մասին լավ բաներ է ասել:

-Ի՞նչ է ասել:

-Ասել է` մեր հրամանատարը իսկական մուժիկ է:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #44 (1113) 12.11.2015 - 18.11.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/11/2015