Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՔԱՆԻ ՏՂԱՆԵՐԻՍ ՁԵՌՔԻՆ ԶԵՆՔ ԿԱ, ԵՍ ՇԱՐՔՈՒՄ ԵՄ»



Արցախյան ազատագրական շարժումը անտարբեր չթողեց եւ ոչ մի հայի. հողագործ, բանվոր, գիտնական, վարորդ եւ ուսուցիչ բոլորը մեկեն դարձան հայրենիքի զինվոր ու միասին պաշտպանեցին երկիրը:

Բյուրեղավանցի Յուրի Ազարյանն էլ միացավ գնդապետ Սերգեյ Առաքելյանի հրամանատարությամբ կազմավորվող Հատուկ գնդի մարտիկներին: Ինքը եւս անտարբեր չէր կարող լինել համազգային պոռթկմանը, քանի որ իր ծննդավայր գյուղը` Բարումը, հայաթափ էր եղել:

-Աշխարհի ամենագեղեցիկ գյուղն է Բարումը` Գարդմանա աշխարհի իմ փոքրիկ անկյունը: Ով մեկ անգամ եղել է այս գյուղում, երբեք չի մոռանա տեղի չքնաղ բնությունը,- մանկության հուշի թեւերն է բռնել Յուրին:- Ես յոթ տարեկան էի, որ մեր ընտանիքը տեղափոխվեց Բյուրեղավան, բայց ամեն ամառ պարտադիր գնում էի գյուղ: Այնտեղի ամեն քար ու թուփ, ավազի հատիկն ու անգամ ավազի փոշին, հավատացեք, չեմ փոխի եվրոպաների հետ: Ես միացա Հատուկ գնդին` հոգուս խորքում հավատալով, որ մի օր ծննդավայրս էլ կազատագրեմ…

Յուրին Կարմիրի վաշտի կազմում էր: Այսօրվա պես հիշում է առաջին մարտը:

– Հաղորդում էինք ստացել, որ ադրբեջանցիներն ուզում են փախցնել սահմանամերձ Ճամբարակ գյուղի ոչխարի հոտը: Ութ հոգով «ՈՒԱԶ» նստեցինք ու քշեցինք Ճամբարակի դաշտերը… Ընկանք շրջափակման մեջ: 40-50 հոգի կրակում էր մեզ վրա,- պատմում է Յուրին,- Լավ է, մեր տղերքն օգնության հասան, ու շրջափակումից դուրս եկանք:

Հետո նկատում են, որ իրենց ընկերներից մեկը` Գրիգոր Ճաղարյանը, չկա: Նորից վերադառնում են: Տեսնում են՝ Գրիգորը վիրավոր ընկած է, իսկ մոտենալ չեն կարող, որովհետեւ հակառակորդը կրակի տակ էր պահում տեղանքը: Յոթ քարի արանքում էին` ի՞նչ անել: Այնժամ Յուրին հանում է սպիտակ շապիկն ու թափահարելով առաջ է գնում:

-Չկրակեցի՛ն: Վիրավոր Գրիգորին դուրս բերեցինք, բայց փրկել չկարողացանք. մեքենայի մեջ՝ ճանապարհին, շունչը փչեց,- դառնացած հիշում է Յուրին:- Գրիգորը մեր Հատուկ գնդի առաջին զոհն էր: 31 տարեկան էր, երեք տղա ուներ, կինը երեխով էր…

Հատուկ գնդի կազմում Յուրին բազմաթիվ մարտերի է մասնակցել` Շուշի, Կարմիր… Ստացած մեդալներն էլ անցած մարտական ուղու խոսուն վկաներն են, բայց ազատամարտիկը ամենամեծ պարգեւը ազատագրված հողն է համարում:

Պատերազմից հետո շարունակեց ծառայությունը: Երեք տղա ունի` Վլադիմիրը, Արմենն ու Մակիչը: Մակիչը խաղաղապահ է, Արմենն էլ հյուսիսարեւելյան ուղղությամբ է ծառայում, պայմանագրային սերժանտ է: Տղաներին ինքն է ուղղորդել, որ զինվորական դառնան: «Քանի տղաներիս ձեռքին զենք կա, ես ինձ շարքում եմ զգում: Մեր ուժերով պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, մենք ենք էս երկրի եւ՛ զինվորը, եւ՛ տերը», -բանաձեւում է Հատուկ գնդի վետերանը:

Մեր զրույցի պահին Արմեն որդին է զանգում սահմանից:

-Ո՞նց է վիճակը, կրակոց կա՞,- հարցնում է հայրը:

-Նորմալ է, պա՛պ ջան, հանգիստ եղեք, ամուր կանգնած ենք,- պատասխանում է որդին:

Պատերազմի դառնահամը ճաշակած մարդիկ երեւի ամենաշատն են ուզում, որ աշխարհում խաղաղություն լինի…

♦♦♦

Օրեր առաջ Հատուկ գնդի 25-ամյակն էր: Ամեն տարի պարտադիր հավաքվում են` անխախտելի կարգ է: Գնում են Եռաբլուր` խնկարկելու զոհված ընկերների հիշատակը: Ողորմի չեն ասում, ասում են` հավերժ փառք: Հետո այցելում են Հատուկ գնդի զորամաս, այնուհետեւ հավաքվում են մի տեղ՝ նշելու:

-Մեր տղերքից ամեն մեկը քայլող լեգենդ է,- հպարտությունը չթաքցնելով՝ ասում է վետերանը,- Է՜հ, 25 տարի է անցել պատերազմական այն օրերից, բայց այսօր էլ սահմանին կրակոցներ են, այսօր էլ զինվոր է զոհվում: Նշանակում է՝ պատերազմը դեռ չի ավարտվել, եւ եթե հարկ լինի, մեր տղերքը առաջվա նման առանց մի վայրկյան տատանվելու կգնան դիրքեր, կկանգնեն մեր հող ու ջուրը պաշտպանող զինվորի կողքին:

Հաճախ ենք հանդիպում, հին օրերից խոսում, հիշում ենք ու քահ-քահ ծիծաղում, հիշում ենք ու լաց լինում: Մեր մարտական օրերի երգն ենք թնդեցնում` «Բիթլիս քաղաք…»: Երբ իրար հետ ենք, այնքան ինձ հզոր եմ զգում: Ինձ թվում է` աշխարհի ամենաուժեղ մարդն եմ, ասես գերբնական զորություն եմ ստանում£ Հաջորդ օրը նույն կյանքն է` իր ռիթմով:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #43 (1112) 5.11.2015 - 11.11.2015, Ճակատագրեր


05/11/2015