Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՔՈՒՐ ՉԱՐԻՔ ՉԿԱ



…Մենք ինչո՞ւ Ստալինին չդատապարտեցինք: Պատասխանեմ… Որպեսզի Ստալինին դատապարտեինք, պետք է նախ դատապարտեինք մեր հարազատներին, բարեկամներին: Ամենամոտիկ մարդկանց: Իմ ընտանիքի մասին պատմեմ… Հայրիկին բանտարկեցին երեսունյոթին. փառք Աստծու, նա վերադարձավ, բայց տասը տարի նստեց: Վերադարձավ ու շատ էր ուզում ապրել… Ինքն էլ էր զարմանում, որ այդքան բան տեսնելուց հետո դեռ ապրել է ուզում… Ոչ բոլորի հետ է այդպես պատահում… Իմ սերունդը մեծացավ ճամբարներից կամ պատերազմից վերադարձած հայրիկների հետ: Բնականաբար, նրանք բռնությունից բացի ուրիշ բանի մասին չէին կարող մեզ պատմել: Կամ էլ՝ մահվան մասին: Նրանք հազվադեպ էին ծիծաղում: Հիմնականում լռում էին: Եվ խմում էին… Խմում էին… Ի վերջո, հարբում էին: Երկրորդ տարբերակը: Ում չէին նստեցրել, վախենում էր, որ կնստեցնեն… Եվ այս ամենը ոչ թե մեկ կամ երկու ամիս էր ձգվում, այլ տարիներ, երկա՜ր տարիներ… Իսկ եթե չէին նստեցնում, հարց էր ծագում՝ ինչո՞ւ, ինչպես է, որ բոլորին նստեցնում են, իսկ ինձ՝ ոչ… Որտե՞ղ եմ թերացել… Կարող էին ձերբակալել, կարող էին ուղարկել ՆԳԺԿ՝ աշխատանքի… Կուսակցությունն է խնդրում, կուսակցությունն է հրամայում… Հաճելի ընտրություն չէ, բայց շատերը պետք է դա անեին…

Իսկ հիմա դահիճների մասին… Սովորական, ո՜չ սարսափելի… Հորս մատնեց մեր հարեւանը… քեռի Յուրան… Դատարկ բանի համար, ինչպես ասում էր մայրիկը: Ես յոթ տարեկան էի: Քեռի Յուրան իր երեխաների հետ ինձ էլ էր ձուկ բռնելու տանում, ձիով ման տալիս: Մեր ցանկապատն էր նորոգում: Հասկանո՞ւմ եք, դահճի բոլորովին այլ կերպար է ստացվում՝ սովորական մարդ, նույնիսկ՝ լավ… Հորս ձերբակալեցին, իսկ մի քանի ամիս հետո էլ՝ հորեղբորս: Ելցինի օրոք ինձ տվեցին նրա գործը. այնտեղ մի քանի մատնագիր կար… Մեկը մորաքույր Օլյան էր գրել… Բարեկամուհի… Գեղեցիկ կին էր, ուրախ… Լավ երգում էր… Արդեն պառավել էր, որ հարցրի. «Օլյա մորաքույր, պատմիր երեսունյոթ թվականի մասին…»: Նա պատասխանեց. «Իմ կյանքի ամենաերջանիկ տարին էր. ես սիրահարված էի»: Հորեղբայրս տուն չվերադարձավ: Անհետ կորավ. Բանտում, թե ճամբարում՝ անհայտ է: Դժվար էր ինձ համար, բայց ես, այնուամենայնիվ, տվեցի ինձ տանջող հարցր. «Օլյա մորաքույր, ինչո՞ւ այդ բանն արեցիք»:- «Ազնիվ մարդ Ստալինի ժամանակներում որտեղի՞ց կգտնեիր…»: (Լռում է): Դեռ քեռի Պավել էր կար, որը Սիբիրում ՆԳԺԿ-ի զորքերում էր ծառայել… Հասկանո՞ւմ եք, քիմիապես մաքուր չարիք չկա… Միայն Ստալինն ու Բերիան չէին… Նաեւ քեռի Յուրան էր, գեղեցկուհի Օլյա մորաքույրը…

Թարգմանեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԼԵՔՍԻԵՎԻՉ
2015 թ. ՆոբԵլյան մրցանակի դափնեկիր

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


29/10/2015