Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՕՍԱ» ՀՐԹԻՌԱԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ (ՀԶՀ) ՄԱՍԻՆ



Լրատվամիջոցները վերջերս հաղորդեցին, որ Սիրիայի մայրաքաղաքի մոտ ռուսական ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են «Օսա» հրթիռազենիթային համալիրի կրակային դիրքը, որը «Իսլամական պետության» ահաբեկիչները հափշտակել էին Սիրիայի կառավարական ուժերից: Չե՞ք բացատրի, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ահաբեկիչների ձեռքն ընկած այդ զենքը, որի ոչնչացումն այդքան կարևորվել է ռուսական զինված ուժերի և լրատվամիջոցների կողմից:
Շարքային Մկրտիչ Մանուկյան,
Կապավոր

«Օսա»-ն ավտոմատացված հրթիռազենիթային համալիր է, որը նախատեսված է մոտոհրաձգային կամ տանկային դիվիզիայի ուժերն ու միջոցները ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և օդային հարձակման այլ միջոցների հարվածներից պաշտպանվելու համար, որոնք գործում են շատ փոքր, փոքր և միջին բարձրությունների վրա:

«Օսա» ՀԶՀ-ի մշակումը սկսվել է 1960թ.: Սպառազինության է ընդունվել 1971թ. հոկտեմբերի 4-ին: 1975-ից թողարկվել է «Օսա-AK» անվանումով, իսկ 1980-ից՝ «Օսա-AKM»: 1989-ից դադարեցվել է «Օսա-AKM» ՀԶՀ-ի սերիական արտադրությունը:

Ռուսական բանակում «Օսա» ՀԶՀ-ն մտադիր են մոտակա տարիներին փոխարինել «Տոր» ՀԶՀ դիվիզիոնային ինքնագնացով, որը, ի տարբերություն «Օսա»-ի կարող է միաժամանակ միանգամից չորս թիրախ խոցել:

Համալիրի կազմի մեջ մտնում են.

-9А33Б մարտական հետախուզության մեքենա՝ նշան բռնելու և խոցելու միջոցներով, չորս 9М33Б զենիթային կառավարվող հրթիռներ,

– տրանսպորտային-լիցքավորող 9Т217Б մեքենա 8 ԶԿՀ-ով,

– վերահսկման և տեխնիկական սպասարկման միջոցներ:

Մարտական մեքենայի կազմի մեջ են մտնում նաև՝

– թիրախների հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայանը,

– թիրախի ուղեկցման ռադիոտեղորոշիչ կայանը,

– հրթիռների վիզավորման երկալիքային ռադիոտեղորոշիչ կայանը,

– երկալիքային հաշվարկային սարքը,

– հրամանների փոխանցման երկալիք կայանը,

– մեկնարկային ավտոմատ համակարգը և արձակման սարքը,

– հեռուստատեսային օպտիկական սարքերը և այլ համակարգեր:

Համալիրի նկարագիրը՝

Համալիրի մարտական մեքենան կարող է ընթացքից օդային հակառակորդների փնտրման ինքնուրույն հետախուզական աշխատանքներ կատարել և կրակ վարել: ՀԶՀ-ն լավ պաշտպանված է զանազան խանգարումներից և կարող է հայտնաբերել մինչև 5000 մ բարձրության վրա թռչող կործանիչները: Ընդ որում, օդային թիրախների հայտնաբերումը կատարվում է ինչպես երթի ժամանակ, այնպես էլ տեղում, իսկ թիրախներից մեկի ուղեկցման ռեժիմին անցումը և դեպի այն 1 կամ 2 հրթիռ արձակելը իրականացվում է միայն կարճ դադարով կամ տեղից:

Մարտական մեքենան տեղադրված է լողացող եռառանցքային անիվային շասսիի վրա (БАЗ-5937), ունի դիզելային շարժիչ և ջրցան: Նման համալիրները կարելի է տեղադրել ցանկացած պինդ մակերևույթի և լողացող միջոցների վրա:

Մարտավարատեխնիկական բնութագրերը

Մարտական զանգված – 18 տ

Անձնակազմ – 5 մարդ

Մարտական մասի զանգված – 15 կգ

Ըստ հեռավորության խոցման առավելագույն գոտի – 10 կմ

Ըստ բարձրության խոցման առավելագույն գոտի – 5 կմ

Թիրախի առավելագույն արագությունը – 500 մ/վրկ

Տեղակայման/հետ հավաքման ժամանակը – 5 րոպե

Մարտական մեքենայի վրայի հրթիռների քանակը – 6 հատ

Հրթիռների քանակը՝ տեղափոխող ավտոմոբիլի վրա – 8 հատ

Արագությունը մայրուղու վրա – 80 կմ/ժ

Արագությունը լողալու դեպքում – 10 կմ/ժ:

Թարգմանեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #41 (1110) 22.10.2015 - 28.10.2015, Ռազմական


21/10/2015