ԿՈՐՈՒՍՅԱԼ ԵՐԿՐԻ ԿԱՆՉԸ…
Հայոց մեծ եղեռնը բազմաշերտ ու բազմածալք երեւույթ է, եւ նրա թողած տխուր եւ վշտալից հետագիծը հայ ժողովրդի հավաքական հիշողության ու հոգեբանության վրա անպարագիծ, անվերծանելի: Եղեռնը ծանր ողբերգություն է, հարատեւ ողբերգություն: Եղեռնի թողած ցավն ու ցավի զգացողությունը թերեւս անվերծանելի է: Եվ լոկ մեծ ու հզոր տաղանդի տեր բանաստեղծները կարող էին իրենց հոգու խորապատկերով անցկացնել ազգային վշտի ու ցավի ողջ բովանդակ բաղադրությունը եւ գոնե փոքր-ինչ համարժեք արձագանք տալ գեղարվեստական պատկերներով:
Այդպիսի բանաստեղծների շարքում առանձնանում է մեծատաղանդ արաբկիրցի բանաստեղծ Վահագն Դավթյանը, որը եղեռնազարկ ժողովրդի հոգեւոր ու ֆիզիկական մի մասնիկն էր:
Վահագն Դավթյանի հայրենի օրրանը՝ սքանչելի գյուղաքաղաք Արաբկիրը, մնաց սահմանի այն կողմում, կորուսյալ Արեւմտյան Հայաստանի խորքերում, օտար ու բիրտ լծի ներքո:
Իր գիտակցական համակ կյանքի ընթացքում նա շարունակ հոգեկան սրսուռ ելեւէջներով կդողա ծննդավայրի կորստյան համար:
Թերթենք «Ծննդավայր» հրաշք հատորյակի էջերը: Կարծես ողջ Արեւմտյան Հայաստանն է իր բնության ձայնով խոսում մեզ հետ: Կորուսյալ՝ անդարձ թվացող երկիրը նորից զարթնում է մեր հոգիներում: Հողի կանչն է սուրում դեպի մեզ, գրկում մեզ ու տանում դեպի մեր պապերի հազարամյա հայրենիքը:
Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015, Հոգևոր-մշակութային