Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Երեւանում միաձայն որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձեւավորելու մասին: Նիստին ներկա էին նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, բացառությամբ Արեւելյան եւ Արեւմտյան ԱՄՆ-ի հանձնախմբերի ներկայացուցիչների:

Ձեւավորվեց 12 անձից բաղկացած կազմակերպչական հանձնախումբ, որի կազմում են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկայացուցիչներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Հայ կաթողիկե եւ ավետարանչական եկեղեցիներից, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյից, ՀՌԱԿ-ից, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունից, Ռուսաստանի հայերի միությունից, ինչպես նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունից:

Միգուցե անուշադրության պատճառով կազմակերպչական հանձնախմբի կազմում չի ընդգրկվել Արցախի Հանրապետության ներկայացուցիչը, սակայն բանաձեւում հստակ սահմանված է, որ Համահայկական խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն Հայաստանի Հանրապետության, Արցախի, Սփյուռքի առանցքային կազմակերպությունների, պետական կառավարման կարեւորագույն մարմինների, հոգեւոր հաստատությունների, քաղաքացիական հասարակության եւ կուսակցությունների ներկայացուցիչները:

Համաձայն ընդունված որոշման՝

– Համահայկական խորհուրդը կկրի խորհրդատվական բնույթ, կունենա տարածաշրջանային եւ թեմատիկ հանձնախմբեր, տարեկան նիստեր կգումարի Երեւանում.

– Խորհուրդը պետք է իր մշտական օրակարգում ընդգրկի հետեւյալ հարցերը՝

ա) աշխարհում հայերի վիճակի մասին համապարփակ ամենամյա զեկույցի քննարկումը,

բ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ դրա հետեւանքների վերացմանն առնչվող խնդիրների քննարկումը եւ՝

գ) համահայկական բնույթի միջոցառումների համադրումը:

– Խորհուրդը պետք է իր անդրանիկ նիստը գումարի Երեւանում 2016 թ. սեպտեմբերի 20-ին:

-Կազմակերպչական հանձնախումբը պետք է մշակի եւ մինչեւ 2016 թ. ապրիլի 15-ը հանձնաժողովի անդամներին եւ տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին առաքի Համահայկական խորհրդի ձեւավորման, հիմնադիր կազմի եւ կառուցվածքի մասին որոշման նախագիծը, պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կազմակերպի խորհրդատվություններ խորհրդի հայեցակարգի, կառուցվածքի եւ գործունեության կարգի շուրջ, նախապատրաստի խորհրդի առաջին նիստը եւ մինչեւ 2016թ. հուլիսի 15-ը իրազեկի հանձնաժողովի անդամներին առաջին նիստի անցկացման վայրի եւ ժամանակացույցի մասին:

– Սփյուռքի նախարարը՝ ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունների, պետական մարմինների հետ փոխգործակցությամբ, ինչպես նաեւ պետական հանձնաժողովի կազմում ներգրավված սփյուռքի կառույցների եւ տարածաշրջանային հանձնախմբերի հետ խորհրդատվություններ կազմակերպելու միջոցով պետք է նախապատրաստի «Հայերի վիճակն աշխարհում» առաջին զեկույցը. մինչեւ 2016 թ. մայիսի 1-ը զեկույցի նախագիծը ներկայացնի պետական հանձնաժողովի անդամներին եւ տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին՝ վերջիններիս առաջարկությունները ստանալու եւ 2016թ. սեպտեմբերի 20-ին կայանալիք նիստում ամփոփելու նպատակով, ինչպես նաեւ խորհրդատվություններ անցկացնի տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝ նախապատրաստելով առաջարկություններ Համահայկական խորհրդի հետ վերջիններիս փոխգործակցության ընթացակարգերի վերաբերյալ:

Քննարկման ընթացքում Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն առաջարկեց, որ, ի լրումն Համահայկական խորհրդի, Սփյուռքի տարբեր երկրներում ձեւավորվեն տարածաշրջանային հանձնախմբեր՝ 2016 թ. Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձի եւ 2018 թ. Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանն աջակցելու նպատակով:

Իմ խոսքում հարցրի, թե ինչո՞ւ Համահայկական խորհրդում չեն ընդգրկվել հանրության ներկայացուցիչներ, որպեսզի հայկական կազմակերպությունների անդամ չհանդիսացող հայերի մեծամասնությունը ներկայացված լինի խորհրդում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ իր աշխատակազմը նման մի գաղափար ուսումնասիրել է, սակայն հրաժարվել է դրանից՝ հաշվի առնելով հայկական Սփյուռքի ներկայացուցիչների ընտրության բարդությունը: Ես նշեցի, որ գոյություն ունեն մեխանիզմներ հայ համայնքներից ներկայացուցիչներ ընտրելու համար: Նախագահը խնդրեց, որ Կազմակերպչական խորհուրդը նկատի ունենա նման առաջարկները: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը եւս արտահայտվեցին Համահայկական խորհրդում հանրության ներկայացուցիչների հնարավոր ընդգրկման մասին:

Ինչպես բացատրել եմ իմ նախորդ հոդվածներում՝ Համահայկական խորհուրդը կվերացնի յուրաքանչյուր հայկական ճգնաժամի կամ խնդրի առիթով առանձին հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտությունը: Իմ կարծիքով՝ նախընտրելի է, որ խորհրդի սփյուռքյան անդամներն ընտրվեն հայկական համայնքներում անցկացվող ժողովրդավարական ընտրությունների միջոցով. սա շատ բարդ գործընթաց է, սակայն դրվատանքի արժանի՝ հաջող իրագործման պարագայում…

Եվ վերջում, սեպտեմբերի 26-ի նիստում քննարկում չեղավ ՀՀ սփյուռքի նախարարության դերի մասին Համահայկական խորհրդի ձեւավորումից հետո: Կազմակերպչական խորհուրդն այս կարեւոր հարցը պետք է դիտարկի իր առաջիկա քննարկումներում:

Թարգմանությունը`

Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015, Հոգևոր-մշակութային


08/10/2015