Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Գյուղի անունը Կիրանց է` հինավուրց ու հնաբույր մի բնակավայր, որի մասին հիշատակությունները գալիս են դեռ չորրորդ դարից: Եղել է մեծ բնակավայր և կոչվել է Կունեն, որն էլ ունեցել է իր վանքը` Կիրանց, և նույնանուն գետը` Կիրանց: Բնակավայրը ժամանակի ընթացքում տարածվել է գետի հովտով. մի նոր շեն են հիմնել Առաքելոց վանքի մոտ: Այսօր կանգուն են հինգ եկեղեցական շինություններից երկուսը:

Ներկայիս տարածքում գյուղը հիմնավորվել է 19-րդ դարի վերջին: Խորհրդայնացումից հետո գյուղը կոչվել է Գետաշեն, իսկ վանքի անունով` Կիրանց, կոչվել է 1967 թվականին: Քարաշեն, փոքրիկ եկեղեցի է կառուցվել: Խորհրդային տարիներին որոշել են եկեղեցին քանդել կամ էլ ծառայեցնել այլ նպատակների համար` պահեստ, անասնագոմ, սակայն գյուղի նախագահ Աբգար Նազարյանի ջանքերով և՛ եկեղեցին է պահպանվել, և՛ որմնանկարները: Խորհելու, հպարտանալու պահեր ես ապրում Աբգար Նազարյանի անունը տալիս. նրա շնորհիվ Կիրանց գյուղից ստալինյան բռնապետության տարիներին ոչ մի մարդ չի աքսորվել: Ես չգիտեմ` կա՞ էլի նման բնակավայր, սակայն այդ լուրն առնելուն պես այս գյուղն ինձ համար դառնում է սրբավայր, իսկ բնակիչները` սիրելի ու հարազատ:

…Կիրանցի բնակիչները ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես իրենց գյուղի, այնպես էլ Տավուշ աշխարհի ինքնապաշտպանական մարտերին: Այս փոքրիկ գյուղը տվել է մեկ տասնյակից ավելի զոհ: Մարտերին իրենց մասնակցությունն են ունեցել Սուրիկ Դավթյանը, Հրայր Ավալյանը, Սոս Դավթյանը, Գագիկ Վարդանյանը, Աշոտ Սիմոնյանը, Գագիկ Նազարյանը, Արարատ Սիմոնյանը և շատ ուրիշներ:

…Արարատի տունը գտնվում է Կիրանց գյուղի մայր ճանապարհի եզրին: Ներկայանում է՝ Արարատ Հովհաննեսի Սիմոնյան: Այս գյուղում հայրանունը պարտադիր են ասում և սիրով են խոսում իրենց պապերի, նախնիների մասին:

Արարատ Սիմոնյանը հրավիրում է իր օջախ: Եվ չես կարող հրաժարվել, որովհետև հրավիրում է սիրով: Ներս եմ մտնում. տանը հյուրեր կան: Ծանոթանում ենք: Ղարաբաղյան պատերազմի վետերաններ են` Արագած և Անդրանիկ Մկրտչյանները, Գարիկ Եղիազարյանը և Ռուդիկ Դավթյանը. «Գնում էինք սահմանամերձ գոտի: Ճանապարհին որոշեցինք կանգ առնել Արարատի տանը, տեսնել մեր մարտական ընկերոջը, որպիսությունը հարցնել»:

Արարատը բարկացած պատասխանում է. «Ոնց պիտի լինեմ: Նենգաբար կրակում են, մեր համբերությունն էլ հատել է: Էս անգամ էլ ներում չկա` դուրս ենք գալու ու հարցը վերջնական լուծենք»:

Արարատ Սիմոնյանը ծնվել է Կիրանցում: Արդեն 62 տարի իր հող ու ջրին է, շատ է սիրում ծննդավայրը: Վկան մարմնի պատերազմական օրերից մնացած վերքերն են, սպիները: Արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է: Տիկին Անահիտի հետ մեծացրել են 4 երեխա՝ երկու տղա, երկու աղջիկ` Հովհաննես, Վահան, Նազելի, Սոսե:

-Տասը թոռ ունեմ,- ասում է Արարատը:- Դեռ բանակի տարիքին չեն, բայց Վարդազարս ճամփան բացել է` Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սան է:

Արարատ պապը ոգևորված խոսում-պատմում է երեխաներից, թոռներից, իսկ տիկին Անահիտը հենց այգու ծառերի տակ սեղան է բացում ու հետն էլ պատմում.

-Էն կռվի տարիներին ամեն օր սպասում էինք, թե երբ է Արարատը տուն գալու: Դեռ փոքր էին երեխաները, ու ապրում էինք կրակոցների տակ: Հիմա նորից թուրքը լկտիացել է, էլի՛ կրակում են…

-Ես հաստատ երկրորդ անգամ պիտի մասնակցեմ, զենք վերցնեմ,- կնոջն ընդհատում է ամուսինը:- Այն ժամանակ մեր գյուղի ջոկատում 30 հոգի էին կռվում, հիմա ավելի մեծ ջոկատ կկազմենք: Այն ժամանակ գյուղի կանայք ու երեխաներն էլ որքանով կարողանում, օգնում էին մեզ` հաց էին թխում, ուղարկում դիրքեր, գուլպա ու փամփշտակալ կարում… Հիմա շատ ավելի ուժեղ ու ապահովված ենք: Մեր Նաիրան էլ, որ հիմա էլ ծառայության մեջ է, ամուսնու` Աշոտի հետ այն օրերին մեծ գործ արեցին հաղթանակի համար: Աշոտը «Հաղարծին» ջոկատի հրամանատարն էր: Մեր գյուղի ու «Հաղարծին» ջոկատները միացան, ու հրամանատարն էլ Աշոտ Քոսյանը դարձավ: Հետո դարձավ գումարտակի հրամանատար: Այժմ հիվանդ է: Հաշմանդամ, ափսո՜ս… Աշոտի և Նաիրայի տղան` Սմբատը, այս զորակոչին մեկնեց ծառայության: Մեկնեց քեֆ-ուրախությամբ, և դա այդպես էլ պետք է լիներ: Ես տեսել եմ մեր զինվորների խիզախությունը, քաջությունը: 1994թ.-ին, երբ առաջին զինվորները եկան մեզ մոտ ծառայության, մենք հպարտանում էինք նրանցով: Կազմավորվում էր Հայոց բանակը, և ազատամարտիկներին աստիճանաբար փոխարինում էին կիրթ, գրագետ կադրեր: Ես, օրինակ, խորհրդային բանակից հետո եղել եմ մեր գյուղի տրակտորիստը, բայց պատերազմն ինձ դարձրեց հրետանավոր: Կարճ ժամանակով գնացի վերապատրաստման և տեղափոխվեցի դիրքեր` Արծվաշեն, մեր սահմանները: 1992թ.-ի օգոստոսի 21-ին Ոսկեպարի կռվի ժամանակ հրետանին տեղափոխելիս վիրավորվեցի տանկի ականի պայթյունից: Եվ պիտի ասեմ, որ վատ հրետանավոր չեմ եղել: Պարգևատրվել եմ ՀՀ «Մարտական ծառայության համար», «Ծովակալ Իսակով», «Հայկական բանակ. 20 տարի» մեդալներով, ինչպես նաև «Սևքարեցի Սաքո», ՂՊՎ միության մեդալներով և պատվոգրերով:

Ապրում ենք, ճիշտ է, դժվարություններ կան, բայց, փառք Աստծո, մեր հող ու ջրի, մեր ծննդավայրում ենք ապրում: Թե մեկ-մեկ սիրտս նեղված է լինում, Արարատ թոռանս հետ որսորդական հրացանս վերցնում ու խորանում ենք մեր անտառները: Գնում եմ, այցելում անտառի թավուտներում Կիրանց, Սրանոց, Դեղձուտ, Սամսոն անուններով մեր հինավուրց եկեղեցիները: 2010 թ. ծնունդով մեր գյուղից փորձարկող օդաչու Վալենտին Նազարյանի հովանավորությամբ գյուղում ևս մեկ մատուռ կառուցվեց: Մատուռի օծման, մատաղի օրհնության և ճաշակման օրը մեծ բազմություն էր հավաքվել: Ներկա էր նաև մի տարեց մարդ, որի նախնիները Մեծ եղեռնից մազապուրծ հանգրվանել էին հեռավոր Ամերիկայում: Նա լուռ ձեռքը մեկումեջ տանում էր աչքերին, դեմքը խաչակնքում, ապա, երբ խոսեց, դեմքը դարձրեց դեպի ադրբեջանական գյուղերը և այսպես ասաց.

-Ան կողմը կապրին մեռնելու համար,- ապա հայացքը նորաբաց մատուռին` խաչակնքեց ու ավելացրեց,- Աս կողմը, թեև կմեռնին էլ, ապրելու համար է…

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Ճակատագրեր


01/10/2015