Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Մուսա լեռան վրա հայ մի բուռ քաջամարտիկների և ժողովրդի կատարած սխրագործությունները թուրքական կանոնավոր զորքի դեմ, ինքնապաշտպանության համար մղված մարտերն ազգային հպարտության, կենաց և մահու ոգորումներ են: Դրանք հպարտություն են ներշնչում ոչ միայն մուսալեռցիներին, այլև հայ ժողովրդի բոլոր զավակներին, որովհետև դրանք միջազգային հնչեղություն ստացած իրադարձություններ են: Ավելի քան 40-օրյա հերոսական ինքնապաշտպանությունից հետո 1915 թվականի սեպտեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում 4092 մուսալեռցիներ փրկվել են ֆրանսիական ռազմածովային նավատորմի երրորդ նավախմբի ռազմանավերի անձնակազմերի հերոսական ջանքերով: Մուսալեռան հերոսապատումի ոսկե մատյանում անջնջելի տառերով գրված են նվիրյալ հայորդիների անունները:

Սեպտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին տրվեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Իրականացվեց այցելություն Մուսա լեռան հերոս Եսայի Յաղուբյանի շիրիմ-հուշարձանին (հեղինակ` Ռ. Իսրայելյան): Զետեղվեցին ծաղկեպսակներ հերոսի շիրմին, որոնցից մեկը իսրայելյանական շնչով արված հաղթական թուր էր ներկայացնում: Ներկա էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, կառավարության հանձնաժողովի անդամներ, վարչության պետի տեղակալ Վանիկ Մինասյանը, Հայաստանի Մուսալեռ Հայրենակցական միության անդամներ, հանրապետության և սփյուռքից ժամանած մուսալեռցիներ, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի ներկայացուցիչներ և հյուրեր: Տեր Մովսես քահանա Ղազարյանը կատարեց հերոսամարտի հերոսների հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ: Ելույթ ունեցան Մուսալեռ Հայրենակցական միության վարչության անդամ Եսայի Չախչախյանը և Այնճարի Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի Կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը` կարևորելով հերոսամարտը և հերոսներին, մասնավորապես՝ քաջամարտիկ Եսայի Յաղուբյանի դերակատարությունը Մուսա լեռան ինքնապաշտպանական հաղթական մարտերի կազմակերպման գործում:

Եսայի Յաղուբյանը ծնվել է Սվեդիայի Մուսալեռան Յօղուն-օլուք գյուղում 1877 թվականին: Տակավին պատանի մասնակցել է հայդուկային պայքարին: Պայքարել է թուրքական կառավարության հայահալած գործողությունների դեմ և 1902 թ. ստիպված հեռացել ԱՄՆ: Երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է հայրենի գյուղ՝ Յողուն-օլուք: Հերոսամարտի նախօրեին հայթայթել է զենք ու զինամթերք: Տեղահանության մասին թուրքական կառավարության հրահանգից հետո եղել է ինքնապաշտպանության գաղափարի պաշտպաններից և կազմակերպիչներից: 1915 թվականին Եսայի Յաղուբյանը առաջիններից մեկն էր, որ մի խումբ մուսալեռցիների հետ բարձրացել է Մուսա լեռան բարձունքներ:

Մուսալեռցիների տարհանման ժամանակ Ֆրանսիական ծովային հրամանատարությունը՝ որպես հարգանքի դրսևորում, Ե. Յաղուբյանին թույլ է տվել իր մոտ պահել զենքը և մասնավոր խցիկ է տրամադրել մարտանավի մեջ: Նա Կիլիկիայի ազատագրման մասնակից էր, Արարայի հաղթամարտի անվեհեր լեգեոնականներից: Ամբողջ կյանքը անց է կացրել մարտադաշտերում: 1919թ.-ին Պորտ Սաիդից վերադարձել է Մուսալեռ, հետո Լիբանան և վերջին հանգրվանը գտել հայրենիքում:

Ե. Յաղուբյանը 1947թ. ներգաղթել է հայրենիք: Մահացել է Երևանում 1957թ.:

Կարեն ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


17/09/2015