Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔՆ Է



Զրույց ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր ՄԵԼՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ հետ

-Պարոն գեներալ, մեր այս զրույցը նպատակ ունի պատասխանելու ժողովրդի մեջ շրջանառվող մի շարք հարցերի: Ու ես պիտի հնչեցնեմ նաև այն հարցերը, որոնց պատասխանները ես գիտեմ` որպես զինվորական, բայց կուզենայի, որ մարդիկ այդ պատասխանները լսեին հենց սպառազինության վարչության պետից:

-Խնդրեմ: Սիրով: Ես հասկանում եմ, որ հարցազրույցը ժողովրդի համար է, և լրագրողի հարցերը ժողովրդի մտահոգությունների շրջանակից են: Պատրաստ եմ պատասխանելու:

-Այսօր համացանցը հասու է բոլորին, և բոլորն են տեղեկանում ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած լուրերին` իրենց բանակի հզորության, ավերիչ զենքերի մասին:

-Այս խնդրին շատ հակիրճ կանդրադառնամ` եթե խաղաղություն է, ուրեմն` պահպանվել է ուժերի ճիշտ հարաբերակցությունը: Երբ Ադրբեջանը կարողանա փոխել ուժերի հարաբերակցությունը հօգուտ իրեն (իսկ ես վստահ եմ, որ երբեք նման բան չի լինի), ոչ թե այդ մասին կգրի համացանցում, այլ պատերազմ կսկսի:

-Պարոն Չիլինգարյան, Ադրբեջանի զինվորական պաշտոնյաներից մեկը նույնիսկ սպառնում էր, որ կարող է հարվածել Երևանին:

-Ի՞նչ է նշանակում` կարող է: Մենք էլ կարող ենք Բաքուն ջնջել գետնի երեսից: Հետո՞…Կարողանալը մի բան է, անելը` մեկ այլ բան: Հետևանքների մասին էլ պիտի մտածել:

-Վերջին շրջանում ինչպիսի՞ էական համալրում է ունեցել մեր բանակի սպառազինությունը:

-Ձեռք ենք բերել զրահատանկային տեխնիկա, հրետանային և հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներ և այլն:

-Տարբեր հարցազրույցների ժամանակ մեր զինված ուժերի բարձրաստիճան այրերը հավաստիացնում են, որ ադրբեջանական սպառազինության տեխնիկական պատրաստության գործակիցը շատ ցածր է, օրինակ` տանկերի 80 տոկոսն անսարք է:

-Այդ մասին խոսել են այն զինվորական պաշտոնյաները, որոնք լծակներ ունեն հատուկ ծառայություններից նման տեղեկություններ ստանալու: Դուք ավելի լավ է ինձ հարցրեք, թե ինչ վիճակում է մե՛ր բանակի ռազմական տեխնիկան, և որքան է մե՛ր սպառազինության տեխնիկական պատրաստության գործակիցը:

-Մինչ այդ, ընթերցողին բացատրենք, որ տեխնիկական պատրաստության գործակիցը արտացոլում է ռազմական տեխնիկայի պիտանելիությունը, այսինքն` սարքինությունը:

-Ե՛վ մարտական, և՛ շարային, և՛ տրանսպորտային, և՛ ուսումնամարտական ռազմական տեխնիկայի տեխնիկական պատրաստության գործակիցը մեր բանակում բարձր է 0,97-ից:

-Այսինքն` տարբեր շահագործման խմբերի ռազմական տեխնիկայի 97 տոկոսը սարքի՞ն է:

-Այո՛, իսկ մարտական տեխնիկան նորոգվում կամ փոխարինվում է ժամերի ընթացքում:

-Հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմը նման չի լինելու 90-ականների Արցախյան պատերազմին:

-Բնականաբար, լինելու է կարճ-ավերիչ:

-Եվ ժամանակին-իրավիճակին համապատասխան նոր զինտեխնիկայով:

-Այո՛, միտված ենք նվազեցնելու զինված ընդհարման ժամանակ մարդկային գործոնը: Մարդը պիտի լինի ավելի պաշտպանված, և մարդկային կորուստները պետք է հասցվեն նվազագույնի: Զենքերը պետք է լինեն առավել արդյունավետ: Օրինակ` պետք է գիշերային պայմաններում մարտը վարելու հնարավորություն ընձեռեն:

-Դուք ասում եք` մարդկային գործոնը հնարավոր պատերազմում հասցվելու է նվազագույնի: Այսինքն` դա լինելու է« «զենքի պատերազմ»: Բայց մեր առավելությունը հակառակորդից միշտ էլ դրսևորվել է մարդկային գործոնի մեջ: Մենք հաղթել ենք մեր քաջությամբ, մեր անձնվիրությամբ: Արդյոք նույնքան ուժեղ կլինե՞նք զենքի պատերազմում:

-Որքան էլ զենքերը հզորանան, մարդկային գործոնի դերը մնալու է առաջնային, և հայրենասիրությունը լինելու է ամենահզոր զենքը: Այսօր աշխարհի ամենահզոր երկրները իրենց ամենահզոր զենքերով պարտվում են` իրենց հողի վրա, իրենց հողի համար կռվող փոքրիկ զինված խմբերին, որովհետև նրանք առաջին հերթին զինված են հայրենասիրության զենքով: Մի խոսքով, ադրբեջանցիների հետ հնարավոր պատերազմում մենք դարձյալ հանելու ենք մեր ամենահզոր զենքը, որի դեմ ադրբեջանցիները ծնկի եկան Արցախյան պատերազմում: Այսօր, երբ ադրբեջանցիները սկսում են հարվածել հեռահար զենքով, և մենք ստիպված պատասխանում ենք նրանց, ադրբեջանական սահմանը դատարկվում է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները պոստերը թողած փախչում:

-Պարոն գեներալ, հայկական բանակի կողմից հզոր զենքերի ձեռքբերումը ադրբեջանական մրցավազքո՞վ է պայմանավորված: Եվ արդյոք ունե՞նք համապատասխան գումարներ այդ տեմպին հասնելու համար:

-Փող ունենք, թե ոչ, ես իրավասու չեմ պատասխանելու, միայն կարող եմ ասել, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում ուժերի հարաբերակցությունը պահպանելու համար մեր ներկայացրած բոլոր հայտերը բավարարվել են:

-Պարզ ասած՝ առաջիկա տարիներին ուժերի հարաբերակցությունը, ասել է թե՝ խաղաղությունը, պահպանելու համար անհրաժեշտ զենքեր ունենալու ենք:

-Այո՛:

-Պարոն գեներալ, անկեղծ ասած, ես՝ որպես զինվորական, վիրավորվեցի, երբ վերջերս շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ առաջնագծի զինվորների համար հեռադիտակներ էին գնել, համացանցը լցված էր երախտագիտության խոսքերով, մենք չե՞նք կարող մեր զինվորներին հեռադիտակով ապահովել:

-Մեր զինվորները ապահովված են հեռադիտակներով, ջերմատեսիլ սարքերով, գիշերային դիտարկման միջոցներով, որոնք տեխնիկայի վերջին խոսքն են, արվեստի մարդիկ գուցե ցանկացել էին սահման պահող զինվորի հանդեպ սիրո, երախտագիտության ժեստ անել:

-Այդ դեպքում, թող գային, ասմունքեին զինվորների համար, ներկայացում բեմադրեին, որն ավելի ընկալելի լիներ:

Պարոն Չիլինգարյան, Ձեր խոսքով` սահմանային հսկման սարքերի պակաս չունենք, հապա ինչո՞ւ են հակառակորդի դիվերսիոն գործողությունները այդքան հաճախակիացել:

-Սահմանային հսկման սարքերը չեն կարող բացառել դիվերսիոն գործողությունների հնարավորությունը: Մեկը մյուսի հետ կապ չունի, դիվերսիոն գործողությունը մանրակրկիտ նախապատրաստվում է, մշակվում է ծրագիր: Նույնիսկ ականապատված տարածքը ականազերծելու միջոցով կարող են ներս թափանցել:

-Կարողացե՞լ ենք զինվորին սովորեցնել սիրել-խնամել զենքը, սրտացավորեն վերաբերվել զինտեխնիկային:

-Ապահովված ենք զինտեխնիկայի խնամքն ու սպասարկումը իրականացնելու համար նախատեսված նյութական միջոցներով: Եվ զենքի պահպանման ներկայիս վիճակը մեզ բավարարում է: Զինվորը հասկացել է, որ վտանգի պահին իր ամենահավատարիմ ընկերը զենքն է, ու եթե նրան չխնամի, զենքը կդավաճանի իրեն:

-Ի՞նչ հաճախականությամբ են թարմացվում բարձրաստիճան զինվորականների` գեներալների ծառայողական մեքենաները: Ասենք` վարչության պետերի:

-Վերջին անգամ թարմացվել են 2007 թվականին: Ըստ կառավարության որոշման` այդ մեքենաների շահագործման ժամկետը պիտի լինի 12 տարի, բայց երևի մինչև 15 տարի կօգտագործենք: Դրանք «Կիա» մակնիշի մեքենաներ են, որոնք համեմատաբար էժան ամենագնացներ են:

-Ձեր ծառայողական մեքենան նո՞ւյնպես այդ սերիայից է:

-Անշուշտ, ինչպես մյուս վարչությունների պետերինը: Իմ ծառայողական մեքենան 2007 թվականին գնված «Կիա» ավտոմեքենա է:

-Պարոն գեներալ, Դուք առիթը բաց չեք թողնում հպարտանալու Չիլինգարյան տոհմի զինագործական ավանդույթներով: Այսօր հայ զինագործությամբ հպարտանալու առիթներ ունենո՞ւմ եք:

-Այսօր էլ հայ զինագործները պատրաստում են հրթիռներ, ռումբեր, ականանետներ, նռնակներ և զինում են բանակը: Հայաստանում պատրաստվում են բանակում օգտագործվող բոլոր զենքերի պահեստամասերը, և նրանց շնորհիվ բանակի ռազմական տեխնիկան սարքին է պահվում, և հնարավորություն է ստեղծվում երկարացնելու զենքերի շահագործման ժամկետները: Հայ զինագործների նորամուծությունների շնորհիվ փոխվում են զենքերի տեխնիկական բնութագրերը, ինչը նույնիսկ ռուսներին է զարմացնում:

-Այսինքն` զենքերն արդիականացվո՞ւմ են:

-Արդիականացվում և հզորացվում են:

-Պարոն գեներալ, մեր զրույցն ավարտենք կրկնելով Ձեր այն միտքը, որ մեր բանակը ունի համապատասխան սպառազինություն մեր երկրի դեմ հնարավոր ոտնձգությունները կանխելու եւ, առիթի դեպքում, նաև հզոր հակահարվածով զսպելու և նվազագույն մարդկային կորուստներով հաղթելու համար: Շնորհակալություն:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/09/2015