Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՂՋՈ՜ՒՅՆ, ԻՄ ՔԱՋ ՈՐԴԻՆԵՐ



Կեսօրին հզոր ազդանշանները խլացրին մեր տարածքը:

Մայրուղով զինվորներ տեղափոխող շարասյուն էր անցնում:

Ես այնպես շնչակտուր վազեցի պատշգամբ, ինչպես ժամանակին դուրս էի թռչում մեր առանձնատնից, երբ տեսնում էի փոստատարին՝ Մուրմանսկում ծառայող եղբորիցս նամակ ստանալու հույսով:

Այսօր այդպես դուրս թռա պատշգամբ…

Չկա ավելի հուզիչ տեսարան, քան բաց բեռնատարներում երկշարք նստած զինվորների կեցվածքը…

Լարված կանգնել էի ու անհանգիստ հայացքով հետեւում էի շարասյանը, ուզում էի բոլոր զինվորներին մեկ առ մեկ տեսնել. 18-20 տարեկան, սիրուն, պինդ էրեխեք էին…

Հանկարծ նրանցից մեկը ձեռքը թափահարելով ինձ ողջունեց, որին միացան մյուսները…

Սիրտս ուռեց, քիչ էր մնում գետնին տապալվեի, բայց ինձ հավաքեցի եւ ուժգին թափահարելով ձեռքս՝ ջերմագին ողջույններս փոխանցեցի տղաներին…

Հետո սկսեցի սրբել առատորեն հոսող արցունքներս…

Ինքս ինձ ասում եմ՝ ես տղա չունեմ ու էսպես հուզվում եմ, սիրտս տակնուվրա է լինում, բա էս զվարթուն տղերքի ծնողները ո՞նց են դիմանում…

Հետո հիշեցի Հրանտ Մաթեւոսյանին, որ ասում էր՝ սրտից թույլ ժողովուրդ ենք, հղի կով ենք տեսնում, լաց ենք լինում, մի լավ երգ ենք լսում, լաց ենք լինում, մի մարդկային արարք ենք տեսնում, լաց ենք լինում…

Է՜հ…

Հաջողություն ձեզ, հայրենիքի թանկագին պաշտպաններ…

Կ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Բանակ և հասարակություն


10/09/2015