Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Աշխարհաքաղաքական ժամանակակից զարգացումների ֆոնին, էթնիկական ու կրոնական, միջազգային ահաբեկչության սպառնալիքների պայմաններում առաջնային դերակատարում է ստանձնում հայրենասիրությունը: Որպես արժեք այն բազմաբովանդակ է: Հասկանալով հայրենասիրության էությունն ու բնույթը, ըստ այդմ, կկարողանանք մեկնաբանել ռազմահայրենասիրական դաստիարակության նշանակությունը: Բնականաբար, տրամաբանական կլինի գիտականորեն հիմնավորված ձևերի ու միջոցների ընտրությունը:

…Բարոյական գիտակցության դրսևորման զգայական աստիճանի արտացոլման ձևերից մեկն է հասարակական ապրումների զգացմունքների խումբը: Վերջինիս էությունն արտացոլող արժեքներից է նաև հայրենասիրությունը: Այն՝ որպես կատեգորիա, արտացոլում է հասարակությունում տիրող, ինչպես նաև ազգային էթնիկական հոգևոր բարոյական մթնոլորտը:

Անժխտելի է, որ հայրենասիրությունը հանդիսանում է ազգի, ժողովրդի, հասարակության, պետության, սոցիալական հանրույթի, անհատի գոյատևման անբաժանելի բաղադրիչը, իսկ հասարակության և պետության դիալեկտիկական գոյատևումն անհնար է պատկերացնել առանց այդ իսկ կառույցների միասնության, ամբողջականության, դինամիկ ու բարեհաջող զարգացման կարևորագույն պայման հայրենասիրության:

Վերջինս բնութագրվում է որպես բարդ, բովանդակային առումով բազմաբաղադրիչ երևույթ, որն ունի զարգացման տարբեր փուլեր և մակարդակներ: Դրսևորումներ, որոնք ակնառու են դառնում հասարակական կյանքի բոլոր կարևորագույն ոլորտներում ու ամենատարբեր ձևերով:

Հայրենասիրությունը հայ ժողովրդի համար ունի իր ինքնատիպ առանձնահատկությունները՝ պայմանավորված ազգային էթնիկական անկրկնելի պատմական զարգացմամբ, հոգևոր ու նյութական մշակույթով, աշխարհաքաղաքական ու բնապատմական զարգացումներով պայմանավորված կյանքի ընթացքով, հայ էթնոսի արիական, աշխարհաստեղծ մենթալիտետով, ազգային ինքնագիտակցությամբ, ի վերուստ տրված հարատևման անհրաժեշտությամբ:

Հայրենասիրության դրսևորման բարձր մակարդակի հասնելն ու դրա պահպանելը բավականին բարդ ու շատ աշխատատար գործընթացներով խնդիր է:

Ելնելով շարադրվածից՝ փորձենք հասկանալ հայրենասիրության տեղն ու դերը, դրա էությունը անհատի, հասարակության ու պետության կյանքում: Այստեղ փորձենք պարզաբանել մի քանի ելակետային դրույթներ:

* Հայրենասիրությունը ձևավորվում և զարգանում է որպես հոգևոր-բարոյականի հաստատմամբ առավել սոցիալիզացված զգացմունք,

* Հայրենասիրությունը՝ որպես իր բնույթով խորապես սոցիալական երևույթ, իրենից ներկայացնում է ոչ միայն հասարակական կյանքի որոշակի կողմ, այլև դրա գոյության և զարգացման էական աղբյուր,

* Հայրենասիրության առաջնահերթ սուբյեկտ է հանդիսանում անհատը, ում գերակա սոցիալ-բարոյական խնդիրն է իր հայրենիքին, պատմական, մշակութային, ազգային և հոգևոր պատկանելության գիտակցումը՝ որպես կյանքի իմաստն ու բովանդակությունը որոշող բարձրագույն սկզբունք.

* Հայրենասիրության իմաստը դրա հոգևոր արժեքայնության մեջ է: Այն որպես վեհ զգացմունք, անփոխարինելի արժեք է, անսպառ աղբյուր:

Շարադրվածի յուրատեսակ թանձրացումն է Նժդեհի իմաստասիրական ըմբռնումն առ այն, որ «Այո՛, հայրենիքը` ընդհանուր աստւածութիւն, հայրենասիրութիւնը` կրօն:

Հայրենասիրութիւնը – միայն ոչ որպես գեղեցիկ խօսք, այլ զգացում եւ գիտակցութիւն, ոչ որպես շրթունքի սէր, կամ իդէազուրկ խուժանավարի բարոյական մերկութիւնը ծածկող գեղեցիկ պատմուճան, այլ` պաշտամունք, կրօն:

Միայն այսպէս, միայն այսպիսով մեր ժողովուրդը կարող կը լինի հեգնել ժամանակն ու իր վտանգները»:[1, էջ 56]

Վերոշարադրվածը հնարավորություն է տալիս ընդհանրացնելով ամբողջացնել հայրենասիրության էությունը:

* Հայրենասիրությունը կարելի է ձևակերպել որպես հասարակական կյանքի և պետության բոլոր ոլորտներին բնորոշ առավել նշանակալի, անգերազանցելի արժեքների համակարգ, ինչը հանդիսանում է անձի կարևորագույն հոգևոր սեփականություն ու բնութագրում է նրա զարգացման բարձրագույն մակարդակը և դրսևորվում է ինքնառեալիզացման ակտիվ գործընթացում ի շահ Հայրենիքի բարօրության:

Անտարակույս, հայրենասիրությունը որոշակի առումով հանդես է գալիս որպես հասարակական ու պետական վերնաշենքի ինքնատիպ հիմք, գաղափարական հենարան: Այստեղից էլ այն համոզմունքը, որ հայրենասիրությունը չի կարող վերացական կերպով հանդես գալ, այսինքն լինել օբյեկտից ու սուբյեկտից դուրս:

Հայրենասիրության օբյեկտը միանշանակ թանձրացված Հայրենիքն է իր ամբողջ էությամբ ու բովանդակությամբ:

Հայրենասիրության սուբյեկտի դերում հանդես են գալիս սոցիալական կառույցները` անձը, սոցիալական հանրույթը, դասակարգը, ազգը և այլն:

Այստեղ երևան է գալիս հայրենասիրությունն ու սուբյեկտը մեկ հարթության բերող և իրար շաղկապող գործառույթի անհրաժեշտությունը հայրենասիրական, մասնավորապես` ռազմահայրենասիրական դաստիարակություն անվամբ:

Շարունակելի

ՄԱՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Բանակ և հասարակություն, Ռազմական


03/09/2015