Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ՝ ԶՈՐԱՎԻԳ



ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵՐՋ…
Լեոնիդ Ազգալդյան

Անցած տարի աշնանը Արցախի Քաշաթաղի շրջանի և Երևանի Նոր Նորք ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի ազատագրման 22-ամյակի առթիվ Աշոտ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի բակում կանգնեցվեց խաչքար-հուշակոթող՝ նվիրված գյուղի ազատագրման համար նահատակված «Նիկոլ Դուման» երկրապահ ջոկատի տղաների հիշատակին: Օգոստոսի 28-ին կայացավ խաչքարի օծման արարողությունը, որին ներկա էին նախաձեռնության հեղինակը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, շրջվարչակազմի աշխատակիցներ, «Նիկոլ Դուման» ջոկատի ազատամարտիկներ Ղուկաս Ուլիխանյանը, Միքայել Բայաթյանը, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը եւ այլք:

Ծաղկաբերդի դպրոցի մոտ հյուրերին դիմավորեցին համայնքի ղեկավար Ազատ Եղոյանը, դպրոցի տնօրեն Ռիմա Բաբաջանյանը, ծաղկաբերդցիներ, հարևան համայնքների բնակիչներ: Նոր Նորք վարչական շրջանի և Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարները դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացան կրթօջախի պայմաններին: Այնուհետև Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակից Նարինե Մխիթարյանը հայտարարեց հանդիսավոր մասի բացումը: Հնչեցին ՀՀ և ԼՂՀ օրհներգերը, հայտարարվեց լռության րոպե: Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին դպրոցի սաները: Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մաթևոս քահանան Տերունական աղոթքով սկսեց խաչքարի օրհնումն ու օծումը: Մյուռոնված ջրով լվաց ու կարմիր գինիով օծեց հուշակոթողը՝ մաղթելով, որ Աստված զորավիգ լինի մեր ժողովրդին, խաղաղություն տա մարտիրոսների հոգիներին: Շնորհավորելով Խաչքար-հուշակոթողի տեղադրման ու օծման համար՝ Տեր հայրն ասաց.

-Եթե մենք կարողանում ենք որևէ լավ բան անել մեր հայրենիքի, այս շրջանի երեխաների համար՝ մեր օրհնությունն է: Թող Աստված տա՝ այս Խաչքարն օրհնություն լինի մեր գյուղի, մեր շեների համար: Թշնամին միայն թուրքը չէ, պաշտպանված լինենք նաեւ սատանայից:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին՝ համբուրելով արդեն իսկ օրհնված կոթողը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ողջունելով ներկաներին, ասաց.

-Ուզում եմ բոլորիս շնորհավորել, մաղթել առողջություն և նոր հաղթանակներ: Մի քանի տարի առաջ մեր 2 պետությունների մայրաքաղաքների համագործակցության արդյունքում շատ հետաքրքիր գաղափար ծնվեց. Երևանի 12 վարչական շրջանները պետք է համագործակցեին ԼՂՀ վարչական տարածքների հետ: Նոր Նորք վարչական շրջանն անմասն չմնաց, և համագործակցության հուշագիր ստորագրվեց Քաշաթաղի շրջանի հետ: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում պարոն Խաչատրյանին՝ նման հնարավորություն մեզ ընձեռելու համար:

***

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանը ծաղկաբերդցիների համար անակնկալ էր պատրաստել: Հանդիսավոր արարողությունից հետո ներկաների համար հանդես եկան Երևանի պետական կրկեսի արտիստները: Մոտ մեկ ժամ տևած ելույթները մեծ սիրով ընդունվեցին. հատկապես ուրախ էին փոքրիկները: Կրկեսի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանը տեղեկացրեց, որ մինչև Ծաղկաբերդ գալը, նույն օրը ելույթ են ունեցել նաև Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում: Սա կրկեսի արտիստների երկրորդ ելույթն էր Բերձորում: Ն. Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ մոտակա օրերին՝ ՀՀ պաշտպանության նախարարության հովանավորությամբ հյուրախաղերով հանդես են գալու Արցախի տարբեր բնակավայրերում ու զորամասերում…

Մթնշաղին հրաժեշտ տվեցինք Ծաղկաբերդին՝ հավատով, որ նոր օծված Խաչքար-հուշակոթողը կանգուն կմնա հավերժ և կլինի զորավիգ մեր ժողովրդին:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Հոգևոր-մշակութային


03/09/2015