Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐՈ՛Ս ԵՆ ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԸ
ՀԵՐՈ՛Ս ԵՆ ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Երբ խմբագրությունում հանդիպեցի հաղթանդամ, բարի աչքերով ու ժպտերես այդ ալեզարդ պապիկին, մտքովս անգամ չանցավ, որ զրուցակիցս ոստիկանական համակարգում շուրջ չորս տասնամյակ ծառայած գնդապետ է:

Հանդիպման առիթը սակայն բոլորովին էլ ոստիկանության համակարգի հետ նրա առնչություն ունենալը չէր. գնդապետի թոռը՝ Լևոն Մկրտչյանը, ծառայում է ազգային բանակում, և ահա նա ուզում է շնորհավորել թոռան ծննդյան 20-րդ տարեդարձը:

-Լևիկիս ծնունդը փոխեց մեր կյանքը, մեր տան ներքին մթնոլորտը: Մեր ընտանեկան երջանկությունը կրկնապատկվեց-եռապատկվեց: Պատկերացրեք, որ եռապատկվեց նաև իմ՝ հայրենիքիս ծառայելու եռանդը, նվիրվածությունը: Այն ժամանակ իմ մտքով չէր էլ կարող անցնել, որ տարիներն այսպես շուտ կթռչեն, մեր փոքրիկ տղան զինվոր կդառնա, կկանգնի սահմանին ու հայրենիքը կպաշտպանի:

Եվ պահեստի գնդապետը ծոցագրպանից հանում է անդրանիկ թոռան զինվորական լուսանկարներից մեկը. «Ահա, ձախ կողմից մեջտեղինը Լևիկս է»: Ու երկար նայում է լուսանկարին, ասես առաջին անգամ է տեսնում:

-Հիմա կասեմ, կիմանաք, թե ինչու է զինվորի պապիկը խմբագրություն եկել: Բացատրեմ. Լևոնիս ամեն ծննդյան օրը ես նրան շնորհավորել եմ՝ անակնկալ մատուցելով: Երբ նա ծնվեց, ես տանը չեմ եղել, գործով Սևանում էի: Հենց իմացա տղա թոռիս ծննդյան մասին, անմիջապես ուխտ արեցի՝ յոթ տարի նրա ծննդյան օրը նշելու եմ Աղթամար կղզում: Այդպես էլ արել եմ. յոթ տարի կղզու եկեղեցում մոմ եմ վառել նրա առողջության, հաջողությունների համար,- ժպտում է ու ավելացնում,- կատակ բան չէ հայրենիքի զինվոր մեծացնելը:

Ու պարզվում է ոստիկանության պահեստի գնդապետի խմբագրության այցի նպատակը՝ ՊՆ պաշտոնաթերթում զինվոր թոռան ծնունդը շնորհավորելով՝ նրան անականկալ մատուցելն է անգամ ծառայելու ընթացքում:

-Ես նրան խորհուրդ էի տալիս՝ սովորիր, նոր բանակ գնա: Մի քիչ ինքնասածի է՝ չլսեց: Ավելին՝ շատ էր ուզում Արցախում ծառայել: Բնավորությամբ համառ, խիզախ տղա է, նաև հումորով. ամեն ինչի մասին ոգևորությամբ, ծիծաղով է պատմում: Դեռ չեմ լսել որևէ բանից դժգոհի, նեղսրտի… Ա՛յ, այստեղ արդեն պապին է քաշել… Համոզված եմ, որ շատ կուրախանա՝ պապիկի բարեմաղթանքները կարդալով: Վերջին անգամ մի տարի առաջ եմ տեսել… Մի քանի ամիս բան է մնացել, շուտով տուն կգա, կդիմանամ:

Առողջություն և անփորձանք ծառայություն եմ ցանկանում Լևիկիս: Առողջություն և անփորձանք ծառայություն եմ ցանկանում բոլոր զինվորներին… Իսկ մեզ՝ զինվորների ծնողներին ու տատիկ-պապիկներին, համբերություն: Մեր որդիները, թոռները եթե ծառայում են, սահման են պահում, թշնամու ոտը ջարդում են, ուրեմն հերոսներ են… Մենք միայն պետք է հպարտանանք նրանցով. քիչ բան չէ հերոսի պապիկ լինելը…

Հայկ ՄԱԳՈՅԱՆ