Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈՐԱԿ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Սպայական կադրերի պատրաստության ընթացքում հատուկ ուշադրության է արժանի այն մասնագիտամանկավարժական պայմանների ստեղծումը, որոնք ապագա հրամանատարին առավելագույնս պատրաստված կդարձնեն զինվորական կոլեկտիվում բոլոր տեսակի հարաբերությունները դրական հիմքերի վրա դնելու համար:

Այս առնչությամբ կարևոր է դիտարկել ստորաբաժանումներում հրամանատար- լիդերի գործելաոճը` խմբի կառավարման միջոցների, դրանց իրականացման ձևերի ընտրությունը, որն ընդունված է ձևակերպել որպես ղեկավարման ոճ:

Իրականացված հետազոտությունների արդյունքում առանձնացվել են լիդերության կամ ղեկավարման հետևյալ ոճերը:

Ավտորիտար (կամ բռնատիրական) ղեկավարման ոճ, որին բնորոշ է ղեկավարի կողմից բոլոր որոշումների միանձնյա ընդունումը («նվազագույն ժողովրդավարություն»), որոշումների իրականացման գործընթացի նկատմամբ անընդհատ և խիստ վերահսկողություն` պատժի սպառնալիքով («առավելագույն վերահսկողություն»), ենթակայի` որպես անհատականության հանդեպ հետաքրքրության բացակայություն: Անընդհատ վերահսկողության շնորհիվ ղեկավարման այս ոճը ծառայության ընթացքում ապահովում է աշխատանքի բավարար արդյունք: Մինչդեռ այն իր մեջ ունի նաև որոշակի վտանգներ, որոնք էլ կարող են հանգեցնել բացասական հետևանքների` սխալ որոշումների ընդունման մեծ հավանականություն, ենթակաների կամքի, նախաձեռնողականության ճնշում, ոչ բարենպաստ հոգեբանական մթնոլորտ կոլեկտիվում, հոգեբանական և ֆիզիկական ճնշվածություն ենթակաների շրջանում: Ղեկավարման այս ոճն իր մաքուր վիճակում կարող է իրեն արդարացնել, օրինակ, մարտական գործողությունների ժամանակ, սակայն ծառայական առօրյայում այն ցանկալի է համակցել ղեկավարման այլ ոճերի, մասնավորապես` դեմոկրատականի հետ, ինչը ավելի ճկուն և լիարժեք կդարձնի զորքերի կառավարումը:

Դեմոկրատական (ժողովրդավարական կամ կոլեկտիվ) ղեկավարման ոճ: Ղեկավար որոշումները կայացվում են խնդրի քննարկման, կոլեկտիվի կարծիքների և նախաձեռնությունների հիման վրա (առավելագույն ժողովրդավարություն):

Որոշումներն իրականացվում են ինչպես ղեկավարի, այնպես և ամբողջ կոլեկտիվի վերահսկողությամբ (առավելագույն վերահսկողություն): Հրամանատարը հետաքրքրություն և բարեհոգություն է ցուցաբերում իր ենթակայի անձի, մարդկային-անհատական պահանջմունքների, առանձնահատկությունների հանդեպ:

Ղեկավարման ազատական (լիբերալ) ոճը բնորոշվում է մի կողմից «առավելագույն ժողովրդավարություն» սկզբունքով (բոլորը կարող են արտահայտել իրենց կարծիքը, սակայն տարբեր դիրքորոշումների իրական համաձայնեցում չի իրականանում), մյուս կողմից` «նվազագույն վերահսկողություն» (նույնիսկ ընդունված որոշումները չեն իրականանում, ամեն ինչ հանձնված է «ինքնահոսի»), ինչի հետևանքով աշխատանքի արդյունավետությունը նվազում է, իսկ հոգեբանական մթնոլորտը կոլեկտիվում դառնում է անբարենպաստ, չկա համագործակցություն ծառայակիցների միջև, չկան ուսման առաջադիմության, պարտականությունների իրականացման ազդակներ: Այս պայմաններում թերևս հնարավոր է միայն շինծու հեղինակության ձևավորումը, ինչը կարող է հանգեցնել մարտավարամասնագիտական խնդիրների նշանակալիության նվազեցման, զինվորական կոլեկտիվի ներսում ոչ ֆորմալ հարաբերությունների առաջացման:

Ղեկավարման անհետևողական (անտրամաբանական) ոճ, որը բնորոշվում է զինվորական ղեկավարի` ղեկավարման մի ոճից մյուսին անկանխատեսելի և անհիմն անցումներով (ավտորիտարից` ժողովրդավարականի, ազատականի, հետո նորից ավտորիտարի և այլն), ինչը առաջ է բերում համատեղ աշխատանքի խիստ ցածր արդյունք և կարող է տարանուն կոնֆլիկտների և խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

Հարկ է նշել, որ հմուտ հրամանատարի ղեկավարման ոճը պետք է աչքի ընկնի մտքի ճկունությամբ` այս կամ այն իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու և ըստ իրադրության էլ ղեկավարման մի ոճը մյուսի հետ համակցելու կամ մյուսով փոխարինելու ընդունակությամբ: Այս իմաստով Պ. Հերսիի և Կ. Բլանդեդի առաջարկած կառավարման հաջորդ՝ իրադրային ոճը զինվորական կոլեկտիվի ղեկավարման տեսանկյունից կարելի է ամենից արդյունավետը դիտարկել, քանի որ հաշվի է առնում կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի բարոյահոգեբանական զարգացածության աստիճանը և հրամանատարի ճկուն գործելակերպը:

Ղեկավարվելով զինվորական կոլեկտիվի և ներքին առանձնահատկությունների բազմազանությամբ ու վերը բերված կառավարման ոճերի բնույթով՝ պետք է առավել արդյունավետ դիտարկել իրադրային ոճը` իհարկե ավտորիտարի գերակայությամբ և դեմոկրատականի հետ որոշակի համակցումով:

Ղեկավարման լիբերալ ոճը ակնհայտորեն նպատակահարմար չէ զինվորական կոլեկտիվներում կիրառելու համար, քանի որ զինվորական կանոնակարգված առօրյայում թողտվությունը, վերահսկողության պակասը կարող են հանգեցնել համակարգի խարխլման, անկառավարելիության, ինչն ընդհանրապես պետք է բացառել ՀՀ զորքերում:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #30 (1099) 6.08.2015 – 12.08.2015, Սոցիալ-իրավական


06/08/2015