ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ԱՐՑԱ՛Խ
Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
-Պարոն գեներալ-լեյտենանտ, Արցախում ինչպե՞ս են նշում Հաղթանակի օրը:
-Որքան էլ տարօրինակ թվա, մեզ համար մայիսի 9-ը ամենակարեւոր տոնն է, եւ կասեի նույնիսկ, որ Արցախում այն ավելի մեծ շուքով են նշում, քան Անկախության տոնը կամ Ամանորը: Այս տոնական օրերին մենք պատվում ենք Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնք միշտ մեզ հետ առաջին շարքում են: Ոչ թե այն պատճառով, որ այսօր շատ քիչ վետերաններ են մնացել, այլ որովհետեւ ներկայիս հաղթանակների հիմքում մեր հայրերի ու պապերի հաղթանակն է: Ինքնին խոսուն փաստ է, որ 4 մարշալ եւ 105 ԽՍՀՄ հերոս ծնունդով Ղարաբաղից են: Հավանաբար դա հենց այն է, ինչն անվանում են ժողովրդի ոգի, ազգային բնավորություն, որն այսօր էլ մեր մեջ է, եւ որի շնորհիվ մենք պաշտպանեցինք մեր անկախությունը: Մենք ազատագրեցինք Շուշին, ինչից սկսվեց մեր անկախ պետության եւ Ղարաբաղի պաշտպանության բանակի ստեղծման նորագույն պատմությունը, բանակ, որը բոլոր այս տարիներին եղել է մեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության երաշխավորը:
-Աշխարհը ցայսօր զարմանում է, թե ինչպես փոքր հանրապետությանը հաջողվեց դիմակայել «մինչեւ ատամները» զինված հակառակորդին: Ասում են, որ նման դեպքերում «գործի կեսն անում է» հայրենասիրական ոգին:
-Դրանում իսկապես ճշմարտություն կա: Ամենաակնառու օրինակներից մեկը Շուշիի ազատագրումն է: Իզուր չէ, որ այն միշտ անվանել են անառիկ քաղաք-ամրոց, որին կարելի էր մոտենալ միայն ոտքով, ինչպես դարեր առաջ: Բայց մենք ազատագրեցինք Շուշին նվազագույն կորուստներով, թեպետ այնտեղ ամրացած թշնամին հարյուրապատիկ գերազանցում էր մեզ ինչպես թվով, այնպես էլ սպառազինությամբ: Նույնը եղավ Աղդամում: Գիտե՞ք ինչու: Որովհետեւ մեզ արդեն զզվեցրել էին թշնամու բոլոր սպառնալիքները, ռմբակոծությունները, գազանությունները: Մեր մեջ չկար մեկը, որ պատրաստ չլիներ իր կյանքը տալու հանուն Շուշիի, հանուն Արցախի: Մենք ուզում էինք ապրել անկախ, եւ մենք կապրենք անկախ:
-Խաղաղությունը հաստատվե՞լ է:
-Ցավոք, ո՛չ: Առաջին գծում մինչեւ հիմա էլ նշանառուների գնդակից շարունակում են զոհվել Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորները: Մենք բոլորս խորապես ցավակցում ենք զոհված զինծառայողների հարազատներին: Թեպետ կրակի գծից նշանառուներին հանելու մասին եղել է միջազգային կառույցների որոշումը, այդուհանդերձ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիվ գործողությունները հերթական անգամ հաստատում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում հրադադարի ռեժիմը պահպանելու` իր իսկ ստանձնած պարտավորությունները, այլեւ, ընդհակառակը, գործում է ավելի լկտի եւ սանձարձակ` պարզապես ծիծաղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների վրա: Այսօր պետք է սթափ գնահատել իրավիճակը. ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը երբեք չի ընդունի միջազգային կառույցների առաջարկած պայմանները:
-Ձեր կարծիքով, Ադրբեջանի` վերջերս ուժգնացած ռազմական հիստերիան հռետորության հերթական «չափաբաժի՞նն» է, թե՞ պատերազմի իրական սպառնալիք:
-Ինձ համար` որպես պաշտպանության նախարարի, պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի, նույնիսկ հիմա` ձեզ հետ զրուցելիս: Ուստի արդեն 16 տարի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում առաջին գծի մեր ստորաբաժանումները համար մեկ մարտական պատրաստականության վիճակում են: Ես խորապես համոզված եմ. եթե Ադրբեջանում համարեն, որ Ղարաբաղի հարցը կարող են լուծել ռազմական ճանապարհով, ապա անմիջապես պատերազմ կսկսեն: Իսկ առայժմ պարզապես գնահատում են իրենց հնարավորությունները` հրաշալի հասկանալով, որ չեն կարող հաղթել: Նրանց զսպում է ոչ այնքան միջազգային հանրությունը, որքան Արցախում տեղակայված մեր զինված ուժերը: Եվ եթե պատերազմը, այնուամենայնիվ, սկսվի, ապա պատասխանը կլինի համարժեք: Մենք կռվելու ենք արդեն ոչ թե մեր տարածքում, այլ այնտեղ, որտեղ հարկ կհամարի ԼՂՀ պաշտպանության բանակը:
-Ղարաբաղի պաշտպանության բանակը համագործակցո՞ւմ է Հայաստանի ազգային բանակի հետ:
-Ամենասերտ ձեւով: Պատերազմի դեպքում (էական չէ` Ադրբեջանի, թե ուրիշ պետության դեմ) Արցախի եւ Հայաստանի զինված ուժերը գործելու են միասնական ղեկավարության ներքո եւ կատարելու են միասնական մարտական խնդիրները:
-Ադրբեջանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե չի բացառում ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման տարբերակը, ինչի համար զգալիորեն ավելացնում է իր ռազմական բյուջեն: Հակամարտության գոտում ուժերի հավասարակշռությունն արդյոք չի՞ խախտվի:
-Ինչ խոսք, թշնամու սպառազինության ծավալները մեզ իսկապես զգուշանալու տեղիք են տալիս: Բայց կա մի նրբություն. զենքի գնումը ավելի շատ նման է հոգեբանական հնարքի, որին դիմում է ամբողջատիրական պետության միանձնյա ղեկավարը` սեփական ժողովրդի առաջ արդարանալու եւ նրան հանգստացնելու համար. իբր, ահա, տեսեք, մենք նույնպես չենք համակերպվում Ղարաբաղի կորստի հետ եւ անում ենք հնարավոր ամեն ինչ` ձեռք բերվող զենքի հաշվին այն վերադարձնելու: Մյուս կողմից, այդ գործողությունները կարելի է համարել միջազգային հանրության շանտաժ. «Եթե դուք չճնշեք Հայաստանին, որպեսզի նա զիջումներ անի, այդժամ մենք կվարենք ինքներս մեզ զինելու մեր քաղաքականությունը»: Թեպետ ինքնաբավ պետություն դառնալու եւ սեփական անկախ քաղաքականություն վարելու համար պետք է բազմադարյա ճանապարհ անցնել` խանությունից պետության վերաճելու:
Միաժամանակ ուզում եմ նշել, որ 2010 թվականին, ավելացնելով մեր բանակի ռազմական ներուժը, մենք նույնպես ձեռք բերեցինք մեծ քանակի ռազմական տեխնիկա, որը նախատեսված է հակառակորդի ցանկացած բնույթի հարված բացառելու համար: Այս տարի այդ աշխատանքները շարունակվելու են: Համաձայն լատինական հայտնի ասացվածքի` «Խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»: Ահա եւ մեզ հարկադրում են: Պատրաստվելով պատերազմի` մենք ապահովում ենք Ղարաբաղի խաղաղությունը:
-Պարոն Հակոբյան, վերջերս Ղարաբաղի պաշտպանության բանակը հրամանատարաշտաբային զորավարժություն անցկացրեց: Ձեր գնահատականը:
-Գնահատողը հանրապետության ղեկավարությունն էր: Ընդհանուր առմամբ, դրանք անցան ծրագրի համաձայն: Մարտական գործողություններին առավելագույնս մոտ պայմաններում մշակվել են ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակողական գործողություններ, կազմակերպվել է տարբեր զորատեսակների եւ ստորաբաժանումների փոխգործակցությունը: Եզրափակիչ փուլում անցկացվել է մարտական հրաձգություն: Հակառակորդը չի դադարեցնում իր ռազմատենչ հայտարարությունները` պնդելով, որ ի վիճակի է ցանկացած հարց լուծելու ուժով: Իսկ մենք գործնականում ապացուցում ենք, որ դա հնարավոր չէ, քանի որ մեր զինված ուժերը ունեն մարտական պատրաստականության անհրաժեշտ մակարդակ, ինչը մասնավորապես դրսեւորվել է նշված զորավարժության ընթացքում:
-1994թ. պաշտոնապես հայտարարվեց, որ Երեւանի երկինքը հուսալիորեն պաշտպանված է ՀՕՊ համակարգերով: Ինչքանո՞վ է հուսալի Արցախի երկնքի պաշտպանությունը:
-Կարող եմ ասել միայն, որ հուսալիությունը ոչնչով պակաս չէ:
-Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման առիթով Ադրբեջանը հերթական անգամ բացեց սպառնալիքների «կծիկը»: Ըստ Ձեզ՝ դա միայն հոխորտա՞նք է:
– Միմիայն պոպուլիզմ: Նախ` մենք ունենք հրթիռներ խոցելու ե՛ւ միջոցներ, ե՛ւ հնարավորություն, եթե դրանք արձակվեն մեր ինքնաթիռների վրա: Երկրորդ` մեր օդանավակայանը բավականին հեռու է սահմանից, եւ ինքնաթիռներն էլ թռչելու են Հայաստանի ու Ղարաբաղի ներքին երթուղիներով` չխախտելով Ադրբեջանի տարածքը: Վերջինս, ի դեպ, թող չմոռանա, որ Արցախի ՀՕՊ-ը ամեն օր ուղեկցում է Ադրբեջանի տարածքով թռչող 61 ինքնաթիռ, որոնք կարելի է հեշտությամբ խոցել: Անհրաժեշտության դեպքում: Բոլորին հայտնի է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է Ստեփանակերտ ժամանել առաջին չվերթով: Ուզում եմ ավելացնել, որ ես հատուկ կմեկնեմ Երեւան, որպեսզի նույն չվերթով ժամանեմ Ստեփանակերտի օդանավակայան:
-Արդեն սկսվել է գարնանային զորակոչը: Ղարաբաղի երիտասարդությանը բնորո՞շ է բանակից խուսափելը:
-Ո՛չ: Կտրականապես ո՛չ: Ես չեմ կարող բանակից խուսափելու ոչ մի օրինակ բերել: Դա ամենեւին հատուկ չէ մեր երիտասարդներին, որոնցից շատերը ծնվել են պատերազմի տարիներին: Իրենց ծնողների օրինակով նրանք տեսել են պատերազմի արյունն ու միաժամանակ գիտեն իրենց հայրերի նվաճած ազատության ու անկախության գինը: Ես կարող եմ ասել, որ նրանցից յուրաքանչյուրը, չնայած երիտասարդ տարիքին, նույնպես պատերազմ է անցել եւ գիտակցում է ռազմական նոր սպառնալիքի հնարավորությունը իր Հայրենիքի, իր հայրական օջախի նկատմամբ, որն ինքը պարտավոր է պաշտպանել: Ի դեպ, Ղարաբաղում դեռ խորհրդային ժամանակներից ավանդույթ կար, ըստ որի` բանակից խուսափած տղային աղջիկ չէին տալիս` ամոթ էր համարվում:
-Հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ թեեւ բարձր զինվորական կոչում ունեք, բայցեւայնպես Ձեզ նախեւառաջ զինվոր եք զգում:
-Այդպես է: Բանակում ամեն ինչի վերջնանպատակը զինվորն է: Եւ եթե ես ինձ չզգամ նրա տեղում` պահակակետում, պարապմունքներին, առաջին գծում, ուրեմն՝ ես վատ հրամանատար եմ: Դա ոչ միայն գրված է իմ պաշտոնական պարտականությունների ցանկում, այլեւ իմ խառնվածքով նույնպես ես զինվոր եմ` իմ տեղում:
-Պարոն Հակոբյան, Դուք արհեստավարժ զինվորականի ուղի եք անցել: Դա Ձեր մանկության երազա՞նքն էր, թե՞ շարունակել եք ընտանեկան ավանդույթը:
-Ո՛չ, ես մեր ընտանիքում առաջին զինվորականն եմ: Ընդ որում, մասնագիտությանս ընտրության հարցում մեծ դեր խաղաց այցելությունը մարշալ Բաղրամյանի եւ մարշալ Բաբաջանյանի տուն-թանգարան, երբ մեզ` իններորդ դասարանցիներիս, էքսկուրսիա էին տարել: Հենց այնտեղ էլ որոշեցի զինվորական դառնալ: Եւ դպրոցն ավարտելուց հետո իրականացրի երազանքս` ընդունվելով Ալմա Աթիի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը:
Ղարաբաղն աշխարհին բազմաթիվ հռչակավոր զինվորական ստրատեգներ է տվել: Մեր ոչ վաղ անցյալից վառ օրինակը` գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանը, որ անցնելով Հայրենական մեծ պատերազմը, մասնակցեց Ղարաբաղյան պատերազմին, երբ արդեն 72 տարեկան էր: Եւ նման հերոսները Ղարաբաղում շատ են: Մայիսի 9-ին մենք նշելու ենք Հաղթանակի տոնը: Եւ այդ օրը ես ուզում եմ մեզ բոլորիս մաղթել քաջառողջություն եւ խաղաղություն, որն այնքան պետք է յուրաքանչյուրիս օջախին:
ՆԱՏԱԼՅԱ ՕՀԱՆՈՎԱ
Խորագիր՝ #18 (883) 11.05.2011 – 18.05.2011, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում