Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԱՄՈՒՐ Է ՀԻՄՔԸ



Անկեղծ լինեմ եւ խոստովանեմ, որ երբ զորամասերում բարձր հրամանատարական կազմի կողմից գովեստի խոսքեր եմ լսում երիտասարդ սպաների հասցեին` անանձնական հպարտություն եմ ապրում եւ ուզում եմ րոպե առաջ հանդիպել նրանց, զրուցել հետները, լսել նրանց խոհերը, մտորումները մեր բանակի, մեր ժողովրդի, մեր պատմության մասին: Հպարտություն եմ ապրում մեր այսօրվա ու վաղվա համար, որովհետեւ այսօրվա կրտսեր հրամանատարական կազմի աչքի ընկած սպաներն են լինելու մեր վաղվա հրամանատարները, մեր բանակի սյուները:

Գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Դավիթ Խաչատրյանը, ներկայացնելով լեյտենանտ Սուրիկ Մովսիսյանին, ասաց.

-Մեր լավագույն դասակի հրամանատարներից է: Կարճ ժամանակում ձեռք է բերել հարգանք և վստահություն ինչպես զինվորների, այնպես էլ հրամանատարության կողմից:

Զրուցեք, ինձ թվում է, դուք էլ կհամոզվեք:

Եվ նստած ենք դեմդիմաց` ես ու դասակի հրամանատարը` լեյտենանտ Սուրիկ Մովսիսյանը: Հայացքը խոհուն է` ներկայանալուց, ծանոթությունից հետո դեմքին ժպիտ է նկատվում, թվաց, որ ամաչկոտ է, սակայն զրույցի ընթացքում զգացվեց, որ դա ավելի շատ հարգանք է տարիքով իրենից ավագի հանդեպ: Եվ հենց այդտեղից էլ ծայր առավ մեր զրույցը.

-Մեկ տարուց մի քիչ ավելի է, ինչ Դուք ավարտելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, նշանակվել եք սահմանային այս զորամասում՝ որպես դասակի հրամանատար: Եվ այս կարճ ժամանակում արդեն գովեստի խոսքեր են հնչում ձեր հասցեին:

-Ձեր հարցի պատասխանը ուզում եմ սկսել այսպես` թե ինչպես որոշեցի դառնալ զինվորական: Ծնունդով Եղեգնաձոր քաղաքից եմ: Ընտանիքի միակ արու զավակը: Զավեն հայրս իր չափով իր մասնակցությունն է բերել մեր ընդհանուր ազատագրական պայքարին: Փոքր հասակից ինձ միշտ վերցնում էր հետը, և ես լսում էի մեր ֆիդայի-ազատամարտիկների պատմությունները ինչպես Արցախյան պատերազմի, այնպես էլ մեր պատմության հերոսական ու ողբերգական ժամանակներից: Եղեգնաձորում մի բարձունք կա, որտեղ ննջում են դարավերջի մեր հերոսները: Մենք այդ վայրին Բլուր ենք ասում, և ես հայրիկիս հետ մշտապես ներկա եմ եղել փառքի այդ տարածքում տեղի ունեցած բոլոր միջոցառումներին: Այսպես է անցել իմ մանկությունը: Ու երբ մի օր ծնողներիս հայտնեցի, որ դպրոցն ավարտելուց հետո որոշել եմ զինվորական դառնալ, մի պահ նրանք անակնկալ նայեցին մեկմեկու: Հետո ժպիտ նկատեցի նրանց դեմքին, իսկ մայրս մեկ հայացքը ինձ, մեկ հորս` դրական գլուխն էր շարժում: Այդ պահին տվեցին իրենց համաձայնությունը. սակայն ոչինչ չասացին, հետո մայրս ասաց հորս. «Ժողովուրդը ճիշտ է ասում. ինչ ցանեցիր, այն էլ կհնձես»:

Ասեմ, որ չնայած ընտանիքի միակ արու զավակն եմ, սակայն ծնողներս դեմ չեղան իմ ընտրությանը:

-Այսքանը՝ որպես իմ հարցի նախաբա՞ն:

-Այո՛, դա շատ կարևոր է, ինչպես կարևոր է նոր շինության հիմքը: Առավել ևս, երբ դու ընտրում ես քո մասնագիտությունը. իսկ այդ դեպքում` թերևս մեր օրերի, ժամանակների համար ամենակարևոր ու պատասխանատու գործը, դու նաև պետք է արդարացնես բոլոր նրանց սպասելիքները, ովքեր քեզ վստահել են, եղել են քո թիկունքում: Այսպես է սկսվում երիտասարդ սպայի կայացման, ինքնահաստատման ճանապարհը, որտեղ ուզում եմ առանձնացնել մի քանի կարևոր նկատառումներով: Առաջինն այն է, որ մեր ռազմաուսումնական հաստատություններում, որտեղ հրաշալի մասնագետներն իրենց գիտելիքներն են փոխանցում կուրսանտներին, պետք է տեսականորեն ամբարես այն, որովհետև մինչև գործնականորեն այն չկիրառես, դու դեռ կայացման ճանապարհին ես: Իսկ կուրսանտը գործնականում իր առաջին քայլերն անում է, երբ արդեն բարձր կուրսերում լինում է զորամասերում, անցնում ստաժավորման փուլը և փորձում է գործնականում կիրառել իր տեսական գիտելիքները:

Սակայն դա զուտ ծանոթություն է զորամասերի հետ, որը ժամանակի առումով մնում է անավարտ: Իսկ երբ ռազմական ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո երիտասարդ սպան ոտք է դնում զորամաս` արդեն սկսվում է մի ճանապարհ, որը եթե ճիշտ և անսխալ անցար (հրամանատարների, անձնակազմի հետ աշխատելու կարողություն, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ խնդիրների հաղթահարում) դու որպես անհատ կկայանաս նաև որպես հրամանատար, կդառնաս լիարժեք մասնագետ:

-Իսկ Դուք ինչպե՞ս անցաք և ինչպե՞ս եք շարունակում անցնել այդ ճանապարհը:

– Ուզում եմ մեջբերել ՀՀ ԶՈՒ երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսում մեր պաշտպանության նախարար Ս. Օհանյանի ելույթից այս հատվածը. «Մարտունակության բարձրացման չափազանց ճկուն և արդյունավետ մեխանիզմ կգործի, եթե երիտասարդ սպան գիտակցի, որ հիմա, հենց այս տարիքում ինքը պիտի անխնա աշխատի, որ միայն հիմա է ի վիճակի կրելու ծառայության բոլոր դժվարությունները և ամենամեծ պահանջները դնելու իր անձի առջև: Հավատացնում եմ` անխուսափելիորեն նույն ճանապարհն են անցել բոլոր այն մարդիկ, որոնք այսօր զինված ուժերում բարձրագույն հրամանատարական պաշտոններ են զբաղեցնում»:

Անկեղծ ասած՝ այս խոսքերը ինձ համար դարձել են ուղենիշ, և ես փորձում եմ լիարժեք օգտագործել իմ այս ժամանակը: Լինում են երիտասարդ սպաներ, որոնց թվում է, թե ռազմական բուհն ավարտելուց հետո նրանք արդեն ամեն ինչ գիտեն, էլ սովորելու բան չունեն, սակայն հենց բանակի հզորացումն ու ժամանակին համընթաց տեխնիկան «ստիպում են», որ սպան հետ չմնա ժամանակից, պետք է անընդհատ սովորի, զբաղվի ինքնակրթությամբ: Բացի դա` ժամկետային զինծառայողների և երիտասարդ սպաների տարիքային տարբերությունը քիչ է, և սպան իր պահվածքով, իր իմացությամբ պետք է տարբերվի զինվորներից։ Եթե նա չկարողանա պատասխանել զինվորի հարցերին, արդեն իսկ զինվորը նրան մեղմ ասած «այլ աչքով կնայի»: Ասեմ, որ դասակի հրամանատարը պետք է նաև հոգեբան լինի, հասկանա, շփվի տարբեր բնավորության զինվորներին, նուրբ և գրագետ մոտեցմամբ ու խորհուրդներով ավելացնի իր հարգանքն ու վստահությունը, որովհետև դասակի հրամանատարն է մշտապես շփվում զորքի հետ, իրականացնում ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը:

Եվ նաև այս առումով անչափ կարևոր է զինվոր-կրտսեր հրամկազմ կապը, որը կապում է ստորին օղակը վերադասի հետ:

Չնայած այս ամենին` (ինքն իր վրա աշխատելու, նվիրված, կարգապահ ծառայելու շնորհիվ)՝ անպայման երիտասարդ սպան առաջընթաց կունենա, սակայն չեմ կարող չնշել ևս մեկ կարևոր հանգամանք` երիտասարդ սպայի համար անչափ կարևոր է ծառայության սկզբնական շրջանում ավագ սպաների և հրամանատարության ցուցաբերած անաչառ վերաբերմունքը, որովհետև սկզբնական շրջանում բոլորս ունենում ենք թերացումներ, և իսկապես, գովելի և հպարտ է այն հոգատար սպան, որը ճիշտ ճանապարհ, անհրաժեշտ խորհուրդներ և մասնագիտական օգնության ձեռք է մեկնում երիտասարդ սպային: Ուզում եմ ասել, որ այդ առումով իմ բախտը բերել է, և առիթն օգտագործելով ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր զորամասի ավագ սպաներին, միևնույն ժամանակ վստահեցնել, որ կարդարացնեմ իրենց հույսերը:

-Իսկ ինչպե՞ս է երիտասարդ սպայի կյանքը` ամուսնացած ե՞ք:

-Դեռ՝ ոչ, բայց արդեն նշանված եմ: Ասեմ նաև, որ ինչպես մերոնք են ասում` «ճիպոտն էլ իմ անտառից եմ կտրել»: Այսինքն` նշանածս նույնպես Վայոց ձորից է: (ծիծաղում է):

-Ի՞նչ զգացողություն եք ապրում, երբ դիրքեր եք բարձրանում:

-Պատասխանատվությունը կրկնապատկվում է` զգում ես, որ թիկունքում հայրենիքն է ու իրավունք չունես թուլացնելու քո զգոնությունը: Ի դեպ, ասեմ, որ մեր գումարտակում ծառայում են ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրայիններ, և իրենց պատասխանատվությամբ, կարգապահությամբ մեկը մյուսին չեն զիջում:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Ազգային բանակ


30/07/2015