Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԷՐԴՈՂԱՆՆ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐՆ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ



ԹՈՒՐՔ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀՆՁՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԵԼ ԵՆ

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Միայն անցյալ ամիս իր կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո նախագահ Էրդողանը գիտակցեց, որ հարևան Սիրիայում վտանգավոր ահաբեկիչներ կան, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:

Զարմանալիորեն սրանք այն նույն ահաբեկիչներն են, որոնց Անկարան վաղուց զինել և աջակցել է Սիրիա ներթափանցելու համար և բժշկական օգնություն ցուցաբերել թուրքական հիվանդանոցներում: Ըստ գնահատականների՝ 25 հազար օտարերկրյա և հազար թուրք ջիհադիստներ են անցել Թուրքիայի սահմանը վերջին տարիներին՝ փորձելով տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:

Որպես առիթ օգտագործելով անցյալ շաբաթ մի թուրք զինվորի սպանվելու փաստը Սիրիայի կողմից արձակված կրակոցից, Էրդողանը հրամայեց ցամաքային և օդային ռմբակոծություններ իրականացնել Հյուսիսային Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև ձերբակալել ավելի քան հազար մարդու Թուրքիայում, որոնք կասկածվում են քուրդ զինյալներ, ձախակողմյան գրոհայիններ և «Իսլամական պետության» (ԻԼԻՊ)-ի կողմնակիցներ լինելու մեջ:

Մի քանի տարվա դժկամությունից հետո Թուրքիայի կառավարությունը հուլիսի 24-ին վերջապես հայտարարեց, որ թույլ կտա Միացյալ Նահանգներին օգտագործելու իր ռազմական օդակայանները՝ Սիրիայում ջիհադական խմբավորումների վրա հարձակվելու համար:

ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարելու կամ Միացյալ Նահանգների հետ Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններում համագործակցելու փոխարեն, Էրդողանի իրական մտադրությունն է ամրապնդել իր սեփական իշխանությունը՝ հասնելու հետևյալ շահադիտական նպատակներին.

1. Թուրքիայի նախագահը գիտակցում է, որ եթե իր իշխող կուսակցությանը չհաջողվի ձևավորել կոալիցիոն կառավարություն, ապա նա պարտավոր է խորհրդարանական ընտրությունների նոր փուլ անցկացնել: Հետևաբար, խիստ գործողություններ ձեռնարկելով ԻԼԻՊ-ի և քուրդ զինյալների դեմ, Էրդողանը հույս ունի, որ թուրք ընտրողները լրացուցիչ քվեներ կտան իր կուսակցությանը, որոնք անհրաժեշտ են խորհրդարանական մեծամասնության վերականգնման համար:

2. Մյուս կարևոր նպատակը, որի համար Թուրքիան ռմբակոծում է Հյուսիսային Սիրիան և Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) բազաներն Իրաքում, ինչպես նաև ձերբակալում է հարյուրավոր քուրդ զինյալների Թուրքիայում, ոչ թե ԻԼԻՊ-ի դեմ պայքարելն է, այլև Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդերի միավորման խափանումը, որոնք ցանկանում են ստեղծել անկախ Քուրդիստան:

3. Ռազմական գործողություններ իրականացնելով Սիրիայում, Էրդողանը հույս ունի հաջողեցնել Սիրիայի կառավարության տապալման և մարիոնետ ռեժիմի հաստատման իր վաղեմի երազանքը, դրանով իսկ ընդլայնելով իր՝ որպես նեոօսմանյան սուլթանի անձնական իշխանությունը:

4. Վերջապես, հանդուգն հայտարարություններ անելով ԻԼԻՊ-ի դեմ և թույլ տալով ամերիկացիներին օգտագործել Ինջիրլիքի ռազմակայանը, Թուրքիան մտադիր է համոզել Միացյալ Նահանգներին և Արևմտյան Եվրոպային, որ նա ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից է և հավատարիմ գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում: Նման դրական կերպարի ստեղծումը հատկապես կարևոր է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեծ տերություններն ավարտել են միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնությունը, որը կարող է բարձրացնել վերջինիս դերակատարությունը տարածաշրջանում և նվազեցնել Թուրքիայինը:

Հետամուտ լինելով այս չորս նպատակներին՝ Էրդողանը վտանգի է ենթարկում Թուրքիայի և հարևան պետությունների կայունությունը.

1. Հարձակվելով ԻԼԻՊ-ի թիրախների վրա Հյուսիսային Սիրիայում, իբր ի պատասխան սպանված թուրք զինվորի, Անկարան խզում է իր գաղտնի փոխըմբռնումը ԻԼԻՊ-ի հետ՝ խուսափելու փոխադարձ հարձակումներից: Այժմ ԻԼԻՊ-ը ստիպված է պատասխան հարված տալ: Անցյալ շաբաթ ինքնասպան ահաբեկչի հարձակումը թուրքական Սուրուչ քաղաքում, երբ սպանվեց 32 և վիրավորվեց 100-ից ավելի մարդ, թերևս ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողության նախերգանքն է ամբողջ Թուրքիայի տարածքում:

2. Անցյալ շաբաթ Թուրքիան խախտեց հրադադարի համաձայնագիրը, որ ստորագրել էր ՔԲԿ-ի հետ 2013 թվականին, ռմբակոծելով վերջիններիս բազաները Հյուսիսային Իրաքում և ձերբակալելով հարյուրավոր քուրդ զինյալների Թուրքիայում: ՔԲԿ-ն արդեն պատասխանել է՝ սպանելով մի քանի թուրք ոստիկանների և խոստանալով ավելի մեծ արյունահեղություն: Բացի այդ, հարձակվելով քրդերի վրա Սիրիայում և Իրաքում, Թուրքիան կթուլացնի այն միակ ուժը, որը հաջողությամբ պայքարում էր ԻԼԻՊ-ի դեմ: Քանի որ Միացյալ Նահանգները քուրդ զինյալներին դիտարկում է իբրև իրեն փոխարինող ցամաքային ուժեր, ապա թուրքական հարձակումները քրդերի դեմ կխոչընդոտեն ԱՄՆ ռազմական նպատակների իրագործմանը տարածաշրջանում:

3. Եթե Էրդողանը ներխուժի Հյուսիսային Սիրիա, «անվտանգության գոտի» ստեղծելու պատրվակով, թուրքական զորքերը, ամենայն հավանականությամբ, շատ մեծ կորուստներ կունենան կռվելով ոչ միայն սիրիական բանակի, այլև քուրդ զինյալների և տասնյակ ջիհադական խմբավորումների դեմ: Թուրքիան կարող է բախվել նաև Իրանի զորքերին, որոնք օգնության կհասնեն իրենց սիրիական դաշնակցին և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալներին, որոնք սատարում են Ասադի վարչակարգին:

Թուրքիայի նախագահի ինքնանպատակ կեղծ պատերազմն ահաբեկիչների դեմ կարող է ողբերգական հետևանքներ ունենալ՝ բռնությունների աճ գրանցելով ամբողջ Թուրքիայում և հարևան երկրներում: Եթե Անկարան իրոք շահագրգռված է ջիհադականների դեմ պայքարում, ապա նա շատ վաղուց պետք է դա աներ՝ ԻԼԻՊ-ին և ահաբեկչական այլ խմբավորումներին զինելու և սադրելու փոխարեն: Թուրք ղեկավարները հնձում են այն, ինչ ցանել են: Նրանք կարող են մեղադրել միայն իրենց…

Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Տարածաշրջան


30/07/2015