Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԻ ԵՐԳԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ



Հայրենիքն սկսվում է սահմանից, …մեր տունն էլ է սկսվում սահմանից, ու եթե այս ամենին սկսենք վերաբերվել քաղաքացուն հատուկ պատասխանատվությամբ, ամեն ինչ իր տեղը կընկնի:

Յուրաքանչյուր նորաստեղծ հայկական ընտանիք երազում է տղա երեխա ունենալ, որ շեն մնա պապական օջախը, այսինքն՝ նաեւ հայրենի տունը` հայրենիքը… Այդպես եղել է դարեր շարունակ, այդպես էր երեկ, այդպես է այսօր… Վկան՝ երեկվա մեր հաղթանակը, սահմանը պահող այսօրվա քաջերը` բոլորն էլ իրենց օջախի ճրագը… Միաժամանակ ցավով պետք է արձանագրեմ, որ ոչ բոլոր ծնողներն ու մայրերն են այսօր հայրենիքի զինվոր մեծացնում ու դաստիարակում: Ցավոք, որոշները ամեն ինչի պատրաստ են, միայն թե երեխային (հայրենիքի զինվորին, տղամարդուն) հնարավորինս հեռու պահեն բանակից… Իսկ ո՞վ պետք է նրանց տունն ու հայրենիքը, իրենց ծնողներին պաշտպանի… Ուրիշնե՞րը, ուրիշի՞ երեխաները… Ցավոք, նրանք չեն ուզում զինվորական համազգեստով տեսնել իրենց որդիներին, մինչդեռ դա պետք է յուրաքանչյուր ազնիվ քաղաքացու երազանքը լինի…

Դեռ դպրոցական տարիներից պահպանված մի տաք հուշ ունեմ. հայ գրականության իմ ուսուցչուհին՝ ընկեր Կարապետյանը, մեզ համար մի երգ երգեց ու ասաց, որ յուրաքանչյուր հայ երեխա այդ օրորոցայինի տակ պետք է մեծանա: Ես այդ խորհուրդը ականջիս օղ արեցի: Ռ. Պատկանյանի «Արի՛, իմ սոխակ»-ի ներքո էլ մեծացան իմ երեխաները.

Թող որսդ արի, քաջասիրտ բազե,
Քո երգը գուցե իմ որդին կուզե….
Բազեն որ եկավ, որդիս լռեցավ
Ռազմի երգերի ձայնով քնեցավ….

Յուրաքանչյուր ծնող պետք է հասկանա, որ իր զավակը, երկրի տերը լինելուց զատ, նախեւառաջ այդ երկրի զինվորը պետք է լինի:

Այժմ, երբ ոչ միայն իմ որդին է հայոց բանակում ծառայում, այլ նաեւ իմ աշակերտներից շատերը, հավատացած եմ, որ նրանցից յուրաքանչյուրը գիտակցումով, նվիրումով է ծառայում ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, վստահ եմ նաեւ, որ նրանք հաճախ են հիշում հայրենասիրության մասին մեր զրույցներն ու քննարկումները, ու կարծում եմ՝ հատկապես իմ այս ձեւակերպումն ամուր-ամուր դաջվել է նրանց հիշողության, նրանց սրտի մեջ, ինչպես ժամանակին իմ ուսուցչուհունը. «Անհայրենիք լինելուց վատ բան չկա: Կարող ես ամեն ինչ կորցնել ու հուսալ, որ մի օր ետ կբերես, բացի հայրենիքից…»:

Իմ սիրելի՛ զինվոր աշակերտներ, որդիս, այսօր ես եմ խոնարհվում ձեր առջեւ:

Աննա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ուսուցչուհի

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Բանակ և հասարակություն


18/06/2015