Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ



Երեւանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցում ենք, դպրոց, որտեղ առանձնակի կարեւորություն է տրվում ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Կրթօջախում արվում է հնարավորը, որ աշակերտները դաստիարակվեն ազգային գաղափարներով, ճանաչեն ազգի մեծերին, իմանան իրենց պատմությունը, ազգային արժեքները, որպեսզի դպրոցականի մեջ սերմանվի քաղաքացիական գիտակցություն, հայրենիքի հանդեպ պարտքի եւ պատասխանատվության զգացում:

Մեր զրուցակիցը դպրոցի զինղեկ, զինվորական երկարամյա կենսագրություն ունեցող գնդապետ Արմեն Առաքելյանն է: Արցախյան պատերազմի թոհուբոհն անցած սպան անչափ լավ է գիտակցում այս հեղհեղուկ խաղաղության պայմաններում հայրենասեր սերունդ կրթելու, դաստիարակելու առաջնահերթությունը.

– Այսօրվա դպրոցականը վաղվա զինվորն է, ու հենց դպրոցում են երեխաները յուրացնում զինվորական ծառայության այբուբենը: Այս խնդիրը դպրոցի տնօրեն տիկին Արմինե Ներսիսյանի և բոլոր ուսուցիչների հոգածության առարկան է: Կարող եմ հպարտորեն նշել, որ մեր աշակերտները սիրում են առարկան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զենքի, ռազմական գիտելիքի նկատմամբ: «Շարային պատրաստություն», «Կրակային պատրաստություն», «Մարտավարության հիմունքներ», «Անվտանգ կենսագործունեություն» թեմաներով անցկացված գործնական աշխատանքներն է՛լ ավելի հետաքրքիր ու նպատակային են դարձնում առարկայի ուսուցանումը:

Այս տարի ՆԶՊ առարկայից ներդպրոցական օլիմպիադային մասնակցած դպրոցի 15 աշակերտներից 4-ը անցել է համայնքային փուլ, իսկ աշակերտուհիներից մեկն էլ իրավունք ստացավ մասնակցելու քաղաքային փուլին… Ապրիլի 22-ին դպրոցի 20 աշակերտ մասնակցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի «Պատվո պահակ» միջոցառմանը: Նրանք այնքան գրագետ են կատարել շարային քայլքը, հերթափոխի հանձնումն ու ընդունումը, որ այն չի վրիպել անգամ օտարերկրյա լրագրողների աչքից:

Դպրոցը կցված է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին: Հաճախակի են համատեղ միջոցառումներ կազմակերպվում՝ «Արիության դասեր», հանդիպումներ Մեծ հայրենականի, Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ: Կրթօջախում նաեւ կազմավորվել է պատանի երկրապահների ակումբ: Չորս աշակերտ արդեն ավարտել է պատանի երկրապահի սերժանտական դասընթացները:

Նախաձեռնությունների պակաս այս դպրոցում չի զգացվում: Ռազմագիտության ուսուցիչը խանդավառված ներկայացնում է հետագա ծրագրերը՝ դպրոցում փառքի սրահ է հիմնվելու, աշակերտները պետք է անուն առ անուն ճանաչեն մեր նորօրյա հերոսներին, ոգեշնչվեն նրանց սխրանքներով….

-Աջակցություն էինք խնդրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից: Նա սիրով ընդառաջեց մեզ: Նոր ուսումնական տարին կդիմավորենք նորոգ, հարստացած ուսումնանյութական բազայով դասասենյակում: Այնպես որ՝ աշնանը եկեք մեր դպրոց,- զրույցը հրավերով ավարտեց զինղեկը:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Բանակ և հասարակություն


18/06/2015