Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ



Միջոցառում՝ նվիրված փառապանծ զորավար ՆՎԵՐ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ

Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թշվառ,
Չ’օգնած անոր՝ մեռնիլ աննշան,
Ո՜հ, այս է սոսկ ցավ ինձ համար:

Դուրյանի այս խոսքերը պատգամ են՝ ուղղված յուրաքանչյուր անձի, քաղաքացու, բոլոր այն հայերին, ովքեր ականատեսն ու կրողը եղան 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության: Մի ամբողջ ազգ իր հոգում կրեց մի այնպիսի ցավ, որ մի ամոքում ուներ` ՎՐԵԺ և ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ:

Երևի այս էր պատճառը, որ հայ ժողովուրդը ծնեց այնպիսի քաջարի զորավարներ, ինչպիսիք են Հովհ. Բաղրամյանը, Հ. Իսակովը, Բաբաջանյանը, Ա. Խանփերյանցը, Ն. Ստեփանյանը, Ն. Սաֆարյանը և այլք:

…Արդեն տասը տարի է՝ 164 հիմնական դպրոցը կրում է լեգենդար 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի զորահրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի անունը: Այս տարի դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանի նախաձեռնությամբ որոշվեց մեծ շուքով նշել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70, Վանի հերոսամարտի 100 (Ն. Սաֆարյանը վանեցի էր) և Նվեր Սաֆարյանի ծննդյան 110-ամյակները:

Նվեր Սաֆարյանին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 15-ին՝ դպրոցի հանդիսությունների դահլիճում: Հրավիրված էին Նվեր Սաֆարյանի ընտանիքի անդամները՝ հարսը՝ տիկին Ալիսան, թոռը՝ Գևորգը, տիկնոջ հետ, թոռնուհին՝ Արմինեն, Ն. Սաֆարյանի քրոջ՝ Սաթենիկի թոռնուհին, Թամանյան դիվիզիայի վետերաններ Է. Միրզոյանը, Գ. Հարությունյանը, Վ. Գսպոյանը, Բ. Բաղդասարյանը և Նոր Նորք համայնքի Հայրենական մեծ պատերազմի Արցախի ազատամարտի վետերաններ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը և բարձրաստիճան սպաներ, Նոր Նորքի ոստիկանապետը, ԵԿՄ վարչության ներկայացուցիչներ, համայնքի ավագանու անդամներ, մանկավարժներ, ծնողներ:

Հուշարձանի մոտ պատվո պահակ կանգնեցին աշակերտները: Վետերանները ծաղիկներ դրեցին հուշակոթողի առջև: Հանդիսությունների դահլիճում ցուցադրվում էին Ն. Սաֆարյանի անձնական իրերը և Թամանյան դիվիզիայի մասին պատմող լուսանկարներ, թերթեր, ամսագրեր: Աշակերտների գեղեցիկ և անկեղծ խաղը հուզել էր ներկաներին:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը, որը պատվոգրեր հանձնեց միջոցառման կազմակերպիչներին և գլխավոր դերակատարներին:

Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես նախատեսել էինք: Դասն անմոռաց էր:

Ա. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Բանակ և հասարակություն


18/06/2015