Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԸ…



«Ի՞նչ է բանակային ընկերությունը, եւ ինչի՞ց է այն սկիզբ առնում». այս հարցն եմ ուղղում ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Ա. Մեժլումյանին եւ դիվիզիոնի շտաբի պետ, կապիտան Գ. Գասպարյանին, որոնց հանդիպեցի ապրիլյան գործուղման ժամանակ: Նրանք պետք է որ իմանան պատասխանը. 7 տարվա ընկերներ են:

Գեւորգ Գասպարյան. Զորավարժություն էր… Իմ առաջին զորավարժությունը… Ես՝ հրետանային մարտկոցի նորանշանակ սպաս, ամեն ինչ իրար եմ խառնել, կատարյալ խուճապի մեջ եմ… Կապավորս եւ հաշվարկողս ոչինչ չեն հասցնում. անփորձ զինվորներ են: Նրանց հետ աշխատելու ժամանակ էլ չեմ ունեցել: Ինքնամոռաց ինձ վրա եմ վերցնում նաեւ նրանց պարտականությունները… Միայն թե լավ արդյունք գրանցեմ… Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը կարմիր դիպլոմով ավարտած նորանշանակ սպան պետք է ապացուցի, որ կարող է, ունակ է… Քրտինքը ծորում է դեմքիցս, շարժումներս չեմ վերահսկում, կասկածներս խանգարում են կենտրոնանալ, եւ թվում է` ոչինչ չգիտեմ, ոչնչի ընդունակ չեմ… Հանկարծ մեկը ձեռքը դնում է ուսիս. «Հանգիստ, ամեն ինչ կստացվի»: Դիվիզիոնի շտաբի պետի` Արմեն Մեժլումյանի ձայնն էր: Բարձրացնում եմ շփոթված հայացքս, իսկ նա ժպտում է: Ձեռքը դեռ ուսիս է եւ ասես ինձ ուժ, վստահություն է փոխանցում… Հավաքվում եմ, կենտրոնանում: Անելիքս կամաց-կամաց հստակվում է, քայլ առ քայլ գծագրվում գլխումս, հավասարակշռությունս վերականգնվում է… Հենց այդ օրը, հենց այդ պահին Արմենը դարձավ իմ ընկերը… Բանակում այնքան կարեւոր է աջակցությունը՝ ճիշտ պահին ասված խոսքն ու մեկնած օգնության ձեռքը…

Արմեն Մեժլումյանի համար նորանշանակ սպայի շփոթմունքը միանգամայն հասկանալի էր: Նա 1994 թվականից զորքերում է, նման պահեր ինքն էլ է վերապրել:

Ես ուշադիր հետեւում էի Գեւորգի գործողություններին եւ կարծես ինքս ինձ էի տեսնում: 1997 թվականն էր, ամառ: Ես «Եղնիկներ» կոչվող զորամասում մարտկոցի ավագ սպա էի: Հակառակորդը Մռով լեռան ուղղությամբ հենակետ գրավելու փորձ էր ձեռնարկել: Տագնապ էր հայտարարված: Գրեթե նույն տարիքին էի, ինչ Գեւորգը… Կապի միջոցով հարցրին` արդյոք պատրա՞ստ եմ կրակ վարելու: Պատասխանեցի` «այո՛»: Եվ երբ հրաման ստացա, ինքս էլ չհավատացի, չպատկերացրի… Կանգնել էի ու քարացել: Ու եթե հրամանատարներս կողքիս չլինեին, ինձ ուժ ու հավատ չներշնչեին, ձեռքս չսեղմեին, չքաջալերեին… Շփոթմունքս, անհանգստությունս միանգամից վերացավ, չքվեցին բոլոր տագնապներս… 122 մմ Դ-30 հրանոթ էր. 11 արկ կրակեցինք… Խնդիրը գերազանց կատարեցինք… Հրետանին կոլեկտիվ զենք է, եւ առանց ամուր ընկերակցության, փոխվստահության, աջակցության հաստատ գլուխ չես հանի… Այս ճշմարտությունը ես լավ եմ յուրացրել… Բանակային ընկերությունը ենթադրում է, որ ընկերը ընկերոջ կողքին պետք է լինի նրա համար ամենածանր ու դժվարին պահին…

Դիվիզիոնը բազում հաջողություններ է արձանագրել` 2012 թվականին մարտական պատրաստության արդյունքներով ճանաչվել է ԼՂՀ ՊԲ Լավագույն դիվիզիոն (3-րդ տեղ), բազմիցս մասնակցել զորավարժությունների եւ գրանցել բարձր ցուցանիշներ: Գեւորգ Գասպարյանի ղեկավարած հրետանային մարտկոցը 2013 թվականին ճանաչվել է լավագույնը, իսկ Արմեն Մեժլումյանը 2014 թվականին ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

-Ընկերության գլխավոր խթանիչը փոխադարձ վստահությունն է: Մեր ձեռքբերումներից յուրաքանչյուրի հետեւում հսկայական մասնագիտական աշխատանք կա, գործադրված ջանք եւ վարպետություն,- ասում է փոխգնդապետը:- Չափազանց կարեւոր է, որ դու հենարան լինես քո սպայի, զինվորի համար: Որքան գործնական եւ տեսական գիտելիքներդ հիմնավոր են, որքան մասնագիտական առումով պատրաստվածությունդ լիարժեք է, այնքան դյուրին են մարդկային, ընկերական հարաբերությունները դիվիզիոնում: Ոչ ոք չի ուզի ղեկավարվել մեկի կողմից, ով թերանում է իր գործում, որքան էլ բարի լինի նա… Բանակում ընկերությունը ձեւավորվում է հիմնվելով ոչ միայն բարոյական ըմբռնումների, զգայական ընկալումների, այլ նաև մասնագիտական կարողությունների եւ բանիմացության վրա, ինչն էլ հենց վստահություն է ներշնչում մարդու նկատմամբ…

-Մասնագիտական քննարկումները, գործնական պարապմունքները, հրամանատարի մարդկային-բարոյական որակներն ինձ թույլ են տալիս ասելու, որ մենք պատրաստ ենք հարկ եղած դեպքում դիվիզիոնը ղեկավարել երկուսով: Սա թող որպես մեծամտություն կամ ինքնագոհություն չդիտվի…,- մեր զրույցն այսպես է ամփոփում դիվիզիոնի շտաբի պետ, կապիտան Գասպարյանը…

Եվ նրա խոսքը համոզիչ է:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան

Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Ազգային բանակ


11/06/2015