Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽՈՍՈՒՆ ՎԿԱՆ



2015 թվականի մայիսի 9-ին մեծ շուքով նշվեց ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի 70-ամյակը։ Հաղթանակ, որի ապահովման գործում նշանակալի դեր ունեցավ Խորհրդային Միությունը, որի կազմում էր այն ժամանակ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Հայաստանից ու արտերկրից պատերազմին մասնակցեցին մեր ժողովրդի շուրջ վեց հարյուր հազար զավակներ, որոնցից ավելի քան 300 հազարը իրենց կյանքը տվեցին հանուն հաղթանակի։ Հայ ժողովրդի 106 զավակ արժանացավ ԽՍՀՄ բարձրագույն՝ հերոսի կոչման, 27-ը դարձան փառքի երեք աստիճանի շքանշանակիր, տասնյակ հազարավորներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 65 հայորդի պատերազմին մասնակցել է գեներալի զինվորական կոչումով, նրանցից 4-ը հետագայում դարձան Խորհրդային Միության մարշալներ, իսկ Հովհաննես Իսակովը՝ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ։ Նրանց, ինչպես նաև Արցախյան հերոսամարտում տարած հայ ժողովրդի փառապանծ հաղթանակների պատմությունն է այս օրերին թանգարանային խոսուն լեզվով ներկայացնում ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը, ինչի կապակցությամբ ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հանդիպեց թանգարանի պետ, պատմագիտության թեկնածու, կապիտան ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ:

Ավագ Հարությունյանը ծնվել է 1969 թվականին, Վանաձորում։ 1992 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1996թ.-ին՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Սևրի պայմանագիրը և հայ հասարակական-քաղաքական միտքը» թեմայով։ Ղեկավար աշխատանք է կատարել ՀՀ Ազգային արխիվում։ 2009 թվականին նշանակվել է ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի պետ:

-Շնորհավորում եմ Ձեզ և Ձեր աշխատակազմին՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի, փոքր-ինչ ուշացումով՝ նաև թանգարանային աշխատողների պրոֆեսիոնալ տոնի առթիվ: Տարին հոբելյանական է. ինչո՞վ եք ուրախացրել և ուրախացնելու Հայրենական մեծ պատերազմի՝ արդեն փոքրաթիվ վետերաններին։

-Իհարկե, վետերաններին առաջին հերթին։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ թանգարանի այցելուների բացարձակ մեծամասնությունը երիտասարդությունն է։ Թանգարանային գործում բոլոր տարիներն ու օրերն էլ հոբելյանական են։ Մենք, առանց տարանջատման, հնարավորինս նշում ենք բոլոր հոբելյանները՝ լինեն պատերազմի հաղթական ավարտ, թե ռազմական որևէ հաջող գործողության տարեդարձ, այս կամ այն զորավարի, հերոսի, աչքի ընկած ու իր գործունեությամբ փառքով անունը պսակած անձնավորության հոբելյան, թե երկրի կյանքում նշանակալից որևէ իրադարձություն։ Պատահական չէ, որ թանգարանի «Մեր օրացույցը» բաժինը թարմացվում է ամեն շաբաթ, իսկ հոբելյանական ցուցահանդեսներն ու միջոցառումները կազմակերպվում են պարբերաբար։ Ինչ վերաբերում է նորություններին, ասեմ, որ դրանք շատ-շատ են։ Հաղթանակի 70-ամյակի առթիվ Մոսկվայում բացված «Միասնությամբ ձեռք բերված մեծ հաղթանակ» համաժողովի շրջանակներում մեր թանգարանի ներկայացրած ցուցադրությունն արժանացավ ինչպես ՌԴ մայրաքաղաքում ապրող մեր հայրենակիցների, այնպես էլ հարյուր հազարավոր ռուս և այլազգի այցելուների համակ ուշադրությանը: Ավելորդ չի լինի ասել, որ հոբելյանին նվիրված թեմատիկ ցուցահանդեսներ են բացվել նաև թանգարանում, զորամասերում, ուսումնական մի շարք հաստատություններում: Մենք չէինք կարող անմասն մնալ նաև ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից, ուստի ապրիլի սկզբներին թանգարանում բացեցինք «Նեմեսիս» գործողությունը» և «Կամավորական շարժում. ինքնապաշտպանական կռիվներ-100» թեմատիկ ցուցադրությունները՝ նորահայտ փաստաթղթերի ու լուսանկարների ներկայացմամբ:

Հարկ եմ համարում առանձնակի շեշտել «Մեր նորօրյա հերոսները» ցուցադրության բացումը՝ նվիրված անցած տարի ազերի հրոսակների հարձակումները անձնազոհ կերպով հետ շպրտած սահմանապահ զինվորներին:

-Այցելուների տարիքի մասին ոգևորիչ թիվ ասացիք։ Իրո՞ք երիտասարդ այցելուները թանգարանում մեծ թիվ են կազմում։

ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը Մոսկվայում դիտում է «Մայր Հայաստան» թանգարանի ցուցադրությունը՝ նվիրված ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի 70-ամյակին:

-Գիտեք, գիտատեխնիկական առաջընթացի մեր ժամանակներում երիտասարդությունն սկսել է քիչ կարդալ, բայցեւ նորություններ իմանալ, գեղեցիկի հետ հաղորդակցվել, բարեբախտաբար, ցանկանում են բոլորը: Այժմ մեզ հետ սերտորեն համագործակցում են ինչպես ռազմաուսումնական հաստատությունների, բուհերի ու դպրոցների պատասխանատուները, այնպես էլ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով զորամասերի փոխհրամանատարներն ու զբոսաշրջային կազմակերպությունները։ Բազմաշերտ, տարբեր կրթական աստիճան ու հետաքրքրություններ ունեցող լսարանի պահանջները բավարարելու համար թանգարանի գիտանձնակազմը ժամանակին մշակել ու գործողության մեջ է դրել էքսկուրսիաների տարբերակված բացատրություններ՝ յուրաքանչյուր մակարդակի խմբի համար։ Ավանդաբար մայրաքաղաքի դպրոցներից շատերի զինղեկները նախնական զինվորական պատրաստության շատ դասեր անցկացնում են թանգարանում։ Այդպիսի ծրագրային դասեր են անցկացնում նաև պատմության ուսուցիչները՝ առավել տպավորիչ, պատկերավոր ու դյուրըմբռնելի դարձնելով պարապմունքները։

-Ինչ խոսք, ցանկացած թանգարանի համար ամենակարևոր հարստությունը տարիների ընթացքում ձեւավորված բազմաբնույթ ու բազմաբովանդակ հավաքածուն է։ Ինչպե՞ս են համալրվում թանգարանի հավաքածուները:

-Թանգարանը ժամանակին համալրվել է բավականին հարուստ և հետաքրքիր նյութերով։ Հիմնական ֆոնդերի թիվն այսօր մոտենում է 35 հազարի։ Այստեղ են կենտրոնացած Երկրորդ աշխարհամարտին մասնակցած հայ նշանավոր զորահրամանատարների կյանքն ու գործունեությունը արտացոլող փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, որոնց բացարձակ մեծամասնությունը ցուցադրվում է։ Ցավոք, եթե Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու նրանց ժառանգներն, առանց ավելորդ քաշքշուկների, իրենց կամ կյանքից հեռացած իրենց հարազատների մասունքները հանձնել եւ դեռ շարունակում են հանձնել թանգարանին, ապա Արցախյան ազատամարտի մասնակիցներն ու զոհերի հարազատները դժվարությամբ են բաժանվում իրենց մոտ եղած պատմական արժեք ներկայացնող նյութերից, մինչդեռ թանգարան մուտքագրվելով՝ դրանք կարող են դառնալ համապետական նշանակության թանգարանային հավաքածուի մաս՝ այդպիսով դառնալով նաեւ պետական հոգածության առարկա եւ դրվել գիտական լայն շրջանառության մեջ, մասնակցել սերունդների դաստիարակությանը։

-Ի՞նչ վիճակում է թանգարանային իրերի թվայնացումը։

-Որոշ տեխնիկական խնդիրներ լուծելուց հետո շուտով մեծ ճակատով ձեռնամուխ կլինենք այդ գործընթացին՝ եղած նյութերի թվայնացմանը։

-Թանգարանի կայքը գործո՞ւմ է, շա՞տ են այցելուները:

– Անշուշտ: mayrhayastan.am կայքն անխափան գործում է և թանգարանի գիտալուսավորչական, ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանքների կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է, որի նյութերը պարբերաբար թարմացվում, թանգարանային նորագույն փաստաթղթերով ու լուսանկարներով են համալրվում: Անցած, համեմատաբար, կարճ ժամանակահատվածում կայքն արդեն ունի շուրջ 55 հազար այցելու 120 երկրից: Դրանից զատ, բավականին աշխույժ գործում է նաև թանգարանի ֆեյսբուքյան էջը, ինչին իրենց կարևոր մասնակցությունն են բերում մեր երիտասարդները:

-Շա՞տ են թանգարան այցելողները։

-Բավականին շատ։ Եթե թանգարաններից շատերի աշխատակիցները բողոքում են այցելուների պակասից, ապա մենք հազիվ ենք հասցնում սպասարկել մեր այցելուներին։ Դրանում, ինչ խոսք, ցուցադրվող նյութերի հետաքրքիր լինելուց, սպասարկման բարձր մակարդակից բացի, դեր ունի նաև մեր թանգարանի մուտքի անվճար լինելը։ Ասել է թե՝ հարցն ընդամենը սոցիալական է, որը լավ հասկանալով՝ պաշտպանության նախարարությունը թանգարանի համար սահմանել է անվճար մուտք…

Համեցե՛ք թանգարան, այստեղ արվում է ամեն ինչ՝ մեր ժողովրդի փառապանծ հաղթանակների պատմությունը հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Մենք սիրով սպասում ենք ձեզ։

Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Հոգևոր-մշակութային


11/06/2015