Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ 1918թ. ՀԱՅՈՑ ԳՈՅԱՄԱՐՏՈՒՄ



Պայքար ներքին թշնամու` մահմեդական զինված խմբերի դեմ

Մայիսյան հերոսամարտերի նախօրեին հայ ժողովրդի ճակատագիրը, նրա հետագա գոյությունը մեծապես պայմանավորված էր նաև Հայաստանի վերջին հողակտորում` Արարատյան աշխարհում, ավելի որոշակի` ռազմաճակատի թիկունքում տեղի ունեցող իրադարձություններով: Հայ պատմագիտությունը հանգամանալի անդրադարձել և շարունակում է անդրադառնալ մայիսյան բուն հերոսամարտերին, սակայն բավարար ուշադրության չի արժանացրել թիկունքում, այն է` Արարատյան աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությանն ու արժեւորմանը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանի հոդվածը հենց այդ խնդրի լուսաբանմանն է նվիրված:

Սկիզբը՝ նախորդ համարում

Թուրք բնակչության զինված ելույթները խաղաղեցնելու նպատակով Երևանի Ազգային խորհրդի նախաձեռնությամբ գումարվում է հայերի և թուրքերի ներկայացուցիչների ժողով, որի մասնակիցները, քննարկելով նահանգում ստեղծված ծանր կացությունը, կայացնում են մի շարք որոշումներ, որոնցից առավել կարևորներն էին` «քաղաքը հայտարարել պատերազմական դրության մեջ, կազմել ռազմա-հեղափոխական դատարան, բանալ ճանապարհները` ապահովելու համար զորամասերի մեկնումը ռազմաճակատ…»:

Ժողովում Արամ Մանուկյանը մասնակիցներին կոչ է անում գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ վերջ տալու նահանգում տիրող անիշխանությանն ու զինված բախումներին: Հակառակ հայկական կողմի, ժողովին մասնակցող մահմեդական Ազգային խորհրդի ներկայացուցիչները հայտարարում են, որ անկարող են զսպել թուրքերին և խնդրում են հայ զինվորական մարմնի աջակցությունը: Այս հայտարարությունն ավելի քան տարօրինակ է ու անհասկանալի: Ստացվում է, որ թուրք բնակչությունը չէր ենթարկվում Ազգային խորհրդին: Հարց է ծագում. իսկ ո՞ւմ էր ենթարկվում:

Մահմեդական Ազգային խորհրդի ներկայացուցիչների պահվածքը միանգամայն հասկանալի է: Թուրք բնակչության զինված ելույթները թելադրված էին թուրքական բանակի հրամանատարության կողմից, իսկ մահմեդական Ազգային խորհրդի ներկայացուցիչները ոչ միայն քաջատեղյակ էին այդ իրողությանը, այլև գործում էին հենց նրա թելադրանքով:

Երևան ժամանած Կովկասյան Սեյմի պատվիրակության անդամներն անարդյունք վերադառնում են Թիֆլիս և իրենց ուսումնասիրության մասին զեկուցումներ են ներկայացնում Անդրկովկասյան Սեյմի ու Կոմիսարիատի քննությանը: Քանի որ պատվիրակության առաքելությունը Երևանի նահանգ ավարտվել էր անարդյունք, իսկ մահմեդական բնակչության զինված ելույթները գնալով ավելի ու ավելի էին ծավալվում, Սեյմը մի նոր պատվիրակություն է ուղարկում, որի նախագահն էր Գեորգաձեն:

Երևանի Ազգային խորհրդի ու հայկական բանակային կորպուսի զիվորական կոմիսար Դրոյի պահանջը Սեյմի պատվիրակությունից նույնն էր: Ռազմաճակատում տիրող անմխիթար իրավիճակը հրամայաբար պահանջում էր դադարեցնել թուրք զինված խմբերի ելույթները, անհապաղ բացել նրանց կողմից շրջափակված հաղորդակցության ուղիները եւ թիկունքում կազմավորվող զորամիավորումները հասցնել մարտադաշտ:

Վերադառնալով Թիֆլիս` Գեորգաձեն պատվիրակության անունից Սեյմի պատգամավորներին հայտնում է, որ թուրքերը ոչ միայն փակում են երկիրը թշնամու հարձակումներից պաշտպանելու նպատակով ռազմաճակատ մեկնող հայկական զորամասերի ճանապարհները, այլև իրենց գործունեությանը բնորոշ թալանչիությունն ու ավազակային հատկանիշները վերագրում հայ զինվորներին:

«Ահա այսպիսի հանգամանքներում,- նշում է Գեորգաձեն,- երբ ոչ միայն ազատ հաղորդակցություն չկա երկաթուղիներով, այլև փակված է երթևեկը գյուղերի միջև,- այս դրության մեջ հայկական զորքերի կոմիսար Դրոն հայտարարեց, որ բոլոր ռազմագիտական ճանապարհները փակված են հայկական զորամասերի առջև: Նա վճռական ու համառ կերպով պահանջում էր, որ իրեն ցույց տրվի որևէ ճանապարհ, թեկուզ շատ վատ ու անհարմար, թեկուզ ամենաանցանկալի մի ճանապարհ: Այդ պահանջին նրան պատասխանվեց, որ ռազմագիտական բոլոր ճանապարհները փակված են ռազմաճակատ գնացող հայ զորամասերի առջև: Մահմեդականների ներկայացուցիչները չառարկեցին»:

Հիմք ընդունելով պատվիրակության նախագահ Գեորգաձեի զեկուցումը` Սեյմը, ուշադրության չարժանացնելով մահմեդական պատգամավորների հնչեցրած բողոքներն ու պահանջները, ընդունում է մի բանաձև, համաձայն որի՝ «…անմիջապես պետք է ձեռք առնվեն վճռական միջոցներ, որպեսզի զորամասերը (հայկական) կարողանան առանց արգելքի անցնել սահմանագլուխ»:

Ճիշտ է, Սեյմն ընդունել է վերոհիշյալ որոշումը, բայց այն որևէ գործնական նշանակություն չունեցավ ու չէր կարող ունենալ:

Այլևս հապաղելու և թուրքերի հետ անիմաստ բանակցություններ վարելու ժամանակ չկար: Եթե հայկական զորամասերը և նրանց առաջնորդող Դրոն ու Արամ Մանուկյանի գլխավորած Երևանի Հատուկ կոմիտեն անհապաղ չձեռնարկեին համապատասխան վճռական քայլեր, չմարեին մահմեդական հրոսակախմբերի զինված ելույթները և չբացեին թիկունքը ռազմաճակատին կապող հաղորդակցության ուղիները, ապա թուրքական զորքերին առավել մեծ հնարավորություն կընձեռվեր ներխուժելու Արարատյան դաշտ, և այդ դեպքում Հայաստանն անտարակույս կարող էր հայտնվել օրհասական իրավիճակում: Այլընտրանք ու ելք այլևս գոյություն չուներ: «Երևանի զինվորական կոմիսար Դրոն պահանջեց գծի ապահովությունը Կովկասյան Սեյմի հաշտարար ներկայացուցիչներից և սպառնաց մերժման դեպքում զենքով բաց անել այդ»:

Թուրքերի հետ բանակցելու երկու անհաջող փորձից հետո` փետրվարի 22-ին, Դրոն Ուլուխանլուում կենտրոնացած թուրքական զորախմբերի դիրքերի վրա գրոհի է նետում 3-րդ պարտիզանական և 4-րդ գնդերը: Տվյալ պարագայում զենքի ուժով Ուլուխանլու կայարանը գրավելը միակ միջոցն էր վերականգնելու կարևորագույն նշանակություն ունեցող Երևան-Ալեքսանդրապոլ, ապա դեպի Կարս ձգվող երկաթուղին: Թուրքերն ամիսներ շարունակ թեպետ շատ լավ նախապատրաստվել էին, սակայն հարձակումն այնքան սրընթաց ու հզոր էր, որ հարձակումից մի քանի ժամ անց հակառակորդը` ի նշան հնազանդության, պարզում է սպիտակ դրոշն ու հանձնվում հաղթողի ողորմածությանը: Եվ նույն օրը, ի նշան Ուլուխանլուի հաղթանակի, Դրոն Հայոց Ազգային խորհրդին է հղում հետևյալ հեռագիրը. «Զորամասը գնում է Ղամարլու՝ միանալու՝ Ղամարլուի զորամասին և բանալու Դավալուում 4-րդ գնդի մեկ գումարտակի ճանապարհը… Ուլուխանլուն գրավված է, շրջանը մաքրված: Թուրք պատգամավորները մեղադրում են յուրայիններին, որի համար կան փաստեր, և խնդրում են հաշտություն: Մեր դրած պայմաններն են. բանալ ճանապարհները, չկտրել հեռագրական թելերը և հրացանի չբռնել գնացքները»:

Ուլուխանլուի երկաթուղային կայարանի գրավումը հայկական կողմի համար թեպետ ուներ ռազմավարական կարևորագույն նշանակություն և ինչ-որ տեղ կոտրեց հակառակորդի մարտական տրամադրվածությունն ու ոգևորությունը, սակայն կռիվները մի շարք շրջաններում դեռևս շարունակվում էին:

Քանի որ թուրքերի զինված ելույթները միաժամանակ բռնկվում էին տարբեր վայրերում, ուստի Դրոն հարկադրված էր գործել մեծ արագությամբ ու վճռականությամբ: Նրա առաջնորդությամբ հայ զինվորները արշավում են բազմաթիվ շրջաններ:

Ինչպես և նախորդ բոլոր մարտերում, հայ-թուրքական ընդհարումների ժամանակ Դրոյի կողքին էին նրա զինակիցները` կամավորական 2-րդ զորախմբի հրամանատարները: Մահմեդական հրոսակախմբերի դեմ ընթացող կռիվներում իրենց հրամանատարական վարպետությամբ ու քաջությամբ պատշաճ բարձունքում էին հեծելախմբերի հրամանատարներ գնդապետ Կորոլկովը, Մարտիրոս Աբրահամյանն ու Խոսրով Եղիազարյանը:

Պետք է ընդունել, որ բովանդակ հայության համար բախտորոշ ժամանակահատվածում Արարատյան աշխարհում Դրոյի զորախմբերի ծավալած գործունեությունը ավելի քան արգասաբեր էր ու խիստ արդյունավետ: Ավելի քան 50 թուրքաբնակ ապստամբ գյուղեր պարզում են սպիտակ դրոշ, զինաթափվում են ու հանձնվում:

Հարց է ծագում. ինչպիսի՞ իրավիճակում կհայտնվեին ռազմաճակատում թիկունքից կտրված հայկական ուժերը, հայրենիքի վերջին տարածքի՝ Արարատյան աշխարհում հանգրվանած հայության վերջին բեկորները, եթե Երևանի Ազգային խորհուրդն ու Դրոյի առաջնորդած մարտական ուժերը չկարողանային մարել թուրք հրոսակախմբերի զինված ելույթները:

Արարատյան աշխարհում Դրոյի զորախմբերի գործունեության ուսումնասիրությունն աներկբա մատնանշում է, որ Մայիսյան հերոսամարտերի նախօրեին (1918 թ. հունվար, փետրվար, մարտ) Արամ Մանուկյանի գլխավորած Երեւանի Հատուկ կոմիտեի հետ նրա համագործակցությունը, որը դեռեւս իր արժանի գնահատականը չի ստացել հայ պատմագիտության մեջ, իր ազգանպաստ գործունեությամբ ու փրկարար նշանակությամբ իրավամբ վեր է որևէ գովասանքից ու գնահատականից:

Հայկական մարտական ուժերի վճռական գործողությունների շնորհիվ կտրուկ փոխվում է օրեր առաջ Հայոց Ազգային խորհրդի, Արամի և Դրոյի խաղաղության կոչերն ու առաջարկություններն արհամարհող թուրքերի զինված ելույթների կազմակերպիչների դիրքորոշումը: Անդրկովկասյան Սեյմը արդեն այս անգամ հեղեղվում է հայ զինվորների հարվածներից սարսափի մատնված թուրք առաջնորդների ուղարկած բողոք-հեռագրերով, որոնցով նրանք ներկայացնում են մահմեդական բնակչության նկատմամբ հայերի իրականացրած ջարդերն ու բռնությունները:

Որքան էլ աղմկեին ու բողոքեին Սեյմի մահմեդական պատգամավորները, այսուհետ այդ ամենը որևէ նշանակություն այլևս չէր կարող ունենալ: Հայոց մարտական ուժերը սահմանափակ ժամանակահատվածում, առաջնորդվելով հարձակողական մարտավարությամբ, փայլուն կատարում են մահմեդական հրոսակախմբերին «խաղաղեցնելու» հույժ կարևոր առաջադրանքը:

Թուրք հրոսակախմբերի զինված ելույթները, շնորհիվ Արամի գլխավորած Ազգային խորհրդի և Դրոյի կազմավորած զորամասերի, կարելի է ասել, հաջողությամբ «խաղաղեցվել էին», և բացվել էին թիկունքը ռազմաճակատին կապող ճանապարհները:

Ընդհանրացնելով 1918 թ. հունվար-փետրվար ամիսներին Արարատյան աշխարհում Երևանի Հատուկ կոմիտեի և Դրոյի գլխավորած մարտական ուժերի գործողությունները, կարելի է աներկբա պնդել՝ եթե ռազմաճակատի թիկունքում, այն է՝ Արարատյան աշխարհում «չխաղաղեցվեին» թուրք զինված հրոսակախմբերի պարբերաբար կրկնվող զինված ելույթները, և չբացվեին ռազմաճակատը թիկունքին կապող հաղորդակցության ուղիները, չիրականացվեր զորահավաքը, ապա անտարակույս հարցականի տակ կդրվեին Մայիսյան ճակատամարտերի ելքն ու Հայաստանի Հանրապետության հռչակումը:

Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Պատմության էջերից


11/06/2015