Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ



Հակոբ և Մարիամ Ունճյանները եղեռնից առաջ ընտանիք են կազմում, ունենում երկու որդի` Հովհաննես և Պետրոս անուններով: 1915 թվականից առաջ տեղի ունեցած զորահավաքի ժամանակ Հակոբը` տան հայրը, զինվորագրվում է թուրքական բանակին, իսկ Մարիամը իր երկու որդիների, մոր և երեք քույրերի հետ 1915 թվականին հեռանում է Ուրֆայից և մյուս հայ տարագիրների հետ քշվում դեպի Սիրիայի անապատները:

Ճանապարհի կիզիչ արևը, տոթը, թուրք զինվորների հալածանքն ու անբարո կեցվածքը անտանելի էին դարձնում տարագիր հայերի կյանքը: Գաղթական հայերի մեծ մասը նախընտրում է մահը, և հերթով նետվում են մոտակա ձորը` վերջ տալով իրենց անասելի տանջանքներին:

Աստծու տնօրինությամբ Մարիամը և նրա փոքր քույրը փրկվում են: Եղեռնի սարսափներից մազապուրծ` Մարիամը որպես աղախին մի որոշ ժամանակ աշխատում է թուրքի տանը, իսկ նրա փոքր քույրը արժանանում է բարեպաշտ մարդկանց հոգածությանը: Հենց նա էլ իմանալով ավագ քրոջ` աղախին աշխատելու մասին, այդ նույն մարդկանց օժանդակությամբ ազատում է քրոջը տանջալից աշխատանքից, և երկուսով կարողանում են փախչել Հալեպ:

Մարիամի ամուսնուն` Հակոբին, վիճակված էր նոր կյանք: Բարեբախտաբար, նրան վիճակված էր ողջ մնալ պատերազմի ահասարսուռ օրերում: Բախտի բերմամբ հայտնվելով Երուսաղեմում` որոշում է փնտրել ու գտնել Մարիամին ու իրենց երկու որդիներին: Բազմաթիվ դեգերումներից հետո հասնում է Հալեպ, որտեղ էլ վերջապես գտնում է միայն Մարիամին: Չկորցնելով որդիներին գտնելու հույսը, նրանք վերադառնում են հայրենի եզերք` Ուրֆա, սակայն ո՛չ հայրենի երկրում և ո՛չ էլ գաղթականների շարքերում այլևս չեն գտնում հարազատ զավակներին:

Վերականգնելով ընտանեկան բույնը` նրանք ունենում են երկու որդի` կրկին անվանակոչելով Հովհաննես և Պետրոս, և մի դուստր` Օվսաննա, որը 93 տարեկան է և ապրում է Հալեպում:

Հակոբ Ունճյանը մահկանացուն կնքում է 1961 թվականին, Հալեպում: Իսկ 1966 թվականին հոգին ավանդում է նաև Մարիամ Ունճյանը` իր երկու զավակների կորստյան ցավն ու նրանց կարոտի երգը տանելով իր հետ:

Այս պատմությունը պատմել է Անի Ֆիշենկճյանը, որը Օվսաննա Ունճյանի թոռնուհին է, և որին նույնպես վիճակված էր 100 տարի հետո թողնելու ու հեռանալու հարազատ ծննդավայրից` Հալեպից, Սիրիայում սկսված պատերազմի դաժանությունների պատճառով:

Անի Ֆիշենկճյանն այժմ արևմտահայերեն է դասավանդում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Ապրում է Երևանում, բայց սրտով ու մտքով դեռ Սիրիայում է, հարազատ Հալեպում, որտեղ թողել է իր մանկությունն ու պատանեկությունը և լիահույս է, որ երբ ավարտվի պատերազմը, կվերադառնա տուն, մեծ տատի` Օվսաննա Ունճյանի հարազատ օջախը:

Պատրաստեց Հասմիկ ՄԱԴՈՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Ճակատագրեր


11/06/2015