Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԱՎԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ



Արեւհատ Պետրոսյանը Մեծ հայրենականից շատ բան չի հիշում` փոքրիկ աղջնակ էր, երբ պատերազմն ավարտվեց, բայց լավ է հիշում, թե ինչպես էին ռազմաճակատից վերադառնում իր ընկերուհիների հայրերը, ու ինքն էլ` աչքը իրենց տան ճանապարհին, իր հայրիկի վերադարձին էր սպասում:

Տարիները գումարվեցին տարիներին… բայց ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն: Միայն մեկ անգամ Վոլգոգրադից տպագիր մի թերթ եկավ, որտեղ գրված էր, թե մարտական ընկերը փնտրում է Աշոտ Պետրոսյանին, որը պատերազմի ժամանակ աչքի է ընկել խիզախությամբ եւ անգամ «լեզու» է բռնել:

Այսքանը միայն եւ ուրիշ ոչինչ… Այդպես էլ չիմացան, թե որտեղ զոհվեց հայրը: Գոնե մի գերեզման ունենար, գնային, ծաղիկ դնեին, խունկ ծխեին, որ սրտներում կուտակված ցավն էլ արցունք դառնար… Հորից միայն ջերմ հիշողություններ մնացին ու մի խամրած, գունաթափ լուսանկար…

Քիչ առ քիչ կյանքն ընկավ հունի մեջ, պատերազմի ավերակները վերականգնվեցին, ծաղկեցին քաղաք ու շեն, անդառնալի մնացին միայն մարդկային կորուստները: …Արեւհատը մեծացավ, ընտանիք կազմեց, զավակներ ունեցավ: Հասակ առան նաեւ Արեւհատի որդիները: Ավագ որդին՝ Սիմոնը, նկարչական ընդունակություններ ուներ, հրաշալի քանդակում էր, ավարտեց նաեւ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Երջանկությունը թեւածում էր Արեւհատի տանը, Արեւհատի սրտում… Ու հանկարծ Հայաստան աշխարհը ալեկոծվեց ու նորից… պատերազմ…:

Սիմոնը անդամագրվեց «Արաբո» կամավորական ջոկատին, եւ նրա մարտական ուղին Եղեգնաձորից ձգվեց-հասավ Նոյեմբերյան, Լաչին…

Պատերազմը տիկին Արեւհատի համար այլեւս միայն անհայր մեծացածի մանկություն չէր, պատերազմը նրա համար հիմա էլ զավակի կորուստ էր. Մատաղիս գյուղի մոտ մղվող թեժ մարտերից մեկի ժամանակ զոհվեց Սիմոնը….

Կյանքը, սակայն, շարունակվում էր…

Տիկին Արեւհատը նշանակվեց Երեւանի Էրեբունի համայնքի զոհված ազատամարտիկների ընտանիքների միության նախագահ: Հրաժարվում էր, բայց խնդրեցին, համոզեցին: Ու ցավն անթեղելով սրտում, ինքն իր մեծ վշտի մեջ կարողացավ ուժ գտնել բախտակիցներին մխիթարելու, հուսադրելու, թեթեւացնելու նրանց հոգսը… 166 զոհվածների, անհետ կորածների հարազատների հետ թիկունք կանգնեցին, իրար սիրտ տվեցին, միասին լաց եղան, մեկմեկու քաջալերեցին, հպարտացան իրենց քաջարի զավակներով, փորձեցին չհուսահատվել, տոկացի՛ն…

-Ուղիղ քսանմեկ տարի ապրում ենք մի ընտանիքի պես,- ասում է Արեւհատ Պետրոսյանը:- Պաշտպանության նախարարությունն է մեզ աջակցում, նաեւ՝ մեր թաղապետարանը: Երբեմն էլ դիմում եմ բարեգործների, տարբեր կազմակերպությունների, օգնում են մեզ, տարին մի չորս անգամ կարողանում եմ օգնություն բաժանել մեր զոհվածների ընտանիքներին: Զոհվածի կին ունենք, որ երբ այս օգնությունը տուն է տանում, փոքրիկ թոռներին ասում է՝ պապիկն է ուղարկել… Օգնում ենք իրար, սատարում: Մենք՝ զոհվածների հարազատներս, իրար ավելի լավ ենք հասկանում:

-Արեւհատը մեր արեւն է, մեր սառած սրտերն է ջերմացնում,- այսպես են բնութագրում Արեւհատ Պետրոսյանին խորհրդում:

Այստեղ հաճախակի են տարբեր միջոցառումներ կազմակերպում, միասին այցելում Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ: Ուխտագնացություն են կազմակերպում Արցախ աշխարհ՝ գնում են իրենց հարազատների անցած մարտական ուղիով:

Տիկին Արեւհատը պատմելիս հուզվում է. «Գնում եմ որդուս անցած ճանապարհներով, ամեն ծառի, թփի տակ փնտրում եմ նրան, հրաշքի եմ հավատում՝ գուցե մի ծառի ետեւից, մի թփի տակից դուրս կգա… Սիրտս շատ է ցավում, շատ-շատ. այսօր էլ մեր միության ցուցակներում զոհվածների հարազատների անուններ են ավելանում, պատին փակցված զոհված տղաների լուսանկարների կողքին ավելանում են նոր լուսանկարներ…:

Պատերազմը դեռ չի ավարտվել, քանի դեռ սահմանին զինվոր է զոհվում, քանի դեռ մայրերը որդիներ են կորցնում, երեխաները անհայր են մեծանում…

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Ճակատագրեր


11/06/2015