Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԲԱՄԱՆ` «ՍՏԱԽՈՍ»



Հարութ Սասունյան

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները նշանավորվեցին աննախադեպ, իսկ երբեմն էլ՝ անսպասելի զարգացումներով:

Նման մի առիթ հանդիսացավ հանրահայտ և վիճահարույց րաբբի Շմուլի Բոտիչի («Համաշխարհային արժեքներ» ցանցի հիմնադիր) և Արևելյան Ամերիկայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի կողմից «Նյու Յորք թայմս» թերթի ապրիլի 18-ի համարում զետեղված մի ամբողջ էջ զբաղեցնող վճարովի հայտարարությունը, որը խստորեն քննադատում էր նախագահ Օբամային՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր նախընտրական խոստումը չկատարելու համար:

Մի լավատեղյակ աղբյուր «Կալիֆոռնիա կուրիեր» թերթին հայտնեց, որ թերթի հայտարարությունը նեղացրել է Սպիտակ տան որոշ պաշտոնյաների: Դրա տեղադրումը համընկավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համաամերիկյան հանձնաժողովի ջանքերի հետ՝ համոզելու վարչակազմի դժկամ պաշտոնյաներին մասնակցելու մայիսի 7-9-ը Վաշինգտոնում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:

Այդուհանդերձ, փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը մասնակցեցին Վաշինգտոնի ազգային տաճարում մայիսի 7-ին կայացած միջկրոնական աղոթքի արարողությանը, սակայն նրանք ելույթ չունեցան, և նրանց ներկայությունը չհայտարարվեց: Զարմանալիորեն երկու պաշտոնյաներն էլ կրում էին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի պաշտոնական խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանը: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը և Արամ Ա կաթողիկոսը:

Վճարովի հոդվածում պատկերված էր մի երեխա՝ պաստառը ձեռքին, որի վրա գրված էր. «Նախագահ Օբամա, ինչո՞ւ եք մեզ ստում»: Դրան հաջորդում էր մեծ, հաստ տառերով գրված վերնագիրը. «1.5 միլիոն հայ զոհերը ճչում են իրենց գերեզմանից. մինչև ե՞րբ եք ժխտելու մեր ցեղասպանությունը` գոհացնելու համար թուրք բռնակալին»:

Վճարովի հոդվածը խիստ քննադատության ենթարկեց ինչպես Օբամային՝ իր նախընտրական խոստումները դրժելու, այնպես էլ դեսպան Փաուերին՝ Ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ անտարբերությունն իր գրքում («Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարը») դատապարտելուց հետո լուռ մնալու համար: Հայտարարությունը քննադատել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նրան անվանելով «խուլիգան» և «բռնակալ, որը քանդել է թուրքական ժողովրդավարությունը»:

Բացի այդ, հոդվածում մեջբերում կար «ՍիԷնԷն»-ի Վաշինգտոնի գլխավոր թղթակից Ջեյք Թեփերի լուրերի թողարկումից. «Վեցերորդ տարին անընդմեջ նախագահ Օբաման դրժում է հայ համայնքին տված իր խոստումը, երբ որպես սենատոր և նախագահի թեկնածու նրանց քվեներն ստանալու համար խոստացել էր օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում մոտ 1.5 միլիոն հայերի կոտորածը որակելու համար: Նա այդպես վարվեց որպես զիջում Թուրքիայի կառավարությանը»:

Հոդվածը հիշեցնում է ընթերցողներին, որ Թեփերը նկատի ուներ սենատոր Օբամայի՝ 2008 թ. հայտարարությունը. «Հայոց ցեղասպանությունը մեղադրանք, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վավերագրված փաստ, որը հաստատում են վիթխարի քանակով պատմական ապացույցներ: Փաստերն անհերքելի են…. Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

Երկրորդ հայտարարությունը, որն Օբամային հիշեցնում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տված խոստումը, հայտնվեց «Լոս Անջելես թայմս» թերթի ապրիլի 24-ի համարում: Թերթի էջի մեծ մասը զբաղեցնող հոդվածում, որ տեղադրել էր Կալիֆոռնիայի Օրինջ շրջանի գործարար Էդ Մուրադլյանը, պնդում էր. «Ժամանակն է լինելու այն ղեկավարը, որ Դուք խոստացել էիք լինել: Պարոն նախագահ, ճիշտ ժամանակն է, որ այս 100-րդ տարելիցին կատարեք Ձեր տված խոստումը»: Մուրադլյանի հոդվածում պատկերված էր Օբամայի լուսանկարը, դեսպան Մորգենթաուի 1915 թ. հուլիսի 16-ի հեռագիրն ուղղված Պետդեպարտամենտին և 1915 թ. դեկտեմբերի 15-ի «Նյու Յորք թայմս» թերթի լրատվության վերնագիրը: Հոդվածն ավարտվում էր՝ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը» կոչով:

Եթե այս հոդվածներից մեկը կամ երկուսը որոշ անհանգստություն են պատճառել Սպիտակ տան պաշտոնյաներին, ապա արժեր դրանց վրա գումար ծախսել…

Հոդվածները պետք է ընդգրկեին նաև Օբամայի սեփական խոսքերը իր «Հույսի հանդգնությունը» գրքից. «Ասել մի բան քարոզարշավի ընթացքում և անել այլ բան պաշտոնն ստանձնելիս, նշանակում է դու տիպիկ երկերեսանի քաղաքական գործիչ ես»:

Թեպետ ոգեկոչման միջոցառումները Վաշինգտոնում կազմակերպված էին շատ բարձր մակարդակով, սակայն մի լուրջ բացթողում կար: Երբ մայիսի 9-ին կայացած հարյուրամյակի միջոցառման ժամանակ հատուկ մրցանակներ էին շնորհվում նշանավոր անհատներին, կազմակերպություններին և Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ներկայացուցիչներին, շատ տեղին կլիներ հարգանքի տուրք մատուցել նաև 2004-2006 թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, որի դիվանագիտական կարիերան ընդհատվեց, երբ Բուշի վարչակազմը նրան հետ կանչեց Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար: Միջոցառման կազմակերպիչները «Կալիֆոռնիա կուրիեր»-ին հավաստիացրին, որ «անտեսելու նպատակ չեն ունեցել», և դա պարզապես «վրիպում» էր:

Բարեբախտաբար, այս կոպիտ սխալը հաջողվեց փոքր-ինչ մեղմել, երբ «վրիպումը» հայտնվեց հանդիսավարի՝ փաստաբան Մարկ Գիրագոսի ուշադրության կենտրոնում, որն ամբիոնից հայտարարեց դեսպան Էվանսի ներկայության մասին: Հարյուրամյակի միջոցառմանը ներկա 2000 հյուրերը հոտնկայս և բուռն ծափահարություններով ողջունեցին արդարամիտ դեսպանին: Ավելորդ է անգամ նշել, որ դեսպան Էվանսը շատ ավելիին է արժանի, քան սոսկ ծափահարությունները՝ իր կարիերան ի պաշտպանություն Հայ դատի զոհաբերելու համար…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Պատմության էջերից, Ռազմաքաղաքական


29/05/2015