Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ



Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ Քաշաթաղի հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են արիության դասեր, որոնք անցկացվում են ազատամարտիկների, զինկոմիսարիատի աշխատակիցների մասնակցությամբ:

Մայիսի 7-ին Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցում 9-12-րդ դասարանների աշակերտների հետ հանդիպեցին «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղի տնօրեն, Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի (ԲԻԽ) անդամ, Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Վիլեն Սիմոնյանը և շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցներ՝ զինկոմի տեղակալ, կապիտան Ստեփան Օհանջանյանը, զորակոչային բաժնի պետ, կապիտան Կամո Ալավերդյանը և սպաների հաշվառման գծով սպա, ավագ լեյտենանտ Հովհաննես Բայաթյանը:

Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի աշխատակից Սիրվարդ Թամազյանը կարևորեց նման հանդիպումները դպրոցում և ասաց. «Մայիսյան հաղթանակները մեր ժողովրդի համար եղել են ինքնության պահպանման գրավականներ, և կարևորելով Մեծ Հայրենականում մեր պապերի կերտած հաղթանակը, Արցախյան գոյամարտում Շուշիի, այնուհետև Բերդաձորի ու Լաչին-Բերձորի ազատագրումը 1992 թվականին՝ աշակերտներին ներկայացրել ենք հատկապես Բերդաձորի դերը Արցախ-Մայր հայրենիք միացման գործում:

Վիլեն Սիմոնյանը խոսեց Առնո Մկրտչյանի, եղծահողցի Հրաչ Պետրոսյանի, պատմեց Քաշաթաղի շրջանի ազատագրական մարտերի մասին, որին մասնակից էր նաև Բերդաձորի արդեն կազմավորված գումարտակը:

Դպրոցի պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանին հետաքրքրում էր, թե ինչպես էր զենք հայթայթվում, աշակերտուհի Աելիտա Բաբայանին` մեր մարտիկների վերաբերմունքը գերիների հանդեպ, Հռիփսիմե Մաթևոսյանին՝ ինչ զգացումներ են ունենում ազատամարտիկներն այսօր, երբ քայլում են իրենց ազատագրած Բերձորում: Տղաներից մեկն էլ ուզում էր իմանալ, թե այն ժամանակ թույլատրվում էր անչափահաս տղաները կամավոր մասնակցեն պատերազմին: Վերջինիս պատասխանեց Վ. Սիմոնյանը՝ ասելով, որ բերդաձորցի և առհասարակ արցախցի շատ պատանիներ են պաշտպանել իրենց տունը: Ես էլ իմ կողմից հավելեցի, որ 1993 թ. այս օրերին Քաշաթաղի տարածքի հարավային մասում դեռ թշնամին էր տերը, և ճակատային գծում, այսպես կոչված «Կոբրայի դիրքեր»-ում, անձրևաջրով լեցուն խրամատներում 10-ից ավելի պատանիներ էին հսկում Էջմիածնի շրջանի Ակնալիճ գյուղի (հրամանատար Գառնիկ Գառնիկյան. մարտիրոսվեց 1994թ.) «Արծիվ-19» ջոկատի կազմում:

Քաշաթաղի զինկոմիսարի տեղակալ, կապիտան Ստեփան Օհանջանյանը շեշտեց, որ հատկապես տղաները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն, քանի որ բանակ են զորակոչվելու, սահման են պաշտպանելու:

Հանդիպման վերջում Աելիտա Բաբայանը շնորհակալություն հայտնեց ազատամարտիկներին՝ Արցախյան գոյամարտին մասնակցելու և մեր հայրենիքը ազատագրելու համար, որտեղ ինքն ու իր ընկերները դպրոց են հաճախում, նաև հույս հայտնեց, որ մեր պատանիները կնմանվեն ազատամարտիկներին:

Արիության դասին ներկա էին դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, ՄԿԱԳ փոխտնօրեն Վարդուհի Հովհաննիսյանը, որի Տիգրան որդին այս պահին մարտական հենակետում է, զինղեկ Սամվել Պապիկյանը:

Զ. ԸՌՔՈՅԱՆ
ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի
փոխնախագահ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Բանակ և հասարակություն


14/05/2015