Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏԱ՛ ՎԱՂՎԱ ՕՐՎԱՆ



Մեղրիի Նռնաձոր գյուղում (Նյուվադի) Վոլոդյա Նիկողոսյանը եւ կինը` Թագուհին, ստեղծել էին ծնողազուրկ երեխաների «Վահան» մանկապատանեկան երիտասարդական կենտրոն, որտեղ պահում էին 12 երկկողմանի ծնողազուրկ երեխաների: Նրանցից երեքը` Կարապետյան Տամելան, Գառնիկն ու Անուշը Մարտակերտից էին, որտեղ պատերազմի օրերին կորցրել էին իրենց մորը, իսկ հայրը մեկնել էր անհայտ ուղղությամբ: Գառնիկը Նռնաձորի առաջին տղան էր, որ մեկնեց զինծառայության հայոց բանակում: Վոլոդյան ու Թագուհին, ամբողջ գյուղը պատվով ու փառքով, քեֆ-ուրախությունով Գառնիկին ճանապարհեցին բանակ: Նրանց հետ էին նաեւ Ամիրխանովա քույրերը` Իլոնան, Արեգան ու Նելլին, որոնք էլ Բաքվի փախստականներից էին: Բաքվի կոտորածներից հետո անհայտ էր մնացել նրանց Մարինե մայրիկի ճակատագիրը, եւ հայրը` Ալեքսանդրը, վերցնելով իր դուստրերին, եկել էր Երեւան, հետո վերահաստատվել Նռնաձորում, որտեղ էլ 33 տարեկանում մահացել էր` թողնելով իր երեք որբուկներին: Եվ Վոլոդյան ու Թագուհին իրենց երեխաների (իրենք էլ ունեն երեք երեխա) նման գուրգուրանքով շրջապատեցին ինչպես բոլորին, այնպես էլ քույրերին: Հետո քույրերից Իլոնան ու Նելլին Նռնաձորից դուրս ապրեցին իրենց կյանքը, իսկ Արեգան հաստատվեց Նռնաձորում: Ամուսինը` Արթուրը, Եղեգնաձորից է: Նրանք չորս զավակներ ունեն` չորս զինվորներ, որոնք ամրացնում են հավատը մեր վաղվա օրվա հանդեպ…

Գ.Շ.

Խորագիր՝ #13 (1082) 9.04.2015 – 15.04.2015, Ճակատագրեր


09/04/2015