Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԻՍՏԻ ԱՆԱՎԱՐՏ ԿՌԻՎԸ



ԿԱՄ ՇԱՀՈՒՄՅԱՆՆ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Պատերազմով անցած մարդիկ տարբեր են լինում. մեկը սիրում է ասել-խոսել, արտահայտվել, մյուսը լռակյաց է ու ինքնամփոփ, մյուսը չի կարողանում զսպել հոգու դառնությունն ու ցավը… Սեդրակ Հովսեփյանից իր մասին նույնիսկ աքցանով որևէ բառ չես կարող դուրս քաշել ու հենց որևէ հարց ես տալիս, անմիջապես վրա է բերում. «Արի փառք տանք մեր բոլոր զոհված տղաներին…»: Թվում է` ծրագրածս զրույցը չի կայանալու… Անակնկալ բախտս բերում է. մեզ է միանում Գեղամ Մուրադյանը` Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի գյուղխորհրդի վերջին նախագահը, որը նաև շրջանի հյուսիսային մասի պաշտպանության պատասխանատուն է եղել: Հենց նա էլ ներկայացնում է Սեդրակին:

-Երևանցի հասարակ տղա է, ծնվել է 1969թ., ծառայել է ԽՍՀՄ բանակում՝ Թբիլիսիի ուսումնական կենտրոնում: Այնտեղ էլ սովորել է տանկի մեխանիկ-վարորդի ու նշանառու-օպերատորի մասնագիտությունները: Շահումյանում իրավիճակը սրվեց 1988-ի Սումգայիթի վայրագություններից հետո: Խորհրդային իշխանությունները, կազմակերպելով հայերի ջարդը, ձգտում էին ստեղծել վախի մթնոլորտ և փակել Ղարաբաղի հարցը: 1988-92թթ., շուրջ չորս տարի խորհրդային բանակի Կիրովաբադում տեղակայված զորամասն ամեն ինչ անում էր Շահումյանը հայերից մաքրելու համար: Սեդրակը երբ եկավ, բանակից նոր զորացրված ջահել տղա էր: Նա մե՛կ Ալավերդիի կամավորականներին էր միանում, մե՛կ դաշնակցականներին, մե՛կ Կարոտի կամ մի այլ ջոկատի, իսկ մինչև Շահումյան գալը եղել էր Հատուկ գնդում, միլիցիայի հատուկ ջոկատում: Նա որևէ խմբի հանդեպ որևէ պարտավորություն չուներ, պարզապես ուզում էր մասնակցել ժողովրդի պաշտպանությանը, օգտակար լիներ ընդհանուր գործին,- ասում է Գեղամ Մուրադյանն ու լռում:

Հետո մարտընկերները կարոտով հիշում են Շահումյանը, Բուզլուխը, Մանաշիդը, Վերիշենը, Հայ Պարիսը, Էրքեջը… Վերհիշում են պաշտպանության կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Շահեն Մեղրյանին, Ֆելիքս Գզողյանին, Սերգեյ Չալյանին, Լեոնիդ Ազգալդյանին, Արմենակ Արմենակյանին, Թաթուլ Կրպեյանին, Հատուկ գնդի տղաներին, Ջիվան Աբրահամյանին, Լաերտ Սաղաթելյանին, Ռոմիկ Մարգարյանին, Կոլիկ Պետրոսյանին, Խաչիկ Սահակյանին, Նովիկ Գյուլումյանին, Համլետ Ստեփանյանին…

-Հնարավո՞ր էր պահել շրջանը:

-Միանգամայն, եթե խորհրդային զորամասը չկիրառեր ավիացիա, ծանր հրետանի, մասնավորապես՝ «գրադ» և ծանր տեխնիկա, տանկեր, ՀՄՄ-ներ: ՄԻԳ-29-ով, ուղղաթիռներով ցածր բարձրությամբ թռչում էին գյուղերի վրայով, ահաբեկում: Ֆորսաժից անտառի ու այգիների ծառերը ճկվում, գետնին էին կպչում…

-Ժողովուրդը հույսը Գեղամի հետ էր կապում, Գեղամին էր նայում, որ մի բան անի, խորհրդային զորքի հրամանատար գեներալի հետ լեզու գտնի,- ասում է Սեդրակը:

-Պարբերաբար գալիս, զենք ու Հայաստանից եկածների էին փնտրում: Մի քանի անգամ իրավիճակից դուրս գալու համար անմիջապես տուն եմ հրավիրել ու սեղան գցել, խորոված հյուրասիրել, որ տղերքը հասցնեն թաքնվել: Էդ ռուս զինվորականները թթի օղու համար գժվում էին: Մի անգամ էլ գեներալը եկավ ու մի շաբաթ մնաց. օղին անսպառ էր: Ռադիոկապով զորամասից հետը խոսում, կանչում էին, չէր գնում, ասում էր, թե՝ կարևոր գործողություններ է կատարում: Նայում էր աչքերիս մեջ ու ասում. «Նշանակություն չունի, որ այժմ քո հյուրն եմ, քո հետ ընկերություն եմ անում, քո տանն եմ մնում, եթե քեզ, քո ընտանիքին սպանելու առաջադրանք ստացա, այն կատարելու եմ»:

Գեղամը մի քիչ լռելուց հետո շարունակեց:

-Ոչ մի գյուղ առանց լուրջ պայքարի, դիմադրության չի հանձնվել: Բազմաթիվ մարտերից ներկայացնեմ ընդամենը երկուսը: 1991թ. հուլիսի վեցին բանակը զրահատեխնիկայով գրոհեց Բուզլուխի վրա: Ժամը 16-ն անց 30-ն էր: Մենք ընդամենը 13 միավոր զենք ունեինք և մինչև մութն ընկնելը դիմադրեցինք: Մեկ շաբաթ անց` հուլիսի 13-ին, եկան 17 տանկով, զինվորներով լեցուն «ուրալներով», զրահատեխնիկայով: Գյուղի առաջին տների մոտ կանգնեցին, որ բանակցեն: Ռուս գեներալի հետ Ադրբեջանի ՆԳՆ փոխնախարար Մամեդովն էր: Նրանց պահանջը նույնն էր՝ հանձնել զենքերը և հայաստանցիներին: Գեներալն ասաց, որ ադրբեջանցիները տների փողը տալիս են, թողեք գնացեք: Մենք չէինք համաձայնում: Եկավ Լ. Ազգալդյանն իր մարտիկներով: Այդ օրը կռիվ չեղավ: Հաջորդ օրը Վերիշենի բարձունքում հավաքվեցինք խորհրդակցության, որին մասնակցեց նաև Վազգեն Սարգսյանը: Քանի որ զինվորներն սկսել էին ժողովրդի վրա կրակել, ես չէի կարող պնդել, որ մարդիկ չլքեն գյուղերը: Կռիվ տվեցինք Էրքեջում, բայց Բուզլուխը, Մանաշիդը և Էրքեջը ստիպված էինք լքել: Փոքր խմբերով հետախուզում, դիմադրում, կռվում ու մանևրում էինք: Նրանց ուղղաթիռն էր մեր տեղը հայտնաբերել: Զորքը հարձակվեց զրահատեխնիկայով, իսկ ուղղաթիռներով դեսանտ իջեցրեց: Սեպտեմբերի կեսերին մշակեցինք գործողության պլան և հետ վերցրինք Վերիշենի բարձունքը, որից հետո քսանհինգ հոգով ազատագրեցինք մեր գյուղը: Կարող եմ ասել, որ այդ շրջանում մենք փոքր ուժերով, թեթև զենքերով լավ զինված բանակային ստորաբաժանումների դեմ մարտնչում էինք հերոսաբար, իսկ մեկ տարի անց՝ 1992թ. հունիսի 13-ին, Մանաշիդը ետ վերցրինք ու պահեցինք ուղիղ մեկ տարի:

Սեդրակը չէր կարողանում նույն տեղում երկար մնալ ու տարբեր ջոկատների էր միանում, եթե զենքը չէր բավականացնում, անզեն մարտական հերթապահության էր գնում: Շատ էր ձգտում Կարոտ Մկրտչյանի հետ գնալ, որովհետև սիրում էր Կարոտի երգը: Նա մասնակցել է հիշատակածս բոլոր մարտերին: Այժմ չգիտեմ, թե որտեղից մերոնք մի տանկ էին ճարել ու բերել Շահումյան: Մի օր էլ պաշտպանության շտաբի պետ Սերգեյ Չալյանը եկավ: Հետաքրքրվել ու իմացել էր, որ Սեդրակը տանկից հասկանում է: Այդպես Սեդրակը դարձավ տանկի նշանառու-օպերատորը, և որտեղ կռիվ էր, տանկն այնտեղ էր:

-Սկզբում ռուս մասնագետների էին բերում, որ տանկը կարգի բերեն: Նրանք էլ միտումնավոր թափում էին հիդրավլիկ եղանակով աշխատող նշանոցի հեղուկը, ու նշանոցը մի կերպ էի պտտեցնում,- հիշում է Սեդրակը:

-Իսկ մեխանիկն ո՞վ էր, -հարցնում եմ:

-Շահումյանցի Արսենն էր. մեխանիկ եմ ասել, տանկը օդով էր տանում: Ասեմ, հաճախ հենց Արսենի պես խենթերն էին մարտերի ելքը որոշում, իսկ մեր ունեցած միակ տանկը, փաստորեն, իր գործն անում էր:

Սեդրակը վիրավորվել է 1992 թվականի հունիսին, շրջանի անկման վերջին օրերին:

-Հայ Բարիսում կռիվ էր: Մի բարձունք կար, որի վրայից երևում էր մարտադաշտը: Տանկը կանգնեցրինք այնպես, որ հակառակորդը չտեսնի, ու ես առաջացա, որպեսզի տեսնեմ, թե ինչ է կատարվում: Այդ ժամանակ էլ վիրավորվեցի գլխից ու ձեռքից: Խորհրդային բանակի «գրադներն» աշխատում էին առանց դադարի: Ինձ տեղափոխեցին Շահումյանի հիվանդանոց: Այնտեղ հանդիպեցի Գեղամին, նա էլ էր վիրավորվել: Հիվանդանոցը լիքն էր վիրավորներով: Շահեն Մեղրյանը եկավ ու որոշեց ծանր վիրավորներին տեղափոխել Գյուլիստան: Այդ ընթացքում հիվանդանոցն էլ ռմբակոծվեց: Վերևից` ուղղաթիռի միջից, տեսնում էի, թե ինչպես են արկերն ընկնում քաղաքի վրա…

-Իսկ ի՞նչ եղավ տանկը:

-Հակառակորդին այդպես էլ չհաջողվեց խոցել մեր տանկը: Այն շարունակեց կռվել և Շահումյանից հեռացավ ժողովրդի հետ, այնուհետև մասնակցեց ԼՂՀ պաշտպանությանն ու ազատագրմանը:

Սեդրակը, Գեղամը, նրանց մարտընկերները այսօր էլ ապրում են չքնաղ Շահումյանը՝ կախարդական Սառցե աղբյուրը (Բուզլուխը) ազատագրելու երազանքով: Այդ երազանքը կա՛մ իրենք են իրականացնելու, կա՛մ նրանց որդիները:

Արամ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #13 (1082) 9.04.2015 – 15.04.2015, Ճակատագրեր


09/04/2015