Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹ ՆՅՈՒ ՅՈՐՔԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՎ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին աշխարհի ոչ պաշտոնական մայրաքաղաք Նյու Յորքն անցյալ շաբաթ դարձավ խոշոր հայկական միջոցառումների կենտրոն:

Մարտի 10-ին Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, գործարարներ Ռուբեն Վարդանյանը (Մոսկվա) և Նուբար Աֆեյանը (Բոստոն) ազդարարեցին «100 կյանք» (100 LIVES) նախաձեռնության մեկնարկը:

Կազմակերպիչները նախատեսում են հավաքել ուշագրավ պատմություններ Հայոց ցեղասպանությունը վերապրածների և նրանց փրկիչների, այդ թվում՝ որոշ թուրքերի մասին: «100 կյանք» նախագիծը սահմանում է 1 միլիոն դոլար արժողությամբ ամենամյա մրցանակ, որը կհանձնվի այն անձանց, ովքեր իրենց կյանքը վտանգի ենթարկելով փրկել են այլոց կյանքը աշխարհի ցանկացած մասում: 2016 թ. ապրիլի 24-ին հայտնի դերասան և հասարակական գործիչ Ջորջ Քլունին Երևանում կհանձնի առաջին՝ «Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակը»: Ակնկալվում է, որ այս մրցանակաբաշխության հաղթողները, որն իր անվանումն ստացել է ի պատիվ ցեղասպանությունից փրկված Ավրորա Մարդիգանյանի, որը 1919 թվականին նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում, 1 միլիոն դոլար մրցանակը կփոխանցեն այն կազմակերպությանը, որի գործունեությունից նրանք ամենից շատ են ոգեշնչվել իրենց մարդասիրական նախաձեռնություններում:

Այս հատուկ մրցանակին ամենից արժանի հավակնորդային ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Ջորջ Քլունին և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Կոստա Ռիկայի նախկին նախագահ Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին և դոկտոր Գրեգորյանը:

«100 կյանք» նախագծի հիմնադիրները նաև նախատեսում են իրականացնել աշխարհի բազմաթիվ երկրների արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ միլիոնավոր փաստաթղթերի թվայնացման հսկայական աշխատանքը:

Միջոցառման մեկնարկին ներկա էին հոլիվուդյան հանրաճանաչ աստղեր, Նյու Յորքի անվանի անձնավորություններ և հայտնի լրագրողներ CNN-ից, «CBS 60 րոպե» հեռուստաշոուից և «Թայմ» շաբաթաթերթից: Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը մասնակցեցին հեռուստատեսային մի քննարկման, որը վարում էր «Վաշինգտոն վիկ»-ի (Washington Week) գլխավոր խմբագիր և PBS NewsHour հեռուստածրագրի համահաղորդավար ու համախմբագիր Գվեն Իֆիլը:

Ահա համառոտ հատվածներ Ջորջ Քլունիի ելույթից.

«Հայաստանի մասին տեղեկացա իմ ընկերներից մեկի՝ Բոբ Մանուկյանի միջոցով, որը հավանաբար օգտվելով այն ժամանակվա իմ անտեղյակությունից, ասաց՝ «դու ծանոթ ես որոշ սենատորների, միգուցե կարողանաս խոսել նրանց հետ՝ Սենատում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար»: Ես փորձեցի… Այնքան էլ լավ չստացվեց, ինչպես պատկերացնում եք: Պարզվեց՝ մենք մի քանի ռազմակայան ունենք Թուրքիայում, որի մասին ես չգիտեի: Ինջիրլիկ, ով իմանար… Ես ցնցված էի: Եվ այդպես սկսեցի ավելի շատ տեղեկանալ Հայաստանի մասին ընկերական կապերի միջոցով: Ես դանդաղ առաջ էի գնում այս գործում… Միայն այն պատճառով, որ «ցեղասպանություն» բառը հորինվել է ողբերգական դեպքերից 30 տարի ուշ, չի նշանակում, թե այն տեղի չի ունեցել… Կինս չգիտեր, որ ես հանդիպում էի Ռուբենի հետ: Նա Ստրասբուրգ մեկնելու պատրաստությունների մեջ էր՝ Եվրոպական դատարան, որպեսզի պայքարի իսկական հայանպաստ, հետաքրքիր գործի համար: Երբ Լոս Անջելեսում մեքենաս էի կայանում, տեղի աշխատակիցները բոլորը հայեր էին, նրանք մոտենում էին ինձ ու ասում. «Ես կուզենայի համբուրել Ձեր կնոջը… Դուք կարիք չունեք վճարելու կայանատեղի համար»:

«100 կյանք» նախագծի մեկնարկը լուսաբանեցին միջազգային լրատվամիջոցները, այդ թվում՝ «Նյու Յորք թայմսը»: Ես զարմացած էի, երբ Վաշինգտոնի խոշոր պարբերականի՝ «Հիլ» (The Hill) թերթի առաջին էջում տեսա իմ լուսանկարը՝ Ջորջ Քլունիի հետ ձեռքսեղմման պահին: Ամալ Քլունիի հետ զրույցի ժամանակ ես երախտագիտությունս հայտնեցի նրան՝ վերջերս Ստրասբուրգում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում նշանավոր միջազգային փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի հետ միասին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու համար:

Նույն շաբաթվա վերջում Նյու Յորքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի «Պատասխանատվություն 2015» համաժողովը, որը տևեց երեք օր, և որի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 50 հանրահայտ մտավորականներ, իրավաբաններ, գրողներ, արվեստագետներ, լրագրողներ և հասարակական գործիչներ ամբողջ աշխարհից, որոնք լուսաբանեցին տարբեր ցեղասպանություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշանավոր բանախոսների թվում էին Դավիթ Բալաբանյանը, Դավիթ Բարսամյանը, Էրիկ Պողոսյանը, Քրիս Բոջալյանը, Իսրայել Չարնին, Դևիդ Գոնտը, Արամ Համբարյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Ռայմոնդ Գևորգյանը, Չառլի Մահտեսյանը, Մարկ Մամիկոնյանը, Խաչիկ Մուրադյանը, Մերի Փափազյանը, Ջեֆրի Ռոբերտսոնը, Ռոջեր Սմիթը և Հենրի Թերիոն: Ինձ համար մեծ պատիվ էր գտնվել նման նշանավոր մարդկանց շրջապատում և զեկուցել «Անհատական և խմբային փոխհատուցման» մասին:

Համաժողովի զեկուցողների թվում էին նաև մի քանի թուրք մտավորականներ, որոնք շատ բովանդակալից զեկույցներ ունեցան Հայոց ցեղասպանության մասին:

Թարգմանությունը՝
Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Պատմության էջերից


19/03/2015